Հայաստան - Արցախ

Յանձնարարւած է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն

Մեր ունեցած տեղեկութիւններով, իշխանութեան ներսում, շատ մեղմ ասած, ամէն ինչ այնքան էլ այնպէս չէ, ինչպէս փորձում են արտաքուստ ցոյց տալ ՔՊ-ականները:

«Տաւուշը՝ յանուն Հայրենիքի» շարժման զարգացումներին զուգահեռ, ինչպէս նաեւ Բագրատ Սրբազանի մասնաւորապէս «սրճային» յայտարարութիւններից յետոյ ՔՊ-ի ներսում ոչ միայն անհանգստութիւններն են մեծանում, այլեւ՝ միմեանց նկատմամբ անվստահութիւնը: Առաւել եւս, որ այս օրերին տարբեր տեղեկութիւններ են շրջանառւում այն մասին, թէ առանձին ՔՊ-ականներ պատրաստ են «կամուրջներ ստեղծել» շարժման լիդերների հետ, ինչի արդիւնքում բոլորը բոլորին սկսել են կասկածամտօրէն նայել:

Ընդ որում, Փաշինեանը չի վստահում ոչ մէկին, իսկ «վերին էշելոնի» ՔՊ-ականներն իրենց թիմերով՝ միւսներին: Աւելին, մեր իշխանական աղբիւրների փոխանցմամբ, Կոպենհագեն մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինեանը կարգադրել է, որ ՔՊ-ական պաշտօնեաներն ու յատկապէս պատգամաւորները աջուձախ «չնայեն», այսինքն՝ այս օրերին այլեւս որեւէ հանդիպում չունենան ո՛չ բարեկամների, ո՛չ ընկերների, ո՛չ ծանօթների հետ, էլ չենք խօսում «այլ ուժերի» ներկայացուցիչների մասին: «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն»,- յանձնարարւել է ՔՊ-ականներին՝ յաւելելով, որ ցանկացած շեղում այս յանձնարարութիւնից կը համարւի կասկածելի:

Մեր տեղեկութիւններով, նման հրահանգը ոչ միայն զարմացրել ու նոյնիսկ զայրացրել է մի շարք պատգամաւորների, այլեւ՝ աւելի է խորացրել անհանգստութիւնները. «Բա ասում էք՝ ամէն ինչ լաւ է, վերահսկւում է, էլ ինչի՞ համար է այս ամէնը»: Նրանց նաեւ անհանգստացնում է այն, որ Փաշինեանն ինքը հայ ժողովրդից թաքնւում է նոյնիսկ մարզերից բերւած հազարաւոր ոստիկանների թիկունքում, այդ թւում՝ երէկւայ միջոցառման ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի ընդամէնը մէկ յայտարարութիւնից յետոյ ժամեր շարունակ Երեւանի ամբողջ կենտրոնը լցրել էր ոստիկաններով, ինչը նաեւ թիմում են համարում Փաշինեանի մեծ վախերի նշան:

«Փաստ»

Related Articles

Back to top button