
Մանկավարժը միայն գիտելիքների փոխանցողը չէ. նա հոգիներ է կերտում:
Նրա կեանքը լուռ ծառայութիւն է՝ սերմանւած նւիրումի, սիրոյ եւ պատասխանատւութեան:
Այդպիսի մի անձնաւորութիւն էր օրիորդ Վարդուհի Մանսուրեանը, որ իր ամբողջ կեանքով դարձաւ օրինակ հայ կնոջ, դաստիարակչուհու եւ վեհ անհատականութեան: Նրա հաւատարմութիւնը մանկավարժական գործին եւ իր ժողովրդին անջնջելի հետք թողեց իրանահայ կրթական պատմութեան մէջ:
Օրիորդ Վարդուհի Մանսուրեանը ծնւել է 1930 թւականին, Մասջեդ Սոլէյման քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է ծննդավայրի «Միհրդատ» դպրոցում, որտեղ եւ ծնւեց նրա սէրը ուսման եւ մանուկների դաստիարակութեան հանդէպ:
Դպրոցն աւարտելուց յետոյ՝ 1950-ական թւականներից սկսեալ նա նւիրումով՝ ծառայեց իբրեւ դաստիարակ իր ծննդավայրում մանկապարտէզի եւ նախակրթարանի օղակում:
1956-ից մինչեւ 1959 թթ. դասաւանդել է ոչ միայն մանկապարտէզում, այլեւ երրորդ եւ չորրորդ դասարաններում:
1960-ական թթ. տեղափոխելով Թեհրան՝ շարունակեց իր լուսաւոր առաքելութիւնը տարբեր կրթօջախներում: Նախ դասաւանդեց «Բերսաբէ» մանկապարտէզում, ինչպէս նաեւ «Մանկական պալատ», «Դէպի գիտութիւն» եւ «Հուր» դպրոցներում՝ իբրեւ դաստիարակ եւ հայոց լեզւի ուսուցչուհի: Այդ տարիներին ընդունւեց «Թեհրան» համալսարանի հովեբանութեան ճիւղը, որն աւարտեց 1969 թւականին՝ գիտական բարձր պատրաստւածութեամբ:
1960-ից մինչեւ 1969 թթ. աշխատեց նաեւ «Ռոստոմ» դպրոցում՝ նախ որպէս նախակրթարանի դաստիարակ, ապա՝ իբրեւ տարրական օղակի հայոց լեզւի ուսուցիչ:
Նրա դասարանը մնում էր միշտ լուռ ու ջերմ՝ ոչ պարտադրանքով, այլ սիրով: Նա սովորեցնում էր ոչ միայն գրել ու կարդալ, այլեւ մտածել, հաւատալ եւ լինել՝ հայեցի:
Նա պետական պաշտօնեայ էր, երկարամեայ անբասիր ծառայութեամբ ճանաչւած իբրեւ վաստակաւոր դաստիարակչուհի: Եղել է Իրանահայ Ուսուցիչների միութեան ամենահաւատարիմ եւ պարտաճանաչ անդամուհին:
Օրիորդ Վարդուհին ունենալով նաեւ պաշտօնական անգլերէնի վկայագիր, զբաղւել է դասաւանդել մասնաւոր աշակերտ աշակերտուհիներով, որոնք այսօր երախտապարտ են իրենց սիրելի ուսուցչուհուն:
1980 թւականին հանգստի կոչւեց «Ռոստոմ» դպրոցից՝ թողնելով աւելի քան երեք տասնամեակի նւիրեալ եւ լուսաշող ուղի:
Բացի իր մանկավարժական գործունէութիւնից, օրիորդ Մանսուրեանը աչքի էր ընկնում իբրեւ հեզ, ազնւական եւ անկեղծ բնաւորութեան տէր մի կին՝ իսկ իբրեւ ազգասէր հայ կին՝ նա մշտապէս մասնակցում էր մշակութային եւ կրթական ձեռնարկների, եւ ոգեւորում էր նոր սերունդներին՝ սիրել հայոց լեզուն եւ մշակոյթը, պահել իրենց ինքնութիւնը օտար միջավայրում:
Նա իր մահկանացուն կնքեց 2025 թւականի հոկտեբմերին, թողնելով մի յիշատակ, որ աղօթքի պէս շարունակում է հնչել նրա սաների եւ գործակիցների սրտերում:
Օրիորդ Վարդուհի Մանսուրեանը այն ուսուցիչներից էր, որոնց ներկայութիւնը ինքնին դաս էր՝ բարոյականութեան, պարտաճանաչութեան եւ համեստութեան:
Նա սեփական ընտանիք չունէր, նրա սաներն էին նրա զաւակները, որոնցից ամէն մէկը իր մէջ կրում է նրա սրտի շողը:
Նրա անունը պիտի մնայ իբրեւ խորհրդանիշ այն ուսուցիչների, որոնք լուռ ու աննկատ կառուցեցին հայ կրթութեան հիմքերը:
Թող օրհնեալ լինի նրա յիշատակը, նրա հոգին խաղաղւի այն լոյսի մէջ, որ ինքն էր սփռւում ուրիշների կեանքում:
ԻՐԱՆԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ



