Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2024 թ. 6-րդ համարը
Յունիսի 25-ից համացանցային էջին է «Դրօշակ»-ի 2024 թւականի 6-րդ համարը: Բնականաբար համարի ասելիքի առանցքում հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձութիւններն են՝ իշխանութիւնների վարած կործանարար քաղաքականութիւնը, Հայաստանում ընթացք առած Սրբազան պայքարը, նրա գրանցած արդիւնքներն ու շարժման ապագայի խնդիրները: Այս թեմային է նւիրւած համարի Առաջնորդողը, իսկ Անի Մելքոնեանը անդրադառնում է դաւաճան իշխանութիւնների օրօք Հայաստանում սկիզբ առած ազատագրական պայքարի անցած ճանապարհին, այդ ճանապարհի տարբեր հանգրւաններին:
Քաղաքագէտներ Վարդան Յակոբեանի եւ Սարգիս Սարգսեանի յօդւածները ընդգրկուն վերլուծութիւններ են ներկայումս աշխարհում տեղի ունեցող գլոբալիստական եւ հակագլոբալիստական հոսանքների մեծ բախման մասին եւ այդ բախման կենտրոնում, երկրի բախտախնդիր իշխանութիւնների մեղքով յայտնւած, Հայաստանի վտանգւած ճակատագրին:
Իրանագէտ Լիանա Պետրոսեանը ներկայացնում է ներկայ օրերում Ադրբեջանում տեղի ունեցող շիայական մեծամասնութեան նկատմամբ իրականացւող լայնածաւալ հալածանքների ու ճնշումների պատկերը: Իրանագէտ Նարէ Գէորգեանն էլ հարեւան Իրանում յունիսի 28-ին տեղի ունենալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին ներկայացնում է այս գործընթացը եւ այն վեց թեկնածուներին, որոնցից մէկն արդէն միւս շաբաթ կը ղեկավարի մեզ դրացի ու բարեկամ երկիրը:
125 տարի առաջ յունիսի մէկին (նոր տոմարով 13-ին) է ծնւել հայ արձակի անկրկնելի վարպետ Ակսել Բակունցը: Եղերաբախտ գրողի ապրած կեանքի ու ստեղծագործական ճանապարհի սեղմ, միաժամանակ մանրակրկիտ տարեգրութիւնն է ներկայացնում գրականագէտ Դաւիթ Գասպարեանը: Սա հեղինակի եւ «Դրօշակ»-ի յարգանքի համեստ տուրքն է հայ արձակը գեղարւեստական նոր բարձունքներ դուրս բերած մեծ հայորդու յիշատակին:
Անցած տարին յոբելեանական էր «Սփիւռքի» ամենանշանաւոր գրական պարբերականներից մէկի «Բագին» ամսագրի համար: Թէ ինչ դիտանկիւնից է Բագինի վաստակը արժեւորում մշակութաբան Մովսէս Ծիրանին յուշում է յօդւածի համար ընտրւած վերնագիրը. «Բագին»-ի 60-ամեակի առիթով. «Բագին»-ը եւ Խորհրդային Հայաստանի մտաւորականութիւնը»: Որպէս այդ ժամանակի եւ շօշափւող իրադարձութիւնների գործուն դերակատար հեղինակը մանրամասնում է յատկապէս «Բագին»-ի եւ հայաստանեան մտաւորականութեան կապը խորհրդային երկաթայ վարագոյրների պայմաններում:
ՀՅԴ պաշտօնաթերթում այս անգամ զգալի տեղ գրաւած մշակութային հատւածի ուշագրաւ նիւթերի շարքից է նաեւ գրող, հրապարակախօս եւ ճարտարապետ Վրէժ-Արմենի կողմից Աշոտ Գրիգորեանի «ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆԽԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ» հետաքրքրական գրքի ներկայացումը հայ ընթերցողին, ոլորտով հետաքրքրւող լայն շրջանակներին: Այս դէպքում գրքի վերնագիրը յուշում է, թէ ինչի մասին է մասնագիտական իմացութեամբ եւ մատչելի ձեւով մեզ ներկայացւող յօդւածը: Այնպէս, որ դարձեալ զերծ մնալով աւելորդ մանրամասնումներից «Դրօշակ»-ի ընթերցողին հրաւիրում ենք հանդիպման պաշտօնաթերթի նոր հրատարակութեան հետ:
«Դրօշակ»-ի 2024 թ. 6-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ: