Քաղաքական

Հին Յունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները

ԱՐԱ ԱՅՒԱԶԵԱՆ

ՀՀ նախկին արտգործնախարար,

Դիւանագէտների Համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

 

Մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում աշխարհակարգերի ձեւաւորման եւ փլուզման, միջազգային յարաբերութիւնների զարգացման, պետութիւնների առաջացման, հզօրացման կամ անհետացման, ինչպէս նաեւ ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապէս եղել է պատերազմը: Հետեւաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագոյն մտածողները ձգտել են ընկալել պետութիւնների կողմից կազմակերպւած բռնութեան էութիւնն ու կանոնները եւ լոյս սփռել ապագայ սերունդների համար այս ամենաազդեցիկ երեւոյթի վրայ՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիաւելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլէոնը, Կլաուզեւիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն եւ Շլիֆֆենը, Մեհէնն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը եւ շատ այլ ականաւոր անհատներ ուսուցանելի ժառանգութիւն են թողել պատերազմի անփոփոխ բնոյթի եւ մշտապէս փոփոխւող եղանակի լուսաբանման վերաբերեալ:

Այդուհանդերձ, Հին Յունաստանի պատմաբան եւ զինւորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատւաւոր շարքում: Վերջինս իր անունն յաւերժացրած «Պելոպոնեսեան պատերազմի պատմութիւն» գիրքը բնութագրել է հետեւեալ կերպ. «Այս աշխատութիւնը նախատեսւած չէ ժամանակակից հանրութեան գրական ճաշակը բաւարարելուն, այլ արւել է յաւերժ մնալու համար»:

Մեծ յոյնի ստեղծագործութիւնն իրապէս վերապրել է ժամանակի մարտահրաւէրն ու սերնդէ սերունդ կրթել է քաղաքական եւ ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսեան պատերազմի պատմութեանը»: Այսպէս, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պէտքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնաւորւող «սառը պատերազմը». «Ես լրջօրէն կասկածում եմ, արդեօք որեւէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժէք իմաստութեամբ եւ խորը համոզմունքով այսօրւայ որոշ հիմնահարցերի վերաբերեալ՝ գոնէ իր մտքում չունենալով Պելոպոնեսեան պատերազմի եւ Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է. «Անկեղծ ասած, պէտք է հարցնել, թէ արդեօք 21-րդ դարի միջազգային յարաբերութիւնների գիտակները գիտե՞ն որեւէ բան, ինչ Թուկիդիդէսը եւ մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտէին պետութիւնների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարեւանների հանդէպ «վստահութիւնը»

1988 թւականից ի վեր պատերազմը՝ իր տաք եւ սառը դրսեւորումներով դարձել է մեր կեանքի եւ ապրելակերպի որոշիչ եւ անբաժանելի գործօնը: Որեւէ երկիր կամ գործիչ ապահովագրւած չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային յարաբերութիւններում ուժի դերի, ներքին եւ արտաքին քաղաքականութեան փոխկապակցւածութեան, դաշինքների կենսունակութեան եւ դաշնակիցների վարքագծի, քաղաքական եւ միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ եւ հիմնաւոր ընկալումն ու մասնագիտական վերլուծութիւնն ապացուցւած միջոցն են մարտահրաւէրներն ու սպառնալիքները յաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանեան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանօթ են Թուկիդիդեսի «Պատմութեանը», որն, ըստ էութեան, բացայայտելով ցանկացած հակամարտութեան էութիւնը տարածութեան եւ ժամանակի մէջ, կարող էր դարերի խորքից օգնութեան ձեռք մեկնել եւ կանխել ճակատագրական սխալները:

Ի՞նչ ընդհանրութիւն կայ 2,5 հազար տարի առաջ տեղի ունեցած Պելոպոնեսեան պատերազմի եւ մերօրեայ իրականութեան միջեւ: Մինչեւ պատերազմի բռնկումը մ.թ.ա. 432 թւականին կայացած բանակցութիւններում սպարտացիները վերջնագիր ներկայացրին աթենացիներին՝ պնդելով, որ հակադրման միակ լուծման ճանապարհը Աթենքը շրջապատող պատերը քանդելն էր: «Նւազեցրէ՛ք այդ պաշտպանութիւնները, եւ այդ դէպքում երկուսս էլ վստահութեան զգացում կունենանք»: Ի վերջոյ, 30-ամեայ պատերազմի աւարտին Աթենքը ստիպւած էր հաշտութիւն խնդրել եւ քանդել բարձր պարիսպները, որոնք պաշտպանում էին իրեն յարձակումներից։ Դրա հետեւանքով Աթենքի հզօրութիւնն իսպառ կոտրւեց։

Այսօրւայ Հայաստանի քանդւող պարիսպները՝ ֆիզիկական եւ ոչ միայն

Պարիսպները, որոնք ապահովում էին Հին Յունաստանի քաղաք-պետութիւնների պաշտպանութիւնը, 21-րդ դարում վերածւել են տարբեր զսպող եւ կանխարգելող պարսպապատ շերտերի: Իհարկէ, փոփոխւել են ծաւալներն ու ձեւերը, բայց պաշտպանողական բուն գործառոյթը դրանով չի փոխւել: Մեր հակառակորդները հետեւողականօրէն վերջնագրեր են ներկայացնում մեզ երաշխաւորող «պարիսպները» քանդելու վերաբերեալ: Ինչպէս Աթենքը 404 թւականին նւազեցրեց իր պաշտպանութիւնը, այնպէս էլ Երեւանը, 2020 թւականից յետոյ հաշտութիւն մուրալով, անշեղօրէն վերացնում է մեր պաշտպանողական պատնէշները: «Նշաձողի մի փոքր իջեցման» խօսոյթը սկսւեց Արցախով եւ աւարտւեց նոր ագրեսիայով, էթնիկ զտումների եւ բնաջնջման հետեւանքով մեր բնօրրանի հայաթափմամբ: Հայաստանի վահան Արցախի կորստից յետոյ յաջորդ փուլը ներառում է մեր սահմանամերձ «պարիսպների» քայքայումը, որին կը հետեւի նոյն «նշաձողի մի փոքր իջեցման» տրամաբանութեամբ մեր Զինւած ուժերի գործառոյթային կերպարանափոխումը:

Ոչ պակաս կենսական են հոգեւոր-գաղափարական «պարիսպները», որոնք ազգի հայրենասիրութեան եւ տոկունութեան առանցքային աղբիւրներն են: Պատերազմները պարզապէս ռազմական գործողութիւններ չեն. դրանք հակառակորդին ստիպելու կամ համոզելու հոգեբանական ներազդեցութիւններ են՝ ընդունելու սեփական ընդհանուր քաղաքականութեանը համապատասխան պայմաններն ու կամքը: Հէնց այստեղ է պետութեան՝ որպէս արժեհամակարգի պահապանի առանցքային գործառոյթը: Արժէհամակարգի գոյատեւումը պայմանաւորւած է արտաքին յարձակման պայմաններում իր անկախութիւնը պահպանելու՝ պետութեան կարողութեամբ: Հակառակորդների գաղափարական պաշարման եւ «Իրական Հայաստանի» պարտադրւող քարոզչութեան պայմաններում ազգային կամքի ոտնահարումն ու սպառումը նոյնքան անպիտան են դարձնում ռազմական գործիքները, որքան անօգուտ են դատարկ զրահները: Այսօր մեր արժէհամակարգային հիմնասիւն պարիսպները՝ Արարատը, Արցախը, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, հայ ժողովրդի պատմութիւնը, տեւական ժամանակ ենթարկւում են անդադար ոտնձգութիւնների: Վերջին նւիրական պարիսպն էր Հայոց Ցեղասպանութեան հիմնահարցը, որը մէկ դարից աւել մեր հաւաքական յիշողութեան եւ հայատեացութեան դէմ պաշտպանողական անձեռնմխելի եւ յաւերժական օղակն է: Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի նախաշեմին արւած խնդրայարոյց յայտարարութիւնները եւ բուն Ապրիլի 24-ը եկան ապացուցելու, որ ամբողջ հայութեանը միաւորող մեր պատմութեան ամենաողբերգալի էջը ներկայիս իշխանութիւնների կողմից ոչ միայն վերածւում է զուտ արարողակարգային միջոցառմանը, այլեւ ազգային կամքի տրոհման պայմաններում կարող է խմբագրւել եւ վերջնականապէս շրջւել յանուն այսպէս կոչւած «խաղաղութեան»:

Տարբեր սերունդների եւ պետութիւնների համար Թուկիդիդէսի «Պատմութիւնը» պատերազմի ու ռազմավարութեան անգնահատելի եւ մնայուն ուղեցոյց էր: Պետական այրերն ու ստրատեգները դասեր են քաղել Պելոպոնեսեան պատերազմից՝ դաշնակիցների ձեռքբերման եւ նրանց վարքագծի դրդապատճառների մասին: Փորձից ելնելով՝ ընդունւած է ասել, որ պարտւածներն աւելի շատ բան են սովորում իրենց պարտութիւնից, քան յաղթողները՝ իրենց յաղթանակից: Թուկիդիդէսը, լինելով պարտւած կողմի ներկայացուցիչ, Աթենքի անկման տարբեր պատճառներ է թւարկել: Այդուհանդերձ, արտաքին եւ աշխարհաքաղաքական զանազան գործօնների շարքում, չափազանց ուշագրաւ է նրա դիտարկումը, որ այն հասարակութիւնը, որտեղ ներքին կոնսենսուսը փլուզւել է, ի վիճակի չէ պատերազմելու. «Ահաբեկւած եւ պառակտւած քաղաքը դատապարտւած է պարտութեան»: Կարծում եմ, զուգահեռները ակնյայտ են:

Որպէս ամփոփում. ինչպէս 2500 տարի առաջ, այնպէս էլ այսօր, վաւերական է Թուկիդիդէսի պատերազմների ծագման ախտորոշումը. ազգերը պատերազմում են երեք պատճառով, որոնք են վախը, պատիւը եւ շահը: Մեր բոլորիս փայփայած արժանապատիւ, իրական խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ կազատւենք հակառակորդի հարկադրանքի ցանկացած վախից: Մեզ համար ապաքինման դեղատոմսը կարող է դառնալ հետեւեալ բանաձը. յաղթահարել վախը, վերականգնել միասնականութիւնն ու պատիւը, առաջնորդւել ազգային շահով:

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

Related Articles

Back to top button