Գայլ Ալիեւն ընդդէմ գառ Փաշինեանի. պարզ է, թէ ով ում է բզկտելու
Թւում է, թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը:
Անցեալ շաբաթ, երբ նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցէին, Փաշինեանը պատասխանեց յաւելեալ զիջումներով։ Կարծես թէ Ալիեւն է Բաքւից կառավարում Հայաստանը։
2025 թւականի յունւարի 7-ին Ալիեւը ծաւալուն մամուլի ասուլիս տւեց ադրբեջանական լրատւամիջոցներին, որի ընթացքում չափազանց ստորացուցիչ տոնով ամբարտաւան յայտարարութիւններ արեց Հայաստանի մասին։ Ահա հատւածներ նրա յայտարարութիւններից.
– Հայաստանը Տաւուշի մարզի չորս գիւղերը վերադարձրեց Ադրբեջանին «աւելի շուտ մենախօսութեան, քան երկխօսութեան արդիւնքում»։ Հայաստանն այս գիւղերը վերադարձրեց «ճնշման տակ»։
– «Հայաստանը չի կարող մեզ հետ մրցել սպառազինութիւնների մրցավազքում»։
– «Անկախ հայկական պետութիւնն, ըստ էութեան, ֆաշիստական պետութիւն է …. Կամ Հայաստանի ղեկավարութիւնն այն կոչնչացնի, կամ էլ մենք»։
– «Հայաստանն անյապաղ կերպով պէտք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան եւ Հայաստանին զէնք մատակարարող միւս պետութիւնները պէտք է դադարեցնեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդէն իսկ Հայաստան մատակարարւած սպառազինութիւնը պէտք է վերադարձւի»։
– «Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն անհնարին է»։
– «Զանգեզուրի միջանցք»-ը պէտք է բացւի եւ այն կը բացւի»։
– «Նրա [նախագահ Թրամփի] առաջին ժամկէտի ընթացքում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի յարաբերութիւններում որեւէ խնդիր չկար։ Ընդհակառակը, յարաբերութիւնները շատ դրական էին, եւ մենք կարողացանք առաջընթաց գրանցել շատ ոլորտներում։ Ադրբեջանի հետ կապւած Բայդէնի վարչակազմի գլխաւոր սխալն այն էր, որ նրանք զոհաբերեցին ամերիկա-ադրբեջանական յարաբերութիւնները յանուն հայ-ամերիկեան յարաբերութիւնների»։
– «Հաշւի առնելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը, ըստ էութեան, ներառում է պատմական հողերը, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել, այսօր մենք պնդում ենք, որ 300 հազար արեւմտեան ադրբեջանցիներ պէտք է վերադառնան այդ շրջանները։ Սակայն այդ շրջանից տեղահանւածների ընդհանուր թիւը, որոնք այժմ ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ իրենց ժառանգների հետ միասին, մի քանի անգամ գերազանցում է 300 հազարը»։
Այն բանից յետոյ, երբ հայկական լրատւամիջոցների ներկայացուցիչները դժգոհեցին Ալիեւի սպառնալից մեկնաբանութիւնների վերաբերեալ Փաշինեանի տարօրինակ լռութիւնից, նա վերջապէս համաձայնեց յունւարի 8-ին պատասխանել «Արմէնպրես»-ի մի քանի հարցերին.
Փաշինեանն ասաց, որ Հայաստանի մասին ագրեսիւ յայտարարութիւններ անելով՝ Ալիեւն ակնկալում էր, որ Հայաստանից նմանատիպ ագրեսիւ պատասխանը «հիմք կը ստեղծի տարածաշրջանում նոր էսկալացիայի համար։ Մենք չենք գնալու այս ճանապարհով, հաւատարիմ ենք մնալու խաղաղութեան ռազմավարութեանը»։ Փաշինեանը շարունակում է խաղաղութիւն մուրալ եւ անտեսել Ալիեւի բազմաթիւ մերժումները։ Ալիեւը նախընտրում է Հայաստանի մի կտոր, քան թղթի մի կտոր, որն անտեսելու է նոյնիսկ իր ստորագրելու դէպքում: Այս կարճ հարցազրոյցում Փաշինեանը 11 անգամ կրկնեց խաղաղութիւն բառը։
Երբ նրան խնդրեցին պատասխանել Ալիեւի այն մեղադրանքին, թէ Հայաստանը «ֆաշիստական պետութիւն է», Փաշինեանը երկչոտօրէն համաձայնեց, որ Ադրբեջանում կայ նման ընկալում Հայաստանի մասին, ինչպէս որ Հայաստանում կայ նման ընկալում Ադրբեջանի մասին։
Ալիեւի կողմից Հայաստանի տարածքով ադրբեջանական միջանցքի մշտական պահանջների առնչութեամբ, Փաշինեանը հերթական անգամ չպահանջեց, որ, ինչպէս նշւած է 2020 թւականի համաձայնագրում, Ադրբեջանը թոյլ տայ փոխադարձ մուտք Հայաստանին Ադրբեջանի տարածքով:
Պատասխանելով Ալիեւի՝ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս «Արեւմտեան Ադրբեջան» անւանելու մասին հարցին՝ Փաշինեանը պարզապէս ասաց. Ալիեւը «այս թեմայով նոր բան չի ասել, որ ես նոր արձագանգ ունենամ»։
Անդրադառնալով Հայաստանի կողմից զէնք ձեռք բերելու վերաբերեալ Ալիեւի բողոքներին՝ Փաշինեանը յայտարարեց. «Ոչ ոք չի կարող վիճարկել պաշտպանւող բանակ ունենալու Հայաստանի Հանրապետութեան իրաւունքը»։ Այնուհետեւ նա յաւելեց. «Մենք Հայաստանի Հանրապետութեան աւելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացւած տարածքները ռազմական ճանապարհով յետ բերելու խնդիր չենք դնում .…»:
Հայաստանի կողմից հրադադարը խախտելու վերաբերեալ ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Փաշինեանը կրկնեց իր առաջարկը՝ «ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերեալ ամէն ահազանգ համատեղ ստուգենք եւ գանք համատեղ եզրակացութիւնների»։
Յունւարի 9-ին Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակեց ծաւալուն մի յայտարարութիւն՝ բաղկացած 17 կէտից՝ կատարելով Ալիեւի զիջումների պահանջները։
Նա «Արեւմտեան Ադրբեջանը» նկարագրեց որպէս Ադրբեջանի արեւմտեան մասում գտնւող մի քանի քաղաքներից բաղկացած տարածք, ներառեալ Արցախի հատւածները։ Նա Հայաստանի Հանրապետութեան քաղաքները կեղծօրէն անւանեց որպէս «Արեւմտեան Հայաստան»՝ նենգաբար յաւելելով. «սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Հայաստան»։
Այնուհետեւ նա մանրամասնեց «տարածաշրջանում երկարատեւ կայունութիւն եւ խաղաղութիւն հաստատելու» բաղադրիչները.
– «Փոխադարձաբար հրաժարւել էսկալացնող խօսոյթներից»։
– «Շարունակել սահմանազատման աշխատանքը»։
– «Կնքել Խաղաղութեան պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է»։
– «Իրագործել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը»։
– «Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննութեան համատեղ մեխանիզմ ներդնել»։
– «Ամբողջական կերպով լուծել պահւող անձանց խնդիրը»։
– «Ամբողջ ինտենսիւութեամբ աշխատել գտնւելու վայրն անյայտ համարւող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրայ»։
– «Հրաժարւել միմեանց նկատմամբ առաջադրւած պահանջներից, ներառեալ բայց ոչ միայն միջազգային դատական ատեաններում»:
– «Աշխատել Խաղաղութեան պայմանագրի կէտերի ամբողջական եւ արդիւնաւէտ իրագործման վրայ»։
– «Սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման, քւոտաւորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւաւորել»։
– «Երկու երկրներից փախստականների հետ կապւած հարցերը քննարկել ամբողջութեան մէջ, խաղաղութեան հաստատումից յետոյ ձեւաւորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական յանձնաժողով»։
– «Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Այս կէտերից մի քանիսը Փաշինեանի նախկին առաջարկների կրկնութիւնն են, որոնք Ալիեւը չի ընդունել։ Սակայն դրանցից մի քանիսը հակասում են Հայաստանի շահերին, մասնաւորապէս՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի յետ կանչումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու պահանջներն էլ եղել են Ալիեւի թելադրանքով։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ