Քրիստինէ Վարդանեան. «Սուտ են ասում, թէ թուղթը ստորագրենք պատերազմ չլինի․ հա՛մ թուղթ են ստորագրում, հա՛մ պատերազմ են բերում»
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից երեք տարի անց մենք էլի կանգնած ենք նոր կապիտուլիացիայի, նոր պատերազմի առաջ ու ամէն տարի գրաֆիկով ունեցել ենք պատերազմներ: Այսինքն, խոստանալով, թէ տանք, որ պատերազմ չլինի, ու մարդկանց ամենանւիրական՝ խաղաղասիրութեան, զգացմունքի հետ խաղալով ամէն անգամ բերում են աւելի աղէտալի պատերազմ, աւելի շատ մարդ է զոհւում: Մեզ ի՞նչ էին ասել նոյեմբերի 9-ին, «Ստորագրել եմ այդ փաստաթուղթը, որ կանգնեցնեմ պատերազմը եւ որ էլ պատերազմ չլինի»: Ի՞նչ էին ասում Արցախի հարցում. «Մի քիչ նշաձողն իջեցնենք, որ աննախադէպ կոնսոլիդացիա ունենանք, կարողանանք պահպանել Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքները»: Հիմա ամենախաղաղ վիճակը Ստեփանակերտում է: Այդպիսի խաղաղութիւն են ուզում բերել»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարութեան նիստում Նիկոլ Փաշինեանի արած յայտարարութեանը, թէ Ալիեւն, ըստ էութեան, ասում է. բանակցային եղանակով տւէք այն, ինչ ուզում եմ, հակառակ դէպքում կը վերցնեմ պատերազմով, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
«Հիմա ի՞նչ է կատարւում Ներքին Հանդում: Մարդիկ սա էլ պէտք է շատ լաւ հասկանան: Ի՞նչ տեղի ունեցաւ: 2020-ին Նիկոլ Փաշինեանն ասաց, որ ինքը գնահատել է իրավիճակը: Եւ որպէսզի յանկարծ նոր բախում չլինի, Սիւնիքում զօրքերի 20 կմ. յետքաշման հրաման է տւել: Պատկերացնո՞ւմ էք, 30 տարի դիրքեր ենք սարքել, նպաստաւոր դիրքեր ենք զբաղեցրել, 30 տարի արիւն ու քրտինք է թափւել, ու այս մարդն ասում է՝ որոշել է, որպէսզի պատերազմ չլինի, զօրքը յետ է քաշել 20 կմ.: Դրանից յետոյ 2022 թւականին յարձակման ընթացքում ադրբեջանցիները, որ 20 կմ. առաջ էին եկել, դրանից էլի առաջ եկան ու ամենանպաստաւոր կէտերը զբաղեցրին: Այժմ վերեւում իրենք են, ներքեւում մենք ենք: Ու սրա հետեւանքով Ներքին Հանդում տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ: Այսինքն, ադրբեջանցիները երբ ուզենան՝ պատճառ բռնելով, որ իրենց վրայ կրակել են, կարող են, ինչպէս իրենք են մեկնաբանում, հակաահաբեկչական պատժիչ գործողութիւններ իրականացնել, չնայած, ոչ ոք չգիտի՝ կրակոց եղե՞լ է, թէ՞ ոչ: Ու այս ամէնն այն ֆոնին, որ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը խայտառակ հաղորդագրութիւն է տարածում ու փաստացի ասում, որ կրակելու հրաման չկայ: Այսինքն, քո վրայ կրակում են, դու չպիտի կրակես, թէ չէ քեզ կը դատեմ:
Այս կէտին ենք հասել այն քաղաքականութեան արդիւնքում, որ այսօր վարւում է: Այսինքն, մենք ոչ թէ այնպէս ենք արել, որ պատերազմ չլինի, այլ աւելի շատ պատերազմ ենք բերել, աւելի շատ թւով զոհեր ենք ունեցել ու փաստացիօրէն էլի կանգնած ենք կապիտուլիացիայի առաջ: Սուտ են ասում, թէ այս թուղթը ստորագրենք, որ պատերազմ չլինի: Իրենք հա՛մ թուղթ են ստորագրում, հա՛մ պատերազմ են բերում, հա՛մ նոր հողեր են տալիս: Եւ մենք պէտք է հասնենք այն կէտին, որ եթէ ուզում ենք ապրել, այս մարդիկ պիտի գնան: Ուրիշ տարբերակ չկայ»,- ասել է Քրիստինէ Վարդանեանը։