Ռուս փորձագէտ. «Իրանն ու Ռուսաստանը շահագրգռւած չեն տարածաշրջանում օտարերկրեայ ուժերի ներկայութեամբ»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, Մերձաւորարեւելեան հակամարտութիւնների փորձագէտ Կիրիլ Սեմեօնովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է լուրերը, որ Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնները դէմ են Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտութեանը։
Փորձագէտի կարծիքով` Ռուսաստանն ու Իրանը շահագրգռւած չեն, որ ինչ-որ արտատարածաշրջանային ուժեր հաստատւեն Անդրկովկասի տարածքում։
«Իրանի համար անվտանգութեան խնդիրը հիմնարար նշանակութիւն ունի։ Նախկինում Իրանին սպառնացող հիմնական վտանգը գալիս էր Ադրբեջանից` Իսրայէլի հետ նրա համագործակցութիւնից, իսկ այժմ Իրանը որոշակի մտահոգութիւններ ունի Հայաստանի հետ կապւած՝ հաշւի առնելով այն կուրսը, որը վարում է Նիկոլ Փաշինեանը, հաշւի առնելով նրա սերտ համագործակցութիւնը ԱՄՆ յատուկ ծառայութիւնների հետ։ Հայաստան են եկել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (CIA) եւ Իրանի համար թշնամական այլ յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչներ։ Դա Իրանի համար ազդանշան է»,- ասել է Սեմեօնովը։
Նրա խօսքով՝ Ռուսաստանը նոյնպէս շահագրգռւած չէ, որ արտատարածաշրջանային ուժեր հաստատւեն Անդրկովկասի տարածքում. «Խօսքն առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամների մասին է»,- եզրափակել է Սեմեօնովը։