Հող են նախապատրաստում հերթական ռազմավարական ֆիասկօն փաստարկելու համար
Վահէ Դաւթեանը` ՀՀ իշխանութիւնների` արտադաշինքային պետութիւն ստեղծելու մտադրութեան մասին
«Թերեւս սկսենք նրանից, որ ներկայումս Հայաստանին ոչ ոք ոչ մի տեղ չի հրաւիրում` ոչ ԵՄ ոչ էլ առաւել եւս ՆԱՏՕ։ Հետեւաբար խօսակցութիւնները երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին միանգամից մի քանի նպատակ հետապնդող քարոզչական փուչ հնարքներ են»,- յատուկ Abbas Djuma տելեգրամ ալիքի համար շրջանառւող խօսակցութիւնները մեկնաբանել է քաղաքական գիտութիւնների դոկտոր Վահէ Դաւթեանը։
Նախ, ըստ նրա, հասկանալով, որ Արեւմուտքից Հայաստանը անվտանգութեան ոչ մի երաշխիք չի ստանալու, իսկ Մոսկւայի համար առաւելագոյնս անյարմար պայմաններ ստեղծելու պարտաւորութիւնները վաղուց են ընդունւած, Երեւանը փորձում է դիւերսիֆիկացիա խաղալ։ Իմաստն այն է, թէ մենք եւրոինտեգրացիայի, ՆԱՏՕ-ի հետ երկխօսութիւնը զարգացնելու կողմնակից ենք, սակայն հասկանում ենք, որ եւրոատլանտեան կառոյցներին անդամակցելուն ուղղւած պաշտօնական քաղաքականութիւնը (թեկնածուի կարգավիճակ ստանալ եւ այլն) լրացուցիչ լարւածութիւն է առաջացնում Մոսկւայի հետ յարաբերութիւններում` Հայաստանի ազգային անվտանգութեան համար դրանից բխող բոլոր ռիսկերով։
«Մի խօսքով արտադաշինքային թեմաների հիմնական հասցէատէրը նախ եւ առաջ Մոսկւան է։ Նպատակը պարզ է` թէժ պահել բացայայտ իրականացւող հակառուսական քաղաքականութիւնը` ԵՄ-ի ու Վաշինգտոնի կողմից որեւէ երաշխիքի բացակայութեամբ։ Իրավիճակը պատային է, եւ երկու աթոռին նստելը դառնում է աւելի ու աւելի բարդ»,- ասել է Վահէ Դաւթեանը։
Նրա խօսքով` երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի գործող իշխանութիւնը ծայրայեղ ցածր վարկանիշ ունի։ Լեգիտիմութեան ճգնաժամը կարող է առաւել խորանալ Բաքւի հերթական ագրեսիայի դէպքում, ինչի հաւանականութիւնը օրէցօր մեծանում է։ Պէտք է նկատի ունենալ, որ Փաշինեանի պացիֆիստական յայտարարութիւնների ֆոնին Ալիեւը Հայաստանն անւանում է Արեւմտեան Ադրբեջան։ Հետեւաբար արդէն այսօր կարեւոր է հող նախապատրաստել ռազմավարական հերթական ֆիասկօն փաստարկելու համար։
«Բանաձեւը թերեւս հետեւեալն է։ Արտադաշինքային պետութեան մասին յայտարարութիւնները արւել են հնարաւոր ռիսկերը մինիմալիզացնելու նպատակով, ինչն իր հերթին Արեւմուտքի համար զսպող հանգամանք էր Հայաստանին աջակցելու համար, սակայն այլ ելք Երեւանը չունէր` հաշւի առնելով Հայաստանի գտնւելը նախկին իշխանութիւնների կողմից կառուցւած անվտանգային ոչ ճիշտ, միավեկտոր համակարգում։ Կարծում եմ սակայն, որ այս անգամ այս հին ձայնապնակի ունկնդիրները շատ չեն լինի»,-ասել է Վահէ Դաւթեանը։
168.am