ՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «Մոսկւան կը կանխի Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից պոկելու Արեւմուտքի փորձերը»

«ԱԼԻՔ» – «Արեւմուտքը փորձում է Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին կտրել Ռուսաստանից՝ փոխգործակցութեան սեփական կառոյցներ կառուցելու միջոցով եւ Մոսկւան կը կանխի նման փորձերը բոլոր հնարաւոր միջոցներով»։ Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով, այս մասին յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը Եւրասիական անվտանգութեան Մինսկի երրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդիւնքներով կայացած մամուլի ասուլիսին։

«ՆԱՏՕ-ն եւ Եւրամիութիւնը կառուցում են իրենց սեփական երկխօսութիւնները, փոխգործակցութեան կառոյցները Կենտրոնական Ասիայի երկրների, Անդրկովկասի երկրների հետ եւ Արեւմուտքը փորձում է այդ կապերը օգտագործել ոչ այնքան փոխշահաւէտ համագործակցութեան համար, որքան այդ երկրներին Ռուսաստանի Դաշնութիւնից կտրելու նպատակով: Մենք կը կանխենք նման միտումները բոլոր առկայ հնարաւորութիւններով՝ դիւանագիտական, քաղաքական, տնտեսական»,- յայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լաւրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «երբեք չի համաձայնի, որպէսզի Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում իր դաշնակիցների ու համախոհների բարի կամքն օգտագործւի եւ չարաշահւի», եւ որ «նրանց մղեն դէպի ՌԴ-ի հետ հակազդեցութեան, ինչը բացարձակապէս անբնական է նրանց տնտեսական եւ քաղաքական շահերի համար»։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Մոսկւայի լարւած յարաբերութիւններին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը որեւէ մէկի վրայ յարձակւելու մտադրութիւն չունի՝ յաւելելով, որ Մոսկւան նոյնիսկ պատրաստ է իրաւական անվտանգութեան երաշխիքներ ստորագրել եւ փաստաթղթերով հաստատել:

Սակայն, ինչպէս յաւելել է Լաւրովը, դեռեւս խաղաղութիւն չկայ։ Դաշինքն աւելի ու աւելի է մօտենում Ռուսաստանի սահմաններին, կառուցում է ռազմական բազաներ, եւ դա, ըստ նրա՝ արդէն իսկ շատ աւելի խոշոր գործողութեան նախապատրաստութեան է նման։

Related Articles

Back to top button