Արաղչին՝ Թեհրանում Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպումից յետոյ. Իրանը կարեւորում է հարեւանների կայունութիւնը, անկախութիւնը եւ հզօր ինքնիշխանութիւնը

Parstoday.ir-ի համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Այն ալ-Ասադ բազայից ամերիկեան զօրքերի տարհանումը եւ դրան Իրաքի կառավարութեանը յանձնումը համարել է այդ երկրի կայունութեան, քաղաքական ինքնիշխանութեան եւ անկախութեան ամրապնդման նշան եւ ընդգծել է, որ Իրանը միշտ ցանկանում է, որ իր հարեւանները, այդ թւում՝ Իրաքը, լինեն կայուն, անկախ եւ ունենան հզօր ինքնիշխանութիւն։
Կիրակի օրը, Թեհրանում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսէյնի հետ հանդիպումից եւ խորհրդակցութիւններից յետոյ, Սէյէդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով երկու երկրների միջեւ ընդլայնւող յարաբերութիւններին, ասաց, որ Իրանի եւ Իրաքի սահմանները դարձել են բարեկամութեան եւ համագործակցութեան սահմաններ տնտեսական, առեւտրային եւ ժողովրդական տարբեր ոլորտներում, եւ Թեհրանը պատրաստ է համապարփակ զարգացնել այդ համագործակցութիւնը։ Անդրադառնալով տարածաշրջանում Իրաքի աճող դերակատարութեանը, Արաղչին ընդգծեց, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Բաղդադի հետ՝ տարածաշրջանային երկրների տեսակէտները մերձեցնելու հարցում։
Ըստ աղբիւրի՝ Արաղչին, անդրադառնալով երկու երկրների ընդհանուր շահերին եւ անվտանգութեան մարտահրաւէրներին, նշեց որ Իրաքն ունի անհրաժեշտ կարողութիւններ՝ երկարատեւ կայունութեան հասնելու համար եւ ընդգծեց ժողովրդի տեղաշարժի հեշտացումը եւ տնտեսական յարաբերութիւնների ընդլայնումը։ Այս հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը նաեւ Իրանի եւ Իրաքի անվտանգութիւնը անւանեց անբաժանելի եւ կոչ արեց շարունակել խորհրդակցութիւնները՝ տարածաշրջանային մարտահրաւէրներին դիմակայելու համար։



