Քաղաքական

ԱԿՆԱՐԿ. «ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ»՝ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆ

ՀԱՏԻՍ

 

«Գլոբալիստական հայրենասիրութիւն» արտայայտութիւնն ինքնին գաղափարական հակասութիւն է։ Հայրենասիրութիւնը ենթադրում է հաւատարմութիւն սեփական երկրին՝ ազգային սահմանները, ինքնիշխանութիւնն ու ազգային շահը ընկալելով որպէս սրբութիւն։ Մինչդեռ գլոբալիզմը շեշտադրում է այդ սահմանների գերազանցումը եւ պետական կառավարման առանցքային խնդիրների տեղափոխումը միջազգային հարթակներ։

Այս իմաստով այս երկու հասկացութիւնները չեն կարող համատեղ գոյութիւն ունենալ։ Նորմալ պետութիւններում նման գաղափարական խառնուրդը կարող էր դիտարկւել որպէս ազգային անվտանգութեան սպառնալիք, ուր մնաց՝ դրանով պետական քաղաքականութիւն ու զարգացման ուղեգիծ ուրւագծելը։

Հայրենասիրութիւնը սեփական երկրի շահերը առաջնահերթ համարելու մասին է։ Գլոբալիզմը, հակառակը, ձգտում է այդ շահերը տեղաւորել միջազգային օրակարգերի շրջանակում՝ յաճախ երկրորդ պլան մղելով ազգային ինքնութիւնը։ Այս հակադրութիւնը յատկապէս սուր դրսեւորում է ստացել Հայաստանում՝ 2018 թւականից ի վեր։

Արդիւնքների մասին այսօր խօսելն արդէն աւելորդ է։ Հայաստանին պարտադրւած պարտութիւնը, որն այսօր էլ շարունակւում է տարբեր ձեւերով, եւ գլոբալիստական շրջանակներում ներկայացւում է ոչ թէ որպէս ձախողում, այլ որպէս «գլոբալ արժէհամակարգին ինտեգրւելու գործընթաց»։ Օրինակների անհրաժեշտութիւն այլեւս չկայ, յատկապէս Արցախի կորստից յետոյ։

Գլոբալիզմը կարող է շարունակել գրաւիչ թւալ պարտքերի մէջ խրւած, տնտեսական խնդիրներ ունեցող երկրների համար, որտեղ հասարակութիւնը ուղղորդւում է «զարգացած աշխարհի» հետ կապւելու գաղափարով։ Սակայն նոյն այդ մօտեցումը, զարգացած պետութիւնների դէպքում, կարող է ընկալւել որպէս ազգային անվտանգութիւնը վտանգող գործօն։ Պատահական չէ, որ Խրիմեան Հայրիկը ժամանակին յստակեցրել է նոյն այդ եւրոպական միտքը․ «Իր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կեանքի մէջ ապրելու իրաւունք չունի»։

Պարզաջրած միտքով՝ գլոբալիստական օրակարգի ճանապարհին առաջին խոչընդոտը հայրենասիրութիւնն է, երկրորդը՝ ազգայնականութիւնը։

Հայրենասիրութեան դէպքում քննարկման առանցքում հայրենի տարածքն ու հողին պատկանելու զգացումն են։ Այստեղ անհատն ու հանրութիւնը ձեռնարկում են բոլոր միջոցները՝ սեփական երկրի գոյութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու համար։

Իսկ ազգայնականութեան կենտրոնում ինքնութիւնն է։ Այն գոյութեան պահպանման բնազդ է, յատկապէս այն պահերին, երբ ժողովուրդն զգում է, որ իր ինքնութիւնը, լեզուն կամ պատմական յիշողութիւնը վտանգւած են։

Ինչքան էլ, որ հասարակութեանը յաջողւի համոզել, որ պատերազմական վտանգն անցեալում է, «ազգայնականութեան» հարցն անխոչնդոտ վերադառնալու է օրակարգ՝ պատմական արմատներով ազգային ընկալումների եւ «նորաոճ» կառավարման միջեւ խորացող անջրպետի պատճառով։

 

Սփիւռքից հայրենիք տեղափոխւածների մօտեցումներն ու ընկալումները

Առանձին դիտարկման են արժանի նաեւ Հայաստանում բնակութիւն հաստատած նախկին սփիւռքահայերի մօտեցումները։ Նրանցից շատերը, կրելով դժւարութիւններ եւ երբեմն նիւթական կորուստներ, ընտանիք ու կարողութիւն են տեղափոխել Հայաստան։ Տնտեսական կայունութիւնը եւ զինւորական ծառայութեան շեմին կանգնած որդիների հարցը յաճախ դառնում են որոշիչ գործօններից, ինչի հետեւանքով անհատը հակւում է պաշտպանելու այն քաղաքական թեզերը, որոնք, իր ընկալմամբ, չեն ուղեկցւում պատերազմի վտանգով։

Այս խմբին զուգահեռ գոյութիւն ունեն նաեւ նրանք, ովքեր թէեւ շատ չեն եւ մատերի վրայ կարելի է հաշւել նրան, այնուամենանիւ ունեն ազդեցութեան դաշտ, եւ գրանտային համակարգերի կամ անձնական շահերի դիմաց պատրաստ են սպասարկել ցանկացած իշխանական օրակարգին։

Մինչ օրս ամբողջութեամբ պարզ չէ այն ուժերի իրական չափն ու նպատակները, որոնք կարող են մէկ ակնթարթում հասարակութեան մէջ ալիք բարձրացնել՝ մղելով կարճաժամկէտ, բայց անվտանգային առումով ճակատագրական որոշումների։

Եւ վերջապէս «Գլոբալիստական հայրենասիրութիւնը» լուծում լինել չի կարող, այն խնդիր է։ Այն գաղափարական մշուշ է, որը քօղարկում է ազգային պատասխանատւութիւնից հրաժարւելու գործընթացը։ Իսկ պետութեան, ժողովրդի եւ ինքնութեան հարցերում մշուշը միշտ աւարտւում է կորուստներով։

Related Articles

Back to top button