
«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նելով, որ Եմէնի գործողութիւններն Իրանին վերագրելը անհիմն եւ ապակողմնորոշիչ պնդում է:
«Անկասկած, պաղեստինցի ժողովրդին աջակցող եմէնցիների գործողութիւններն անկախ որոշում է, որ բխում է իրենց պաղեստինցի եղբայրների եւ քոյրերի հետ մարդկային եւ իսլամկան համերաշխութեան զգացումից: Դրանք Իրանի Իսլամական Հանրապետութեանը վերագրելն անհիմն եւ ապակողմնորոշիչ պնդում է, որն ուղղւած է գրաւեալ Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները ստւերելուն, նրա ձախողումները կոծկելուն եւ Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում հետագայ էսկալացիայի համար արդարացումներ փնտրելուն:
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը, ընդգծելով երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ ազգային ինքնիշխանութիւնը յարգելու անհրաժեշտութեան վերաբերեալ իր սկզբունքային դիրքորոշումը, դատապարտում է Եմէնի վրայ ԱՄՆ-ի ռազմական յարձակումները՝ որպէս ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի հիմնարար կանոնների կոպիտ խախտում:
Յիշեցնելով Արեւմտեան Ասիայի եւ Կարմիր ծովի տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան վրայ այդ յարձակումների շարունակման վտանգաւոր հետեւանքների մասին, Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մշտապէս կոչ է արել վերջ տալ Պաղեստինում ցեղասպանութեանը՝ որպէս ողջ տարածաշրջանում շարունակւող անապահովութեան հիմնական պատճառ:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ընդգծելով Իրանի զաւակների վճռակամութիւնը՝ համակողմանիօրէն պաշտպանւելու իրանական ազգի անվտանգութեան եւ ազգային շահերի դէմ ուղղւած չարամիտ ու անօրինական գործողութիւններից, դատապարտում է մեր սիրելի հայրենիքին ուղղւած ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքները՝ յիշեցնելով, որ դրանց անմիջական հետեւանքերի պատասխանատւութիւնը կրելու են ԱՄՆ-ը եւ Սիոնիստական ռեժիմը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ: