Եկեղեցու դէմ պատերազմում Նիկոլ Փաշինեանի յոյսը մնացել են մի քանի «աբիժնիկները»

Հայ Առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինեանի յայտարարած պատերազմի այս փուլում ակնյայտ դարձաւ, որ թէ՛ Եկեղեցին, թէ՛ ազգային, հայամէտ ուժերը միակամ են՝ ընդդէմ հակաեկեղեցականութեան ու հակահայկականութեան: Սա, մեր տեղեկութիւններով, աւելի է նեարդայնացնում Նիկոլ Փաշինեանին, որը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ-ն, գրաւել նաեւ այս միակ կառոյցը, որը չի կարողացել «իրենով անել», Կաթողիկոս դարձնել մէկին, որը հլու-հնազանդ կը լինի այն ամէնի հանդէպ, ինչ անում է երկրի ու պետութեան հետ Նիկոլ Փաշինեանը:
Այդ ճանապարհին նա փորձում է մի կողմից՝ պառակտում մտցնել Եկեղեցում, միւս կողմից՝ գտնել «աբիժնիկներ» (բարդոյթաւորներ-ԽՄԲ.), որոնք այս կամ այն պատճառով նեղացած են Կաթողիկոսից: «Աբիժնիկներ» գտնելու հարցում Փաշինեանը արտաքուստ յաջողել է. նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին կարգալոյծ են եղել (դրանցից մէկը՝ նոյնիսկ երկու անգամ) տարբեր պատճառներով, ու հիմա նրանց իշխանական մի լրատւամիջոցից միւսն են «պտտեցնում», որ վարկաբեկեն Կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների: Աւելին, այդ քարոզչութեանը միացել է նաեւ Հ1-ը: Ճիշտ է, նման հարցազրոյցներից յետոյ շատ արագ բացայայտւում են կարգալոյծների ստերը, սակայն Փաշինեանի համար դա ի՞նչ է որ, կարեւորը աղմուկն է:
Զուգահեռ, մեր տեղեկութիւններով, նա փորձում է Եկեղեցու ներսում եւս գտնել այդպիսի «աբիժնիկներ» եւ ներքին պառակտում սերմանել: Դրա շրջանակներում էր նաեւ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացեալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ նրանք չեն խաբում ո՛չ ժողովրդին, ո՛չ Աստծուն» գրառումը։ Սակայն, մեր աղբիւրների փոխանցմամբ, Փաշինեանին այս առումով դեռ ոչինչ չի յաջողւում անել:
«Փաստ»