Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Մարտիրոս գիւղ Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։ Գտնւում է մարզկենտրոնից 31 կմ հարաւ-արեւելք, Վայքի լեռների հիւսիսային լանջին։ Վայք քաղաքից գտնւում է 20 կմ, իսկ մայրաքաղաք Երեւանից՝ 155 կմ հեռաւորութեան վրայ։

Մարտիրոս գիւղը բաղկացած է հին եւ նոր բնակավայրերից։ Գիւղը տեղակայւած է Գոգի լեռան ստորոտում՝ ծովի մակերեւոյթից 2000 մետր բարձրութեան վրայ։ Հին գիւղը 1960-ական թւականներին յայտարարւել է սողանքային գօտի եւ համարւել անպիտան բնակութեան համար։ 1968 թւականին Մարտիրոսը տեղափոխւել է 2 կմ դէպի արեւելք։ Սահմանակից բնակավայրերն են՝ հիւսիս-արեւելքից Զառիթափը, հարաւ-արեւմուտքից՝ Սերսը եւ Խնձորուտը, իսկ հարաւ-արեւելքից սահմանակից է Նախիջեւանի Հանրապետութեանը։

Գիւղի տարածքը բաժանւած է երկու ենթագօտու՝ չոր լեռնատափաստանային եւ բարձր լեռնատափաստանային։

«Անւան ստուգաբանութիւն»

«Մարտիրոս» բառը յունարէն ծագում ունի եւ նշանակում է գաղափարի կամ հաւատի համար նահատակւած մարդ։ Ըստ տեղական աւանդապատման՝ Մարտիրոս նշանակում է նաեւ «մարտերի հերոս»։

Մարտիրոս անւան առաջացման մասին պահպանւել է աւանդապատում։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբէլեանի տեղեկութեան՝ Աւարայրի ճակատամարտից յետոյ Հայաստանի տարբեր վայրերից այնտեղ մեկնած հայրենասէր մարտիկները խումբ-խումբ սկսում են հեռանալ ճակատամարտի դաշտից։ Հայկական մի զօրախումբ, որը պէտք է անցնէր Արցախ, հետապնդւում է պարսկական խոշոր հեծելազօրով՝ Աթաշխուդա անունով զօրահրամանատարի գլխաւորութեամբ։ Վայոց Ձորի տարածքում՝ Արփա եւ Եղեգիս գետերի միախառնման վայրում, հայ մարտիկները խիզախ իշխան Մարտիրէնի գլխաւորութեամբ արիւնայեղ ճակատամարտ են մղում։ Մարտիրենը եւ նրա զինակիցները հերոսաբար զոհւում են, սակայն յաջողւում է կասեցնել պարսկական զօրքի հետապնդումը։ Ի յիշատակ Մարտիրէի, վայոց ձորցիները գիւղը անւանել են Մարտիրոս։

«Կլիմա»

Գիւղում կլիման մեղմ է՝ զով ամառներով եւ ցուրտ ձմեռներով։ Տարածքը կտրտւած է բազմաթիւ ձորերի եւ ձորակների խիտ ցանցով։ Միջին տարեկան ջերմաստիճանը +37 °C է ամենաբարձր դէպքում եւ -31 °C՝ ամենացածրում։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 556 մմ, ձիւնածածկ օրերի միջին թիւը՝ 124։

«Կենդանական եւ բուսական աշխարհ»

Մարտիրոսի տարածքում պահպանւել են վայրի նապաստակ, աղւէս, քարակաքաւ, կզաքիս, ոզնի, գայլ, վարազ, լեռնային քարարծիւ, վայրի կատու, հայկական վայրի ոչխար եւ հայկական գիւրզա։

Գիւղի մարգագետիններում ու սարերում աճում են բազմաթիւ դեղաբոյսեր ու թփեր, որոնք դեռ հնագոյն ժամանակներից օգտագործւել են ժողովրդական բժշկութեան մէջ։ Դրանք են՝ դաղձը, ուրցը, եզան լեզուն, եղինջը, մանդակը, խռնդատը, մասուրը, ալոճենին, անթառամը եւ այլք։

Տարածքը հարուստ է լեռնային սառնորակ աղբիւրներով, որոնք բաւարարում են թէ՛ Մարտիրոսի, թէ՛ հարեւան Զառիթափ համայնքի ջրային կարիքները։

«Պատմութիւն»

Մարտիրոսը Վայոց Ձորի եւ Հայաստանի այն սակաւաթիւ գիւղերից է, որի հիմնադրման ստոյգ տարեթիւը եւ հիմնադրողների անունները պահպանւել են։ Այս կարեւոր տեղեկութիւնը արձանագրւած է գիւղամիջի մեծ աղբիւրի մօտ՝ 1283 թւականին վարդագոյն գրանիտից կանգնեցւած աւելի քան երեք մետր բարձրութեամբ գեղաքանդակ խաչքարի վրայ, որի ստորին մասում նշւած է.

«Ես՝ Դեղիկի որդի Մխիթարս, իշխանց իշխան Պռօշի եւ նրա որդի Հասանի հրամանով, 1283 թ. շինեցի Մարտիրոս գիւղը եւ կանգնեցրի այս խաչքարը սուրբ վկայարանի դռան առջեւ, ի բարեխօսութիւն իմ ամուսին Մամջրու եւ իմ որդի Ղարիբ Շահի ու դուստր Ռուզաքանի։ Ովքեր որ ընթերցէք, յիշեցէք մեզ։ Շինւեց Շնորհաւորի ձեռքով»։

Փաստերն ապացուցում են, որ Մարտիրոսը կառուցւել է ոչ թէ անմարդաբնակ վայրում, այլ վերակառուցւել է արդէն գոյութիւն ունեցող գիւղի հիման վրայ։

Մարտիրոսի շրջակայքում հաշւում են 11 հին բնակատեղի, բազմաթիւ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, բերդեր եւ տարբեր տեսակի խաչքարեր։ Հին բնակատեղիներից առաւել յայտնի է Վերին լիճը, որը գտնւում է հին Մարտիրոսից մօտ 2,5 կմ արեւելք՝ լեռնաշղթայի գագաթի սարահարթի վրայ։ Հետագայում այն տարածւել եւ իջել է դէպի լեռնաշղթայի ստորոտները։ Տեղեկագրական տւեալներից ենթադրւում է, որ այս բնակատեղին կարող է նոյնականացւել պատմական Հողացիմ գիւղի հետ, որն յիշատակւում է արդէն V դարում։ Այդ գիւղից է սերում Յովսէփ Վայոց Ձորցին՝ Մեսրոպ Մաշտոցի աւագ աշակերտներից մէկը, որը դարձաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ մասնակցեց Վարդանանց պատերազմին։

Այնտեղ մինչ օրս պահպանւել են Գայիանէ եւ Հռիփսիմէ մատուռները, խոշոր տապանաքարերով գերեզմանները, մեծ ու փոքր խաչքարերը։

Բնակչութիւնը կազմում է 601 մարդ։ Նախնիների մի մասը 1828 թւականին գաղթել է Պարսկաստանի Խոյի եւ Սալմաստի գաւառներից։

Բնակչութիւնը զբաղւում է անասնապահութեամբ, ծխախոտագործութեամբ, հացահատիկի, կերային եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակութեամբ։

Համայնքի վարչական տարածքը կազմում է 5662,75 հեկտար, որից 2110,85 հեկտարը գիւղատնտեսական նշանակութեան հողեր են։ Վարելահողերը կազմում են 768,48 հեկտար, խոտհարքները՝ 72,80 հեկտար, արօտավայրերը՝ 1264,57 հեկտար։ Սեփականաշնորհւած է 630 հեկտար հողատարածք։

Հողատարածքներում աճեցնում են ցորեն, գարի, առիոյտ, կորնգան, կարտոֆիլ, լոբի, կաղամբ, գազար, բազուկ եւ այլն։ Ծառատեսակներից աճում են խնձորենի, տանձենի, ընկուզենի, սալորի եւ բալենի։

Օգտակար հանածոներ

Մարտիրոսի տարածքում առկայ են կաւային շերտեր, բազալտներ եւ գրանիտի հզօր երակներ։ Սակայն «Մարտիրոսի քար» անւանումը կապւած է ֆելզիտային տուֆի հետ, որի շահագործումը սկսւել է 1953 թւականին։

Դեղին, կապոյտ եւ կանաչ երանգներով այդ քարատեսակը, որն արտաքուստ նման է բնապատկերների, Խորհրդային Միութիւնում օգտագործւել է յատուկ կառոյցների արտաքին յարդարման համար։ Դրանցից կարելի է առանձնացնել Կրեմլի համագումարների պալատը, Մոսկւայի մետրոպոլիտենը, Երեւանի Մարզահամերգային համալիրը, Սանկտ Պետերբուրգի, Կիեւի, Մինսկի, Սոչիի, Թբիլիսիի նշանաւոր կառոյցները։

Շինութիւններ

Մարտիրոսն իր աւելի քան 700 տարւայ պատմութեան ընթացքում թողել է բազմաթիւ պատմական եւ մշակութային արժէքներ։

Մարտիրոսի ամենանշանաւոր ճարտարապետական յուշարձանը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստւածածին (Մարտիրոսաց վանք, 1286 թ.) վանքն է եւ 13-րդ դարի խաչքարերը, որոնք գտնւում են գիւղից 2,5 կմ հարաւ-արեւելք՝ Նազար սարի ստորին հատւածում, այնտեղ, որտեղ սկիզբ են առնում սառնորակ աղբիւրները։ Վանքը ամբողջութեամբ կերտւած է Նազար սարի ներսում՝ ստորգետնեայ լեռան մէջ։ Ըստ պահպանւած արձանագրութիւնների՝ վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թւականին, իսկ ճարտարապետը եղել է քարագործ Գրիգորիկը։

Վիմափոր եկեղեցին Գեղարդից յետոյ Հայաստանի ամենանշանաւոր եւ խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է, իսկ ներքին հնչեղութեամբ՝ առաջինը հայ եկեղեցական շինարարութեան մէջ՝ իր կառուցողական բարձր արւեստով։

Վանքի առջեւ մինչ օրս պահպանւել են հին գիւղատեղին, վանքի միաբանների կացարանների աւերակները եւ մինչեւ գետ փորւած 200 մետրանոց հորանցքի մուտքը։ Պատմամշակութային մեծ արժէք է ներկայացնում ծննդական-խաչքարի հարեւանութեամբ՝ փոքր բլրակի վրայ հին եկեղեցու տեղում 1866 թւականին կառուցւած մեծ եկեղեցին։ 19-րդ դարի վարպետները շինարարութեան մէջ օգտագործել են նաեւ հին եկեղեցու բեկորներն ու խաչքարերը։ Եկեղեցու մուտքի դռան վերեւի մասում մեծ տառերով փորագրւած է՝ «Յիսուս Քրիստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղէմ»։ Հարաւային պատին պահպանւել է արեւային ժամացոյցը։ Եկեղեցին վերակառուցւել է 1980-1990-ական թւականներին։

Հին Մարտիրոս գիւղի կենտրոնում, եկեղեցու եւ ծննդական-խաչքարի դիմաց, հնուց բխող սառնորակ աղբիւրի վրայ 1948 թւականից ի վեր խոյանում է Մեծ Հայրենականում զոհւած 203 երիտասարդների յիշատակի յուշարձանը։ Մեծ եկեղեցու բակում 2000 թւականին տեղադրւել է եւս մի գեղեցիկ խաչքար, որը նւիրւած է Վարդանանց պատերազմի (451-454 թթ.) զոհւածների, 1915-1921 թւականների Ցեղասպանութեան նահատակների եւ Արցախեան հերոսամարտի զոհւածների յիշատակին։

Անգնահատելի տեղեկութիւններ են պարունակում գիւղի տարածքի երեք գերեզմանոցները՝ պատմական մեծ արժէք ներկայացնող տապանաքարերով եւ 13-17-րդ դարերի խաչքարերով։ Գերեզմանոցներից մէկում մի տապանաքարի վրայ կարդացւում է Իսրայէլ Օրու հարազատներից մէկի՝ Մելիք Մարտիրոսի անունը եւ մահւան թւականը։ Այս եւ այլ բազմաթիւ պատմական փաստեր եւս վկայում են, որ Իսրայէլ Օրու ծննդավայրը Վայոց Ձորի Մարտիրոս գիւղն է։

Մարտիրոս գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է 84 յուշարձան (9 միաւոր)։

Գիւղից մօտ 3 կմ արեւելք կան երեք մատուռներ։

Հասարակական կառոյցներ

Մարտիրոսն ունի մշակոյթի տուն, գրադարան, փոստի բաժանմունք, բուժկետ, դպրոց եւ կապի բաժանմունք։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button