Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մենք խօսում ենք մեր ներկայի մասին, որ խեղում է հարիւրաւոր կեանքեր

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ՀՀ ԱԺ պատգամաւոր

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Նոյեմբերի 21-ին ունեցել եմ բարդ աշխատանքային օր, եւ ուզում եմ կիսւել հակասական զգացողութիւններով։

Մի կողմից, հնարաւորութիւն եմ ունեցել՝ բարձրաձայնելու Հայաստանում քաղբանտարկեալների՝ օր-օրի վատթարացող վիճակի մասին, միւս կողմից առչնւել եմ իշխող քաղաքական ուժի անհաղորդ, քարացած դիրքորոշմանը։

Հայաստանի Հանրապետութիւնում ահագնացել են քաղաքական ճնշումները: Անհերքելի է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկեալներ, եւ դա ոչ միայն քաղաքական յայտարարութիւն է, այլ փաստարկւած իրաւական իրողութիւն։ 60-ից աւելի ՀՀ քաղաքացի քաղաքական դրդապատճառներով ենթարկւում է քրէական հետապնդման, նրանից գրեթէ 40-ը անազատութեան մէջ են։ Այս խնդիրներն եմ այսօր ներկայացրել ՀՀ ԱԺ պետաիրաւական յանձնաժողովի նիստի ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետութիւնում առկայ քաղբանտարկեալների եւ նրանց խախտւած իրաւունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցութեան յայտարարութեան նախագծով։

Հայաստանում այսօր կան մարդիկ, որոնք կալանաւորւած են կամ հետապնդւում են ոչ թէ յանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խօսքի ու դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկայ է խտրական եւ տարբերակւած մօտեցում. նրանք դասական քաղբանտարկեալներ են։

Քաղբանտարկեալի կարգավիճակը հաւաստւում է ԵԽԽՎ 2012 թւականին ընդունած թիւ 1900 բանաձեւով, որով փաստւում է, որ անձը քաղբանտարկեալ է, եթէ՝

– Կալանաւորումն իրականացւել է ՄԻԵԿ եւ նրա արձանագրութիւնների մէջ արտացոլւած հիմնարար երաշխիքներից որեւէ մէկի խախտմամբ, բացառապէս քաղաքական պատճառով՝ առանց որեւէ յանցանքի հետ կապելու:

– Քաղաքական շարժառիթներով կալանաւորման ժամկէտը կամ պայմանները ակնյայտօրէն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչւել է կասկածեալ կամ մեղադրեալ:

– Քաղաքական շարժառիթներով անձը կալանաւորւել է խտրականօրէն՝ համեմատած այլ անձանց հետ եւ կալանաւորումն ակնյայտօրէն անարդար ընթացակարգերի արդիւնք է, ինչը կապւած է իշխանութիւնների քաղաքական շարժառիթների հետ։

Այս ամէնին գումարենք Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին կոնւենցիայի 18-րդ յօդւածը եւ դրանից բխող՝ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի նախադէպային որոշումների կիրառելիութիւնն ու վերաբերելիութիւնը:

Քաղբանտարկեալներից շատերը մարդկանց յայտնի են, սակայն կան անուններ, որոնք քչերն են լսել։ Ցանկը ցաւալիօրէն երկար է, եւ կայ այդ ցանկի ընդլայնման անհանգստացնող միտում։

Քաղբանտարկեալների վերաբերեալ հիմնաւորումներին իշխանականների կողմից բերւում է երկու հակափաստարկ.

1. Քաղբանտարկեալներ եղել են նախորդ իշխանութիւնների օրօք։

Իհարկէ, նախորդ իշխանութիւնների օրօք եւս եղել են վիճելի դէպքեր եւ կասկած յարուցող օբիեկտիւութեամբ դատական պրոցեսներ։ Սակայն այսպիսի անտրամաբանական կառուցւածքի, հետապնդման այս ծաւալների գործեր, այն էլ՝ հայ բարձրաստիճան հոգեւորականների հանդէպ հետապնդումներով, երբեւէ չեն եղել։ Ընդամէնը արտաբերած խօսքի համար ամիսներ տեւող կալանաւորումներ երբեք չեն եղել։ Ի վերջոյ, նախորդ իշխանութիւնները եղել են 27 տարի, 17 տարի, 7 տարի առաջ։ Բայց չէ՞ որ մենք խօսում ենք այսօրւա՛յ բանտարկեալների մասին, մեր ներկայի՛ մասին, որը խեղում է հարիւրաւոր մարդկային կեանքեր։ Մենք խօսում ենք ապագայի մասին։

2. Միջազգային կառոյցների կողմից չկայ որեւէ զեկոյց, որտեղ կարձանագրւի Հայաստանում քաղբանտարկեալների առկայութիւնը։

Այո, սա լուրջ խնդիր է։ Բայց սա առաջին հերթին միջազգային կառոյցների խնդիրն է։ Ցաւօք, այսօր միջազգային կառոյցները խոր ճգնաժամի փուլում են։ Մենք այդ կառոյցների անգործութեանն ականատես ենք եղել 44-օրեայ պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ։ Մենք պէտք է ֆիքսենք այդ իրողութիւնը եւ հաշւի նստենք այդ հանգամանքի հետ։ Այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական պատկերը։ Վաղը կը փոխւի իրավիճակը, կը փոխւեն նաեւ միջազգային կառոյցների մօտեցումները։

Related Articles

Back to top button