Ներքին Հանդը եւ գէոպոլիտիկ հիւանդը
Քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանի արձագանգը կալանավայրից
Նիկոլ Փաշինեանի վերջին երկու հանրային ելոյթները՝ Արագածոտնում եւ The Telegraph-ինը, օրգանապէս շաղկապւած են Ներքին Հանդում վերջին բախումների եւ մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապէս ցաւակցում եմ:
Ներքին եւ արտաքին լսարաններին ուղղւած ցածրորակ մանիպուլիացիաները, բացայայտ ստերը, լկտի խաբէութիւնները ցոյց են տալիս, թէ ինչքան անպաշտպան է այսօրւայ Հայաստանը, եւ որքան կործանարար է Փաշինեանի կողմից վարւող ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը:
Ներքին Հանդի իրադարձութիւնները մերկացրեցին մեր երկրի բացայայտ անպաշտպան վիճակը, երբ գործող ռեժիմը սպառնում է պատժել սեփական զինւորին, իսկ արտաքին որեւէ անվտանգային գործօն կամ մեխանիզմ մեր օգտին չի աշխատում:
ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ անվտանգային յարաբերութիւնները պահպանւել են բացառապէս դէ իւրէ ֆորմատում, աւելի բաց ասած՝ զուտ ձեւական, ֆորմալ բնոյթի են: Իսկ Արեւմուտքից ակնկալւող աջակցութիւնը լաւագոյն դէպքում դրսեւորւել է մտահոգութիւնների, կոչերի, ափսոսանքների հերթական холостой (միայնակ) համազարկով:
Այսինքն՝ ռեժիմի կողմից դատարկաբանւող թէզն անվտանգային ոլորտի դիւերսիֆիկացիայի մասին փուչիկ է, գէոպոլիտիկ կեղծիք: Ոչ մի ԵՄ դիտորդական առաքելութիւն, ոչ մի ռազմավարական գործընկերութիւն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ոչ մի ֆրանսիական զէնք՝ ոչ մի գործօն, որ Փաշինեանը հրամցնում էր մեզ որպէս «ձեռքբերում եւ երաշխիք», չի կանխել Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը եւ չի կանխելու:
Այո՛, Արեւմուտքը մասնակի բարկացած է Ադրբեջանի վրայ, բայց միայն խօսքերով եւ լոկ սեփական շահերից ելնելով: Նախ, որովհետեւ Ադրբեջանը գցում է ԵՄ-ին՝ ստանալով Արցախը եւ դրանից յետոյ մերժելով բրիւսէլեան ձեւաչափը, եւ, երկրորդը, որովհետեւ Ալիեւի պահւածքն այս փուլում խոչընդոտում է արեւմտեան հիմնական նպատակի իրագործմանը Հարաւային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի դուրս մղմանն այստեղից:
Ստեղծւած իրավիճակում ԵՄ պաշտօնեաներին մնում է սփոփւել այն հանգամանքով, որ նրանց «խրոխտ» թւիթները եւ ստատուսներն Ադրբեջանի դէմ՝ էյֆորիայի անսպառ աղբիւր են տարաբնոյթ կեղծ «եւրոցենտրիստների» համար:
Արդիւնքում, Մոսկւան նայում է ստեղծւած դրութեանը՝ «Սա՞ էիք ուզում», Բրիւսէլը եւ Վաշինգտոնը՝ «Սրանից աւել բան չուզէք» դէմքերով, իսկ հայ ժողովուրդը հերթական գերեզմանախորշերի մէջ է դնում ոչ միայն իր զաւակներին, այլեւ իր արժանապատւութիւնը եւ ապագան: Այսինքն՝ փաստացի մենք ամբողջութեամբ կորցնում ենք՝ Ռուսաստանի, եւ բաւարար չափով չենք ստանում՝ Արեւմուտքի աջակցութիւնը:
Սա ոչ թէ արտաքին քաղաքականութեան «դիւերսիֆիկացիա» է, այլ տոտալ ձախողում, սնանկութիւն, փլուզում:
Գէոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախւած չի եղել, որքան այսօր՝ Փաշինեանի ձախողւած եւ արկածախնդիր բեմադրութիւնների պատճառով: Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մէջ. հակառուսականութիւնը բերում է ռուսաստանակախեալութեան: Իսկ «ինքնիշխանութեան համար պայքարը»՝ ինքնիշխանութեան կորստի:
ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշէն» ՔԿՀ
15.02.2024 թ.