Վիկտոր Սողոմոնեան. «Մենք մեծ գին ենք վճարում որպէս պետութիւն, որպէս ազգ, որ այս իշխանութիւնը պահպանւի»
«ԱԼԻՔ» – Քաղաքական լեգիտիմութիւնը նման է այն լեգիտիմութեանը, որով օժտւած է ամուսնական զոյգը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է քաղաքական գիտութիւնների դոկտոր, Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնեանը։
«Լեգիտիմութիւնը հէնց քաղաքական, քաղաքագիտական իմաստով նման է այն լեգիտիմութեանը, որով օժտւած է ամուսնական զոյգը։ Կայ երկու տիպի լեգիտիմութիւն․ մէկը զագսի թուղթն է։ Մարդիկ գնում են զագս ու ձեւակերպում են ամուսնութիւն։ Դա օրինական տեսանկիւնից, բայց այդ ամէնը սկսում է զգացմունքից։ Մարդիկ իրար սիրում են, որոշում են ամուսնանալ, յետոյ գնում են զագս։
Պատեկրացրէք՝ այդ ամուսինները վաղուց իրար հետ չեն ապրում, ոչ մի զգացմունք չկայ, նոյնիսկ մէկին դուրս են հանել տնից, բայց այդ մէկը զագսի թուղթը անընդհատ թափ է տալիս ու ասում՝ մենք լեգիտիմ ենք, օրինական ամուսիններ ենք, ինչ ասեմ, այդպէս պիտի լինի, որովհետեւ մենք լեգիտիմ ենք։ Քաղաքական լեգիտիմութիւնը նոյն կերպ կարող է կոչւել, ոնց կոչւում է այդ լեգիտիմութիւնը ընտանիքում»,- ասել է Վիկտոր Սողոմոնեանը։
Նրա խօսքով՝ ՀՀ գործող իշխանութիւնը բարիք չի բերում ո՛չ պետութեանը, ո՛չ ժողովրդին։
«Մենք գործ ունենք մի իշխանութեան հետ, որն ինքն իր համար է իշխանութիւն, այսինքն՝ որից ոչ մի սպասում չկայ, որը ոչ մի նոր օրակարգ չի առաջարկում՝ բացի կորուստների օրակարգից։ Մենք գործ ունենք իշխանութեան հետ, որը ինքնանպատակ կառավարում է իրականացնում՝ բարիք չբերելով ոչ պետութեանը, ոչ ժողովրդին։ Ամենավատն այն է՝ ոչ մի զգացմունք այլեւս չկայ ոչ Սփիւռքի, ոչ ազգային կարեւորագոյն ինստիտուտներից մէկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու, ոչ ժողովրդի մեծամասնութեան, ոչ քաղաքական դաշտի, ոչ միջազգային գործընկերների կողմից՝ բացի թշնամի Ադրբեջանի ու հակառակորդ Թուրքիայի կողմից։ Մի իրավիճակում ենք, երբ իշխանութիւնն ինքն իր համար է իշխանութիւն»,- ասել է նա։
Սողոմոնեանը նաեւ անդրադարձել է նախօրէին ՔՊ-ականների սկսած «Ֆէյսբուք»-եան ֆլեշմոբին։
«Ֆլեշմոբ են սկսում, նկար են տեղադրում ու գրում՝ ՀՀ լեգիտիմ վարչապետ։ Այսինքն՝ զագսի թուղթն են ցոյց տալիս, ինչպէս ասում են՝ հօրս արեւ, ինքը վարչապետն է, ուրիշ ասելիք չկայ, թէ լաւն է, այս գործն է անում, այն գործն է անում, այսպիսի փոփոխութիւններ ենք բերում։ Արդէն տեւական ժամանակ է՝ ինչ մենք մեծ գին ենք վճարում որպէս ժողովուրդ, որպէս պետութիւն, որպէս ազգ, որ այս իշխանութիւնը պահպանւի»,- յայտնել է Վիկտոր Սողոմոնեանը։
Նա դիմել է այն մարդկանց, որոնք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինեանին ու Բագրատ Սրբազանին։
«Մարդկանց, որոնք փորձում են Նիկոլ Փաշինեանին ու Բագրատ Սրբազանին համեմատութիւնների մէջ դնել՝ ի վնաս Բագրատ Սրբազանի, մի բան եմ ուզում մատնացոյց անել․ Բագրատ Սրբազանի մեջքին կանգնած է ազգային ինստիտուտը։
Բագրատ Սրբազանը միայնակ չէ, եթէ Փաշինեանը երգի մէջ էր ասում՝ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, այսինքն՝ փորձում էր համոզել, հիմա Բագրատ Սրբազանն իրականում մենակ չէ, իր թիկունքում Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուտն է, ընդհանրապէս՝ քրիստոնէութեան ինստիտուտն է, որովհետեւ այս մարդը չի ասել՝ ես հրաժարւում եմ իմ դիրքից ու գամ, դառնամ քաղաքական գործիչ։ Ինքը շարունակում է յարգանքի արժանի հմտութեամբ ներկայանալ որպէս հոգեւոր սպասաւոր, Եկեղեցու սպասաւոր»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնեանը։