ՄիջազգայինՔաղաքական

Լաւրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դէմ բոլոր պատժամիջոցները պատերազմն աւարտելու դիմաց

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը պատրաստ է աւարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրւել են երկրի վրայ: Այս մասին Newsweek պարբերականին տւած հարցազրոյցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

Նա նաեւ յիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնաւորապէս, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիէի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինւած ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի արտաբլոկային եւ միջուկազերծ կարգավիճակը, ինչպէս նաեւ երկրի ապառազմականացումն ու ապազգայնականացումը։

«Կիեւն այս յայտարարութեանը պատասխանել է օգոստոսի 6-ին Կուրսկի մարզ ներխուժմամբ։ Նրա հովանաւորները՝ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի միւս երկրները, ձգտում են ռազմավարական պարտութեան մատնել Ռուսաստանին։ Այս պայմաններում մենք այլ ընտրութիւն չունենք՝ մեր յատուկ գործողութիւնը այնքան ժամանակ շարունակելուց բացի, քանի դեռ Ուկրաինայի սպառնալիքը չի վերացւել»,- ասել է Լաւրովը։

Նրա խօսքով՝ պատերազմն Ուկրաինայի դէմ Ռուսաստանի համար «իր ժողովրդի եւ անվտանգութեան կենսականօրէն կարեւոր շահերի պաշտպանութիւնն» է։ Ընդորում, նա դժգոհել է, որ ամէն անգամ, երբ Մոսկւան բոլորին ձեռնտու համաձայնագիր է կնքում, «Կիեւը եւ նրա տէրերը նահանջում են»։ Նա որպէս օրինակ բերել է Մինսկի համաձայնագրերը, որոնք արժանացել են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հաւանութեանը, ինչպէս նաեւ Ստամբուլում 2022 թւականի մարտին նախաստորագրւած խաղաղութեան պայմանագիրը։

«Խաղաղութեան վերականգնումը չի մտնում մեր հակառակորդի պլանների մէջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի չեղարկել Մոսկւայի հետ բանակցութիւնների արգելքի մասին իր հրամանագիրը։ Վաշինգտոնը եւ նրա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները քաղաքական, ռազմական եւ ֆինանսական աջակցութիւն են ցուցաբերում Կիեւին, որպէսզի պատերազմը շարունակւի»,- ասել է Լաւրովը։ Նա յիշեցրել է, որ քննարկւել է, որպէսզի Ուկրաինայի ԶՈՒ-ին թոյլ տրւի մեծ հեռահարութեան արեւմտեան հրթիռներով խփեն ռուսական տարածքի խորքին։

«Կրակի հետ խաղն» այսպիսով կարող է յանգեցնել վտանգաւոր հետեւանքների։ Ինչպէս յայտնել է նախագահ Պուտինը, մենք համարժէք որոշումներ կընդունենք՝ ելնելով Արեւմուտքի կողմից սպառնալիքի մեր ընկալումից։ Եզրակացութիւնները դուք պէտք է անէք»,- ամփոփել է ՌԴ արտգործնախարարը։

Related Articles

Back to top button