ՀարցազրոյցՄշակութային

Անտուան Ագուջդեան. «Ժառանգութեան, պատմութեան եւ յիշողութեան վաւերագրման ներքին հարկադրանքը ինձ տարեցին պատերազմական տարածութիւն»

Լուսանկարն ինքնին կարեւորագոյն միջոցն է մարդկային ցաւի, կարեկցանքի, պատմութեան եւ ժառանգութեան փոխյարաբերման ուղղութեամբ, մասնաւորապէս ինքնութեան հարցադրումները, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջդեանին տարել են պատերազմական տարածութիւն որոնումների, նրան դարձրել մեր ժամանակների լուսանկարչական հսկաներից մէկը:

Անտուան Ագուջդեանը միջազգային այնպիսի հեղինակաւոր պարբերականների հետ գործակցող լուսանկարիչ է ինչպիսիք են՝ «Le Figario», «The Guardian», «Arte Tv»-ն:

Նա ֆրանսալեզու լուսանկարչական մի քանի գրքերի հեղինակ է, որոնք արժանացել են միջազգային մրցանկաների՝ «Prix Bayeux-Calvados des correspondants de guerre» Մոսուլի պատերազմի վերաբերեալ (2017), «Visa d’or humanitaire du CICR»՝ Արցախում կատարած իր աշխատանքի համար (2021):

​​Անտուան Ագուջդեանն իր սեփական կեանքով է կերտում ինքնատիպ այն պատմութիւնը, որը ճեղքում է մեզ պարտադրւող լռութիւնը եւ տեսանելի է դարձնում պատերազմի, անցեալի եւ ներկայի, պատմութեան եւ յիշողութեան միջեւ կապը:

Անտուան Ագուջդեանի պատերազմական լուսանկարները վաւերագրական եւ գեղարւեստական բարձր արժէք ունենալուց բացի, մարդուն պարտադրում են խորհել, բացայայտում ամենախորը եւ յաճախ մարդկային տեսակի դաժան խորքերը, նշմարում՝ թէ ո՞վ ենք մենք իրականում եւ ի՞նչ է կատարւում մեր նկատմամբ:

Սա սէր է, որն ուղնուծուծով զգում ես սեփական ազգիդ նկատմամբ

-Շնորհակալ եմ պարոն Ագուջդեան, որ համաձայնեցիք զրուցել:

-Ողջոյն Սիւն, ոնց ես:

Գիտես, «Biopic»-ի վրայ էի աշխատում եւ մինչեւ այժմ աշխատանքի էի, միւս տարի պէտք է ըլլայ Ազնաւուրի մասին այդ «Biopic»-ի ներկայացումը: «Biopic»-ը այն գիտէք նշանաւոր անձնաւորութիւնների մասին ֆիլմ է, լինքը կուղարկեմ Ձեզ:

-Շատ հետաքրքիր է:

-Եկէք սկսենք:

Որտե՞ղ էք ծնւել, կը պատմէք Ձեր մասին:

-Ես ծնւել եմ Ֆրանսիայում, 1961 թւականին, իմ սերունդը բախտ ունեցաւ հանդիպելու Ցեղասպանութեան վերապրողների, յատկապէս իմ քաղաքում, որը կոչւում է Ալ-Ֆորւիլ՝ Փարիզի արւարձաններից: Շատ հայութիւն է եղել այստեղ, իմ սերունդը վերջին սերունդն է, որը հանդիպել է վերապրածների, այն խորն է ազդել իմ հոգեբանութեան վրայ: Այն ժամանակ քիչ նկարներ կային Ցեղասպանութեան մասին, ամբողջ դաստիրակութիւնս եղել է, վերապրողների, աքսորի, տեղահանումների մասին պատմութիւններ լսելով, այդպէս եմ ապրել ու մեծացել, Հայոց Ցեղասպանութեան վերապրած սերնդի ժառանգ լինելով:

ազում լուսանկարներ էք կատարել կոնֆլիկտային-պատերազմական միջավայրերւմ, Սիրիա, Լիբանան, Իրաք, Արցախձեզ պատերազմների ո՞ր հատւածն է հետաքրքրում, առաջնագիծը, թիկունքը՞, թէ՞ հետեւանքները:

-Գիտէք, ես այդպէս էլ չեմ համակերպւել զուտ պատերազմական լուսանկարիչ լինելու մտքին: Ես աւելի ճիշտ լուսնկարիչ եմ, որ պատերազմ է վաւերագրել եւ հետեւում է իր ժառանգութեանը Թուրքիա, Սիրիա, Իրաք եւ ամէն տեղ. պատերազմը մաս է կազմում մեր ժառանգութեան, այդ պատճառով որոշեցի գնալ պատերազմի դաշտեր, պատերազմական վայրեր, եւ առաւելաբար՝ առաջին դիրքեր:

Ես վերցնում, կարդում եմ հայկական պատմութիւնը, այդ պատմութեան ուսումնասիրութեան ժամանակ նշում, ընտրում եմ վայրեր, որտեղ եւ գնում եմ: Նախքան Թուրքիա գնալը տեղորոշեցի քարտէզին, որ պէտք է գնալ՝ Դիարբեքր, Վան, Քիւթահիա, ամբողջ այդ վայրերը, այո՛ մեր պատմութիւնն են ներկայացնում: Իրաքեան պատերազմը… գիտէք, Ցեղասպանութեան ժամանակ հայերը աքսորւել են մինչեւ Մոսուլ, Դահուք, այնտեղ 2 գիւղ կայ, որ հայեր կան, քրիստոնեայ են, մի մասն էլ քրդեր են, գնացել էի այն վայրեր, որոնք կը պատկանեն մեզ:

Բանն այն է, որ եղել եմ Իրաքի պատերազմում ոչ միայն զուտ որպէս լրագրողի, այլ, նաեւ, որպէս հայի, որը ցանկութիւն ունի ստեղծել նկարներ, որոնք պատկանում են մեր ժառանգութեանը եւ ամբողջ այդ պատերազմներին, որոնց մասնակցել եմ Միջին Արեւելք՝ Սիրիա, Իրաք եղել եմ այնպիսի վայրերում, որոնք պատկանել են մեր պատմութեանը, օրինակ՝ Սիրիայում ԴԱԷՇ-ի կենտրոն Դեր Զորը, այն պատկանել է մեր պատմութեանը:

-Այսինքն հայկական ժառանգութեան որոնումներն են Ձեզ տարել պատերազմի գօտիներ:

-Այո, այդպէս է, ես լուսանկարչութիւնը սկսեցի 1988 թ.-ի երկրաշարժին եւ մինչեւ հիմա աշխատում եմ մեր յիշողութեան համար:

ատկերը, որ ունեցել էք Ցեղասպանութեան վերապրողների, որի հիման վրայ նաեւ ֆիլմ էք նկարահանել, նմանութիւններ ունե՞ն Արցախեան վերջին պատերազմի պատկերի հետ, որին մասնակցել էք:

-Հարիւր տոկոս ունեն: Ես 3 ամիս մնացի արցախեան վերջին պատերազմին մէկ-մէկ մտածում էի երազ է, վատ երազ է. եւ պէտք է արթնանալ, ապրում էի, ապրում էի այն ինչ փնտրում էի:

Գիտէք, մէկ ամիս առաջ եղել եմ Թուրքիայում, «Arte Tv»-ի կողմից ինձ տարեցին Թուրքիա նկարելու երկրաշարժի հետեւանքները եւ պարզւեց, որ այդ ժուռնալիստը, որի հետ էի, լաւ գիտի իմ աշխատանքները, ով ցանկութիւն յայտնեց գնալ Musa Dagh (Մուսա լեռ) Վաքիֆլի գիւղ, վերջին գիւղը, որը հայկական է: Այնտեղ ինձ մեր պատմութեան մասին հարցրեց, կասե՞ս ինչ ես զգում հիմա, երբ հայկական հողի վրայ ես, ասացի, որ ես պատկերացնում եմ հայերին, զգում եմ հայերին որոնք իջնում են սարից, նրանց փրկում են ֆրանսական զինւորները: Արցախեան պատերազմը ինձ համար նոյնն է, մարդիկ կան, որ ասում են կրկրնւում է, բայց ես երբեք այդ բառը չեմ կիրառել, արցախեան պատերազմը Ցեղասպանութեան կրկնութիւնը չէ, այլ, շարունակութիւնն է: Թուրքերը, որոնք չպատժւեցին Ցեղասպանութեան համար այսօր շարունակում են: Վան, Սասուն, Մուշ, Musa Dagh, Արցախ նոյն պատմութիւնն է: Շրջափատւած են, խեղդւում են եւ Արցախում աշխարհը չի շարժւում:

Դուք լաւատես է՞ք մարդկային տեսակի նկատմամբ։ Նկատի ունեմ, որ ամենավատը տեսնում էք մարդկանց մէջ:

-Մենք պէտք է լաւատես լինենք, որովհետեւ հարեւանները երբ կոտորել են մեզ հայերիս, մենք կրկին կառուցել ենք: Հայը ժողովուրդ է, որը մարդամօտ է, հիւրասէր, մենք դիմադրողականութիւն ունենք, ուրիշ ազգերի մէջ չկայ այդ դիմադրողականութիւնը:

Ժամանակ եղաւ, երբ Ստեփանակերտը ուրւականի քաղաք դարձաւ, թուրքերը գրաւեցին Շուշին, բայց հայերը վերադարձան եւ Ստեփանակերտը սկսեց բնականոն կեանք ունենալ, լոյսերը միացան, ռեստորանները սկսեցին աշխատել, հայերը յատուկ դիմադրողականութիւն ունեն, այսինքն, առանց բողոքելու, իրենք քարը կառնեն եւ կը կառուցեն, մեր մէջ կայ սա: Բայց մեր հարցը քաղաքական է, մեր խնդիրը քաղաքական է:

-Դաժանութեան առումով, ձեր տեսած բոլոր զինւորականներից արդեօք հայ զինւորականներն առանձնանո՞ւմ էին Արցախում իրենց պահւածքի համար:

-Գիտէք, բարդ է պատասխանելը, զինւորը զինւոր է: Կը պաշտպանէ իր հողը, կը պաշտպանէ իր ընտանիքները, ամէն տեղ էլ զինւորները արժանապատւութիւն ունեն, նոյնն են, բայց ես որպէս սփիւռքահայ ծնւած լինելով, Ֆրանսիայում, իմ յիշողութիւնը միայն հոգեբանական էր այնտեղ, Արցախում ապրեցի 1915 թւականը: Իրօք այդպէս զգացի, տեսայ զինւորների, որոնք կը պաշտպանեն իրենց գիւղը, վարդապետների, որոնք զէնքեր կը վերցնեն պաշտպանելու եկեղեցիները: Հոգեկան ցնցում եղաւ այդ ամէնն ինձ համար, որպէս սփիւռքահայ հնարաւորութիւն չէի ունեցել մինչեւ պատերազմը կոնկրետ ձեւով գտնել իմ իրաւագրութիւնը, այն ժամանակ ոնց որ ես 1915 թւականը ապրեցի, նոյն ողնաշարը, ժառանգութիւնը, շատ ուժեղ զգացում էր, գիտես, չկայ օր, որ ես չեմ մտածում հայերի, Հայաստանի մասին:

-Պարոն Ագուջդեան, բարդ չէ՞ մարդկանց ուշադրութիւնը փորձել կենտրոնացնել տառապող, պատերազմի մէջ յայտնւած մարդկանց մասին պատմութիւններին, երբ նրանք, նկատի ունեմ նրանց մասին պատմող լուրերը, լուսանկարները, յայտնւում են գովազդերի վահանակների կողքին:

– Բարդ է, գիտէք, չգիտեմ ոնց արտայայտել, բայց կասեմ մի բան, իմ գործերը յաջողեցին, երբ յայտնւեցին «Le Figaro»-ում, այդ ամսագրի նախագահը շատ է սիրում հայերին, Ժան-Քրիստոֆ Բիւսոնը: Ես Իրաքի եւ Սիրիայի պատերազներում եմ աշխատակցել այդ ամսագրին: Երբ արցախեան պատերազմը մեկնարկեց, զանգեցի իրենց, պատասխանեցին, որ չեն կարծում, թէ պէտք է երկար տեւի այդ պատերազմը, ասացին հետաքրքրւած չեն: Այդուհանդերձ, ես որոշեցի գնալ Արցախ, երբ գնացի, 15-օր յետոյ զանգեցին, ասելով, որ «վերջիվերջոյ նկատել ենք, որ Արցախը միայն էթնիկ պատերազմ չէ, եւ աւելի խոր պատերազմ է»: Ցանկութիւն յայտնեցին իմ գործերը հրապարակել եւ յաջողութիւն ունեցայ, 30 տարւայ ընթացքում աշխատել եմ այդ ուղղութեամբ, կատարել եմ ինչպէս Արմին Վեգները կատարեց Ցեղասպանութեան ժամանակ:

Պատերազմներում բացի մահերից, նաեւ մահւանից փրկւածներ են լինում, եղե՞լ են դէպքեր, երբ դուք դանդաղ մօտեցել էք նրանց, կամ պարզապէս տեսողական կապ էք հաստատել նրանց հետ, կամ ցոյց էք տւել ձեր տեսախցիկը եւ նկարել

-Նման շատ դէպքեր են եղել առաջին երկրորդ դիրքերի վրայ: Գիտէք, առաջին դիրքը ամէն տեղ էր, որովհետեւ դրոնների պատճառով երբ թուրքերը մօտեցան եւ գրաւեցին Շուշին մենք չգիտէինք որտեղ գնալ, ամէն վայրկեան պէտք է փոխէինք մեր վայրը, որովհետեւ դրոններ ունէին նրանք: Մարտակերտի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսեանի հետ, երբ վերադարձայ Ստեփանակերտ ինքը պէտք է գնար Մարտունի, մենք միասին շատ լաւ աշխատեցինք: Խնդրեցի իր հետ գնալ Մարտունի, համաձայնեց, ասաց խնդիր չկայ, միւս օրը, երբ պէտք է գար իմ հետեւից, ինքն այդպէս էլ չեկաւ, գնացի տեղեկատւական կենտրոն, Սուրէնը իմ միւս ընկերը շատ խիստ, շատ անյարմար լեզւով ասաց,- Արթուր Սարգսեանին մի սիլով խփեցին, մինչդեռ մենք միասին պէտք է լինէինք…

-Նման ծանր իրավիճակներոմ ընկճւո՞ւմ էքբարկանո՞ւմ:

-Դժւար է, Սիւն շատ դժւար է: Երբ սկսեցի լրագրողական գործունէութիւնս, ես զգացի կարող է լինել մի գործիք, որ ինձ կօգնի ներկայացնել իմ ներքին աշխարհը:

Որոշ լուսանկարիչներ տեսախցիկի մասին խօսում են որպէս զէնք: Դուք այդպէ՞ս էք մտածում ձեր տեսախցիկի մասին։

-Ճիշտ է, ես մինչեւ հիմա ինչ-որ կը պատահի չեմ քննադատում: Վերցնում եմ, որպէսզի արտայայտեմ: Վերցնում եմ, որպէսզի արտայայտեմ մեր մասին: Երբ կապիտուլիացիան եղաւ, որ հայերը ընդունեցին պարտութիւնը, վերադարձայ Երեւան լուսանկարները «Le Figaro»-ին փոխանցելու համար: Վերադարձայ Քելբաջարի ճանապարհով Գէորգ Մնացականեանի հետ, երբ պատերազմը աւարտւել էր, առաջին դիրքերի վրայ դիակներ կը տեղափոխէին, երիտասարդների, վզին խաչեր կախած, բարդ էր այդ ամէնը, ահաւոր բարդ էր, ծանր, խեղդում էր:

Դուք բազմիցս էք մօտեցել մահւանը: Արժէ՞ արդեօք լուսանկարների համար, հաւատո՞ւմ էք, որ մարդիկ կը ցանկանան ինչոր բան անել այդ ամէնը դադարեցնելու համար:

– Չեմ մտածում այդ ամենի մասին: Ամէն մարդ իր գործը պէտք է կատարի, գործեր կան, որ աւելի վտանգաւոր են, ես կառուցում եմ արտիստիկ մի աշխատանք, այդ մօտեցումն է էական ինձ համար, այն է, որ վճարւած, չվճարւած կանենք, անկախ ձեզանից պէտք է կատարէք, գլխաւոր է, որ ես կառուցեմ իմ ներքին աշխարհը ու բախտաւոր եղայ, հանդիպեցի լուսանկարչութեան: Այն ամենալաւ գործիքն է ինձ համար, որովհետեւ վարպետների եմ հանդիպել, որոնք սովորեցրել են մասնագիտութիւնը, ես չեմ մտածում դրա մասին (մահւան): Գլխաւորն այն է, որ մինչեւ վերջ կառուցեմ այդ աշխատանքը, նոյնիսկ եթէ մէկը չի նայում իմ աշխատանքը, գլխաւորն այն է, որ ես շարունակեմ, եւ պէտք է շարունակեմ:

-Շնորհակալ եմ պարոն Ագուջդեան:

-Շնորհակալ եմ Սիւն ջան:

Անտուան Ագուջդեանը դեռեւս վտանգում է իր կեանքը, լուսանկարելու նկարներ, լոյս ընծայելու մի պատմութիւն, որին հնարաւոր է բարդ լինի հաւատալը, դժւար լինի դիտելը, բայց կարեւոր է երբեք չմոռանալ, չմոռանալը..:

 

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button