Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ին եւ ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին մեծ թւով հանդիսատեսներ ի մի էին եկել Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում եւ Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան կենտրոնատեղիում ունկնդրելու երաժիշտ զոյգեր Շաքէ եւ Հանրի Յարութիւննեանների եւ իրենց ընկերակցող այլ երաժիշտ կատարողների երաժշտական երեկոն, որը ի դէպ բարեսիրական նպատակներով էր կազմակերպւել եւ հասոյթը նւիրւել է Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնին: Յատկանշական է, որ երաժշտական բարեսիրական երեկոն, երաժիշտ զոյգերի նախաձեռնած հերթական միջոցառումն է, որի հասոյթը կատարելապէս տրամադրւում է «Ակունք» կենտրոնին:
Երեկոներին դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցան Լուիզա Աւետիսեանը, Ռուբէն Արզումանեանը, Արին Աւանէսեանը, իսկ վիոլոնսելի կատարմամբ՝ Մելանի Աւանէսեանը:
Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան յարկի տակ առիթ էր ընձեռնւել նաեւ ոչ հայ հայրենակիցների համար ունկնդրելու հայկական եւ միջազգային դասական երաժշտութիւնը:
Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան կենտրոնատեղիում, որտեղ ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր,«Ակունք» կենտրունի տնօրինութիւնը, արւեստագէտներ եւ արւեստասէրներ, օրւայ բացման խօսքով հանդէս եկաւ Աննա Զարգարեանը: Իր ելոյթի ընթացքում նա այսպէս նշեց. «Շաքէ եւ Հանրի Յարութիւնեանները արդէն երկար տարիներ է, որ առանց որեւէ ակնկալիքի իրենց արւեստը նւիրաբերում են ազգային կառոյցներին եւ միութիւններին նիւթապէս օժանդակելու նպատակով: Դժբախտաբար այս օրերին ապրում ենք տնտեսական ծանր պայմաններում եւ բնականաբար նման պայմանները չափազանց դժւարացնում է «Ակունք» կետնրոնի նման կառոյցներին նիւթական ռեսուրսներով ապահովելը: Ուստի ելնելով մարդասիրական եւ ազգային սկզբունքներից, Հանրի եւ Շաքէ Յարութիւնեանները իրենց գործակիցների հետ միասին որոշեցին մի անգամ եւս ելոյթ ունենալ յանուն «Ակունք» կենտրոնի սաների: Ուրախ ենք, որ այս բարեսիրական քայլը ընդառաջւեց համայնքիս կողմից եւ այսօրւայ ելոյթը իրականացաւ»:
Երաժշտական երեկոն մեկնարկելով հնչեցին հայկական դասական, ազգային, ազգագրական եւ միջազգային կտորներ:
Հանրի Յարութիւնեանի հետ զրոյցի ընթացքում նա անդրադառնալով արւեստի կարեւորագոյն առաքելութեանը նշեց. «Արւեստի հիմնական նպատակն է՝ այն ծառայեցնել յանուն ազգային նպատակների իրականացման: Արւեստը չի կարող լինել ինքնանպատակ։ Ուստի արւեստագէտի առաքելութիւնն է՝ իր արւեստի միջոցով ծառայել իր ազգին ու ժողովրդին եւ որակեալ ու ճիշտ հնչող երաժշտութիւնը հրամցնել ժողովրդին, այլ ոչ թէ պատահական բառերի միացութիւնը, քանզի հայ ժողովուրդը իր գիր ու գրականութեան եւ հարուստ մշակոյթի ու արւեստի շնորհիւ է, որ դարեր ի վեր գոյատեւել է»։
Հէնց այդ հայրենասիրական լիցքով էր տոգորւած համերգը,որը եզրափակւեց՝ Հայ զինւորին նւիրւած երգով, որից յետոյ Հանրի Յարութիւնեանը մօտեցաւ Արցախի 44-օրեայ պատերազմում իր մատղաշ կեանքը յանուն հայրենիքի նւիրաբերած Աւետիս Պուլուզեանի մեծ մօրը՝,, Զապէլ Պուլուզեանին եւ խոնարհւելով նրա դիմաց ի յիշատակ Արցախի ազատամարտերի ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների` ծաղկեփունջ նւիրեց նրան: Այս գնահատելի քայլին սրահը յետեւեց ոտընկայս ու յուզմունքով: Համերգի եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա իր գնահատանքի խօսքը ուղղեց երաժիշտներին իրենց բարեսիրական, Աստւածահաճոյ եւ ազգանւէր քայլի կապակցութեամբ:
Նիւթը կազմեց՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ