Կիեւի բայրաքթարեան «ներկայացումը»
«ԱԼԻՔ»- Սոցիալական ցանցերում Կապոյտ թռչնակով, որը վերանւանւել է «X», շարունակում են լուսաբանւել Արեւմտեան մամուլի ցենզուրայի ենթարկւած նիւթերն ու հրապարակումները: Նոյն ստւերներում յայտնւած տեղեկատւութիւններից էր Ուկրաինայում տեղի ունեցած ԱԹՍ-ների ցուցահանդէսին ռուսական հրթիռով թիրախաւորւած թուրքական «Բայրաքթար» ընկերութեան ներկայացուցիչների խումբը:
Այս մասին պատմող տեսանիւթերը մէկը միւսի յետեւից հրապարակւել սկսեցին «X»-ում , որտեղ պարզ երեւում է, թէ ինչպէս է «Շահեդ» տեսակի ԱԹՍ-ն թիրախաւորում Ուկրաինայի Չեռնոգով քաղաքի կենտրոնական թատրոնի շէնքը:
Յարձակման մասին առաջին հրապարակումները խիստ դրամատիկ երանգաւորում ունէին, որով նշւած էր, թէ խաղաղ բնակչութիւն է զոհւել, ովքեր ներկայացում դիտելու համար էին գտնւում թատրոնի շէնքում:
Սակայն քիչ անց, տեղեկատւութեան արտահոսք տեղի ունեցաւ, որի համաձայն, յարձակման թիրախում՝ Ուկրաինայում կազմակերպւած ԱԹՍ-ների ցուցահանդէսն է եղել, որտեղ թուրքական «Բայրաքթար» ընկերութիւնը նշանակալի ներկայութիւն ունէր եւ պատրաստւում էր իր նոր ձեռքբերումները վաճառել Կիեւին: Այս մասին տեսանիւթերը հրապարակել են ուկրաինացի բլոգերները:
Համաձայն իրազեկ աղբիւրների՝ յարձակման պահին ցուցահանդէսի վայրում են եղել «Բայրաքթար» ընկերութեան թւով 14 մասնագէտներ ու սպաներ, ովքեր գործուղղւել էին Ուկրաինա՝ ներկայացնելու իրենց արդիւնաբերութեան գլուխգործոցի՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի վերջին օրինակները: Էրդողանի փեսան, ով «Բայրաքթար» ընկերութեան սեփականատէրն է, սրանով յոյս ունէր, որ կը կարողանայ ապրանքը վաճառելու երկրորդ շանսի արժանանալ: Յիշեցնենք, որ բայրաքթարները անարդիւնաւէտ աշխատեցին ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շրջանում, ինչը բացասական ազդեցութիւն ունեցաւ միջազգային շուկայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների վաճառքի եւ պահանջարկի վրայ:
Առաւել ուշագրաւ է այն փաստը, որ այժմ, երբ հաստատւել է, որ թատրոնի շէնքում թատերական ներկայացման փոխարէն իրականացւում էր ԱԹՍ-ների ցուցահանդէս, «Շահեդ» հարւածային ԱԹՍ-ի անունի փոխարէն շրջանառւում են ռուսական արտադրութեան հրթիռի տեսակի մասին լուրերը:
Այս մասին իր միկրոբլոգում գրառում տեղադրելով նշել է ռազմական արդիւնաբերութիւններով հետաքրքրւող օգտատէրը, ով անդրադարձել է նաեւ յարձակման մասին թուրքական կառավարութեան պահպանած քար լռութեանը:
Նրա գրառմանը պատասխանած միւս օգտատէրերը մեկնաբանութիւնների բաժնում նշել են, որ հետաքրքիր է այն փաստը, որ ուկրաինացի աղջիկները չեն դադարում նկարւել նոյնիսկ պատերազմական պայմաններում, յատկապէս, ռմբակոծութիւնների ժամանակ, քանի որ տեսանիւթերը, որտեղ հարւածի պահն է ֆիքսւել, տեսագրւել են ուկրաինուհիների սելֆիներ անելու պահին: «Այս պատմական պահերն արձանագրելու համար մենք պարտական ենք ուկրաինուհիներին»,- նոյն կապակցութեամբ նախկին մեկնաբանողին է երկրորդել մէկ այլ օգտատէր: