ՄիջազգայինՔաղաքական

Ուիթքոֆ. «Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի 5 շրջանների հարցում եւ խոստացել անվտանգութեան «յուսալի երաշխիքներ»»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում համաձայնել է հնարաւոր խաղաղութեան համաձայնագրի շրջանակներում Ուկրաինային տրամադրել Միացեալ Նահանգների կողմից «անվտանգութեան յուսալի երաշխիքներ»: Օգոստոսի 17-ին CNN-ին յայտնել է ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆը։

«Մենք պայմանաւորւել ենք անվտանգութեան յուսալի երաշխիքների շուրջ, որոնք ես կը բնութագրէի որպէս խաղի կանոնները արմատապէս փոխող»,- ասել է Ուիթքոֆը՝ անվտանգութեան երաշխիքները բնութագրելով որպէս ռուսաստանեան հետագայ ներխուժումից «Յօդւած 5»-ի տիպի պաշտպանութիւն։

Նա ասել է, որ Պուտինը նաեւ համաձայնել է, որ Ռուսաստանը հնարաւոր խաղաղութեան համաձայնագրի շրջանակներում «օրէնսդրօրէն կամրագրի» Ուկրաինայի կամ Եւրոպայի որեւէ այլ տարածք մուտք գործելու արգելքը։

Ըստ եւրոպացի պաշտօնեաների, որոնք ծանօթ են իրենց գործընկերների հետ հանդիպման վերաբերեալ Թրամփի հաշւետւութիւններին, ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գրեթէ երեք ժամ տեւած գագաթնաժողովի ընթացքում Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հետ «տարածքների փոխանակման» իր պահանջները՝ այդ թւում պնդելով, որ Ուկրաինան հրաժարւի Դոնբասից։

Պուտինն ասել է, որ դրա դիմաց ինքը պատրաստ կը լինէր սառեցնել ճակատի ներկայիս գծերը Ուկրաինայի մնացած տարածքում՝ Խերսոնի եւ Զապորոժիէի մարզերում, եւ կը համաձայնէր այլեւս չյարձակւել Ուկրաինայի կամ եւրոպական այլ երկրների վրայ։

Սակայն նա չի հրաժարւել Ուկրաինայում պատերազմի, ինչպէս Ռուսաստանն է անւանում, «սկզբնապատճառները» վերացնելու պահանջից՝ կրճատել Ուկրաինայի զինւած ուժերի թիւը՝ ապահովելով նրա հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից եւ չէզոք պետութիւն դառնալը։

Related Articles

Back to top button