Բագրատ Սրբազան. «Արցախը պարզապէս յանձնեցին»
«ԱԼԻՔ» – Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երէկ՝ օգոստոսի 7-ին, հանդիպել է Երեւանի Դաւթաշէն թաղամասին բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում, Սրբազանն անդրադարձել է Արցախի թեմային՝ շեշտելով, որ ՀՀ գործող իշխանութիւններն Արցախը պարզապէս յանձնել են թշնամուն:
«Այո, ես հիմա ուղիղ ասում են՝ յանձնեցիք, Արցախը յանձնեցիք։ Արցախը պատերազմով պարտւելիք չէր։ Եւ ես վստահաբար եմ ասում բոլոր այն ստահակներին, ովքեր ասում էին՝ մենք չէինք կարող ոչ մի բան անել։ Բոլոր այդ ստահակներին եմ ասում՝ լինեն զինւորական, թէ քաղաքական գործիչ, թթխմորի պէս մարդիկ՝ խխունջի մէջ ապրող լպրծուն մարդիկ, ովքեր այդպէս են ասում՝ այո, Արցախը յանձնւել է։ Ուղղակի յանձնւել է։ Պատերազմով է յանձնւել, վերջում էլ՝ վախեցնելով, սարսափով, ուղղակի հեռախօսներով եւ համակարգիչների առջեւ նստած՝ յանձնւել է։ Նեռը իր որդիներով յանձնել է։ Ոչ միայն Արցախը՝ Տաւուշն էլ՝ իր շրջաններով եւ մնացած հատւածները մեր հայրենիքի, սա որպէս փաստ այլեւս արձանագրում ենք»,- ասել է նա։
Բագրատ Սրբազանի խօսքով՝ ինքը ժամանակին կարծել է, թէ իշխանութեան ապիկարութեան հետեւանքով է Արցախն ընկել, սակայն հիմա համոզւել է՝ Արցախը պարզապէս յանձնել են․
«Սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են։ Բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարւել»,- յաւելել է նա։
Բագրատ Սրբազանը նաեւ խօսք է ուղղել քաղաքական գործիչներին. «Անդադար յիշեցնելու եմ քաղաքական դաշտում գտնւող մեր սիրելի գործիչներին՝ պատկերացրէք ինչի մասին է մեր կեանքը եւ պատկերացրէք այս պայքարի բովանդակութիւնը։
Հրաժարւէք ձեր բոլոր գործած մեղքերից եւ պատասխանատւութեամբ մաս կազմէք այս շարժմանն առանց հաւակնութիւնների, որպէս պարզ քաղաքացիներ, որպէս հայ մարդիկ, որպէս բարիքի հաւատացող մարդիկ, որպէս արարումին հաւատացող մարդիկ, որպէս պետութեան տեսիլք ունեցող մարդիկ, որպէս Աստւած սիրող մարդիկ, որպէս միմեանց սիրող ու պատիւ ընծայող մարդիկ»,- ասել է նա:
Սրբազանը կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ սահմանամերձ գիւղեր կատարած այցերին. «Երկու օր առաջ նեռը (Նիկոլ Փաշինեան) հանդիպել էր Բերքաբերի ժողովրդին եւ դարձեալ պետութեան ամբողջ սահմանի կառուցւածքը, պետութեան գոյութիւնը դրել էր մի քանի գիւղացիների ուսերին, որպէս պարտաւորութիւն եւ պատասխանատւութիւն:
Սա խաբէութիւն է, երբ մարդը ամբողջ հայրենիքի գոյութեան պատասխանատւութիւնը դնում է մի քանի գիւղացիների ուսերին»,- ասել նա՝ յստակեցնելով. «Նեռը պէտք է հեռանայ մեր կեանքից, չարիքը պէտք է հեռանայ մեր կեանքից: Բարիքը պէտք է յաղթի, բարիքի ձգտող ժողովուրդը չի կարող չարիքի պաշտամունք ունենալ: Այդ անպէտք կուռքի մասին Սուրբ գիրքն է խօսւմ, որ կուռքերը սարքեցինք մարդկանց կերպարանքներով կամ այլ տեսքով եւ սկսեցինք պաշտել: Եւ դա չարիքի ամենամեծ արտայայտութիւնն է մեր կեանքում»: