Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Արտահերթ ընտրութիւնների թեման քննարկւում է իմպուլսիւ ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախւած հնարաւորութիւն։ Ինչո՞ւ է այդպէս. մի երկրում, որտեղ մէկ հոգին առանց որեւէ դիմադրութեան կայացնում է իրեն յարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պէտք է այս հարցում տատանւի կամ հաշւի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդէմ իր շահի։ Ամենայն հաւանականութեամբ՝ կայ պատճառ։
Արդեօք որոշումը կայացւում է Երեւանո՞ւմ
Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, եւ ամենակարեւորը՝ Վաշինգտոնեան ստորագրումներից յետոյ ստեղծւել է նոր իրականութիւն, որտեղ ծագում է հարց՝ արդեօք արտահերթ ընտրութիւնների որոշումը կայացւում է Երեւանո՞ւմ։
Միանշանակ է, որ ՀՀ իշխանութեան նեղ խումբը կը ցանկանայ արտահերթ ընտրութիւններ, եւ դրա համար նրանք ունեն փաստարկներ.
1. Կայ որոշակի յետփաստաթղթային ֆոն, «բերւած խաղաղութեան լեգենդը», եւ այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։
2. Իշխանութիւնը բանտերը լցրել է ակտիւ դէմքերով, կոպիտ ասած՝ ակտիւութիւնը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տեւել, արդէն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», եւ դատավարութիւնները սկսում են աշխատել յօգուտ դատւողների։
3. Նոր ձեւաւորւող պոտենցիալ ուժերը դեռեւս ձեւաւորւած չեն, եւ տրամաբանական կը լինէր ընտրութիւններն անցկացնել առանց նրանց։
Թւում է, թէ միայն այս երեք կէտերը բաւարար են, որպէսզի իշխանութիւնը գնայ արտահերթի (թէեւ սա նոյնպէս չի երաշխաւորում յաջողութիւն, սակայն հերթականով շատ աւելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարեւոր բան նրան յետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։
Հայեացք դրսից
Փորձենք հասկանալ Վաշինգտոնեան ստորագրութեան միւս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, յատկապէս՝ Թրամփի, ստորագրումից յետոյ արտահերթը կը նշանակի «թռնել» պայմանաւորւածութիւններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջեւում մէկ տարի ունես՝ ինտենսիւ զբաղւիր ստորագրւածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անել։
Պատկերացրէք Թրամփի ռեակցիան, եթէ մեծ շուքով, նոբէլեան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը յայտարարի արտահերթ ընտրութեան մասին եւ մեծ հաւանականութեամբ պաշտօնանկ արւի։ Հետեւաբար, ամերիկեան կողմը կտրուկ դէմ է լինելու արտահերթին։
Ալիեւի պարագայում գրեթէ նոյն վիճակն է, իհարկէ՝ որոշ առանձնայատկութիւններով։ Իշխանութեան նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լաւ աշխատող փաստարկները Ալիեւի համար արդէն կորցնում են ակտուալութիւնը։ Այ սա է հէնց իրավիճակի փոփոխութեան կարեւոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպէսզի վերարտադրւեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիեւն արդէն թղթի վրայ ստացել է այն ամէնը, ինչ ուզում էր։ Եւ հիմա նա շահագրգիռ է ոչ թէ Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրւածի իրականացմամբ։ Մէկ տարին բաւարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրայ կեանքի կոչելու համար։
Նիկոլի հակափաստարկին՝ թէ բա որ հերթական լինի, ես կարող է չընտրւեմ, լուռ պատասխանում են՝ դա արդէն քո պրոբլեմն է։ Ալիեւն ու Թրամփը ստացել են թղթի վրայ՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։
Եթէ առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չէք ստանայ ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։ Հիմա նրանք ուզում են ոչ թէ ստորագրութիւն, այլ՝ ստորագրւածի ինտենսիւ իրականացում։ Սրանք լրիւ տարբեր բաներ են, եւ ուզում են այս մէկ տարում հրապարակւած եւ չհրապարակւած պայմանաւորւածութիւնների իրականացում։ Եւ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եւ իհարկէ, այս բոլորին միասին ընդհանրապէս չեն հետաքրքրում Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկութիւնները։