ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում ընթերցւեց Վեհափառ Հայրապետի 2025 թւականի հռչակագիրը

Կիրակի՝ յունւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում մատուցւած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, քարոզախօսութեան պահին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2025 թւականը «Աւանդութիւնների վերակենսաւորման տարի» անւանելու կապակցութեամբ:

Հռչակագրի աւարտին Վեհափառ Հայրապետը թելադրել էր.

ա. Աւանդութեան կարեւորութիւնը շեշտող յօդւածներ գրւեն հո­գեւոր հայրերի ու մտաւորականների կողմից:

բ. Մատչելի եւ դաստիարակչական մօտեցումով յա­տուկ գրքոյկներ պատրաստւեն՝ աւանդութիւնների ծնունդը, հոլո­վոյ­թն ու նպատակը պարզող:

գ. Հոգեւոր հայրերը, թէ՛ իրենց քարոզների, եւ թէ՛ ընտանիքներին տւած այցելութիւնների ընթացքում, յիշեցնեն մեր աւանդութիւն­ների ներկայացրած իւրայատո՛ւկ կարեւորութիւնը:

դ. Մեր կառոյցները, յատկապէս տիկնանց միութիւնները, ժողովրդա­յին յատուկ հաւաքներ կազմակերպեն՝ աւանդութիւններ բա­ցատ­­րող եւ նրանց դերն ու այժմէականութիւնը պարզող:

Պատարագից յետոյ Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ Ջրօրհնէք, իսկ եկեղեցու սրահում իրականացւեց միջոցառում՝ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու անւանակոչութեան առթիւ:

Նշելի է, որ Վեհափառ Հայրապետի հռչակագիրն ընթերցւել է նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւած կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button