Ռուս թուրքագէտ. «Ալիեւի վերջնագրերն ունեն շատ աւելի խորը տողատակեր․ սահմանը կարող է չբացել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան»
Իլհամ Ալիեւի՝ տեղական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցը շարունակում է լայնօրէն քննարկւել հայկական մեդիափորձագիտական ու քաղաքական շրջանակներում։ Ի թիւս բազմաթիւ կարեւոր եւ վերլուծութեան ենթակայ շեշտադրումների՝ Ադրբեջանի ղեկավարն անդրադարձաւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի պրոյեկտին։ Նա մասնաւորապէս վերջնագիր ներկայացրեց հայկական կողմին՝ կտրուկ պահանջելով, որ մարդիկ եւ բեռներն Ադրբեջանից Ադրբեջան անցնեն առանց որեւէ ստուգման, առանց խոչընդոտի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հէնց միջանցք է պահանջում։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ եթէ Հայաստանը չհամաձայնի, ապա յաւերժ կը մնայ փակուղային իրավիճակում։ «Եթէ իմ նշած երթուղին (այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը) չբացւի, ապա մենք մտադիր չենք որեւէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը։ Այսինքն՝ այսպիսով սրանից աւելի շատ վնաս կը ստանան, քան օգուտ»,- յաւելել էր Ադրբեջանի նախագահը։
168․am-ի հետ զրոյցում ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռայեւսկին ասաց, որ Ալիեւի պահանջը, ըստ էութեան, մնացել է նոյնը, սակայն պայմանները կարծես փոխւել են՝ հաշւի առնելով թեմայի նկատմամբ միջազգային ուշադրութիւնը։ Սակայն, նրա խօսքով, դրւել է այնպիսի պայման, որը բաւականին ցաւագին կարող է լինել Հայաստանի եւ ՀՀ իշխանութիւնների համար։ Նադէին-Ռայեւսկին յիշեցրեց, որ նախկինում Ալիեւը միջանցք պահանջում էր՝ կիրառելով հէնց «միջանցք» տերմինաբանութիւնը, ինչպէս նաեւ ուղիղ ուժի սպառնալիքով էր հանդէս գալիս։
«Ներկայումս մենք տեսանք, որ կոնկրետ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չօգտագործւեց, սակայն դրանից բովանդակութիւնը չի փոխւել։ Սակայն սա կարեւոր նրբութիւն է, չօգտագործւեց, քանի որ միջազգային հանրութեան ընկալումներում միջանցք՝ նշանակում է տարածքային ամբողջականութեան խաթարում, ներկայումս Ալիեւը չի ասում՝ «միջանցք», սակայն խօսում է միջանցքից։ Միւս կարեւոր հանգամանքը, որ Ալիեւը նշում է, այն է, որ եթէ իր ցանկացած երթուղին չստանայ, ապա սահման չի բացի։ Իրականում Խաղաղութեան համաձայնագրի արդիւնքը ո՞րը պէտք է լինէր, խաղաղութեան հաստատումը Հարաւային Կովկասում, որի գլխաւոր էֆեկտը Հայաստանի համար ապաշրջափակման վերացումը պէտք է դառնար՝ հայ-ադրբեջանական սահմանի բացում, հայ-թուրքական սահմանի բացում եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում։ Եւ, փաստօրէն, ադրբեջանական կողմը նշում է, որ այսքան իրադարձութիւններից յետոյ Ադրբեջանը չի բացի սահման, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան եւս չի բացի սահման, նշանակում է, որ Հայաստանի ապաշրջափակում այդ իբրեւ թէ խաղաղութեան գործընթացին չի յաջորդի։
Չի բացառւում նաեւ, որ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից եւս Ադրբեջանը հրաժարւի, քանի որ այս յայտարարութիւններից յետոյ հասկանալի չէ, թէ ի՞նչ են ստորագրելու կողմերը, եւ դա ի՞նչ օգուտ է տալու Հայաստանին ընդհանրապէս։
Չափազանց կարեւոր հանգրւան է սա Հարաւային Կովկասի համար, հնչում են առանցքային յայտարարութիւններ, եւ դրանք կարիք կայ ճիշտ մեկնաբանել։ Թուրքիան, չնայած հանգամանքին, որ չի մասնակցում բանակցային գործընթացին, անուղղակիօրէն ներկայ է, մասնակցում է գործընթացին, փորձում է ազդել ՀՀ որոշումների վրայ՝ ի օգուտ Ադրբեջանի։ Թուրքիայի կողմից մինչ այժմ սահմանի չբացումը ի՞նչ է նշանակում, Թուրքիայի յայտարարութիւնները, որ Թուրքիայի բոլոր քայլերը համաձայնեցւած են Ադրբեջանի հետ, ի՞նչ են նշանակում, հայ-թուրքական բանակցութիւնները, որոնք մէկ տարի գոնէ թւացեալ տեղի էին ունենում, ներկայումս կարծես փակուղում են, որովհետեւ Թուրքիան որեւէ դրական քայլ չի անում, սահմանը չի բացւում նոյնիսկ երրորդ երկրի քաղաքացիների համար, Թուրքիան սպասում է Ադրբեջանին, որն այսօր յայտարարում է, որ սահման չի բացում։ Սա նշանակում է, որ Թուրքիան եւս սահման չի բացելու»,- նման տեսակէտ յայտնեց վերլուծաբանը։
Այսպիսով, նրա խօսքով, տապալւում են ՀՀ-ից հնչող այն թէզերը, որ ՀՀ-ն խաղաղութեան գործընթացից կարող է օգուտներ ստանալ սահմանների բացման, ռեգիոնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման տեսքով։
«Ադրբեջանն օգուտներ ստանալու համար անընդհատ փոխում է բանակցութիւնների ընթացքը, անընդհատ նոր պահանջներ ու պայմաններ են հնչում, Հայաստանը գնում է ստանդարտ ճանապարհով՝ անընդհատ ակնկալելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրական քայլեր են անելու, բայց նրանք դա չեն անելու, նրանք ուժի լեզւով են խօսելու, իսկ ՀՀ-ին հարկաւոր են անվտանգութեան երաշխիքներ։ Եւ ստացւում է, որ Ռուսաստանը հեռացել է, քանի որ քննադատւում է, Արեւմուտքը պէտք է իր երաշխիքներով գայ, բայց չի գալիս։
Ադրբեջանը նաեւ չի ցանկանում, որ խաղաղութեան համաձայնագիրը միջնորդ երաշխաւոր ունենայ, սա եւս պատահական չէ։ ԱՄՆ-ը հակւած է մասնակցել, բայց ինչպէս տեսնում ենք, չի ցանկանում լիովին փչացնել յարաբերութիւններն Ադրբեջանի հետ, որից Ադրբեջանն օգտւում է։
Ռեգիոնալ իրավիճակը չափազանց անբարենպաստ է, մինչ ընտրութիւններն ադրբեջանական կողմի այս տրամադրւածութիւնն ու հռետորաբանութիւնը կը շարունակւի։ Եթէ ի յայտ չգան հաւասարակշռող հանգամանքներ, այս ամէնը կը շարունակւի նաեւ յետոյ՝ իր բոլոր հետեւանքներով»,- ասաց նա։
Ռուս թուրքագէտն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ եթէ Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշումներ լինեն, ապա Ադրբեջանը կը վերադառնայ բանակցային նորմալ հուն, սակայն այդ ճնշումները չկան։
«Եթէ միջանցք բառը սկսել են չօգտագործել, ուրեմն նկատել են, որ դա սուր է ընկալւում, փոխել են ձեւակերպումները, սա նշանակում է, որ կարող են շատ բաներ փոխւել աւելի լուրջ քայլերի դէպքում, սակայն նման քայլեր դեռ չկան»,- ասաց ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին Ռայեւսկին։