Տեղ գիւղի աւագանու անդամ. «Ադրբեջանցիներն արդէն փշալարեր են քաշել մեր հողերում»
«ԱԼԻՔ» – Համայնքապետարանից տեղեակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարութիւնից, միգուցէ մենք էլ հարցեր ունէինք տալու: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է Սիւնիքի մարզի Տեղ համայնքի աւագանու անդամ Մասիս Զէյնալեանը:
Նրա խօսքով՝ հանդիպմանը եղել են համայնքի ղեկավարը, ՔՊ-ական Ղուլունցը, իր քեռին եւ բնակիչները:
Հարցին՝ բնակիչներին եւս ընտրե՞լ են, նա պատասխանել է. «Չգիտեմ, երեխաներին են հանել, մանկավարժներ են: Ինչպէս իրենք են սիրում խօսել նախկիններից, նախկինում էլ մանկավարժներին էին բերում հանդիպման, հիմա էլ նոյնն է:
Վարչապետը Շիկահող գնացել է, մարդիկ իրենց յուզող հարցերը տւել են, հիմա ես էլ կուզենայի, որպէս բնակիչ եւ որպէս աւագանու անդամ իմ հարցերը տայի: Մի անգամ տւել եմ, անգամ գրաւոր եմ դիմել, մինչ օրս պատասխան չկայ: Ես ուզում էի անձամբ ցոյց տայի, ասէի՝ տեսէք, թէ մարդիկ ինչ ջուր են խմում, ցոյց տայի սահմանը, ասէի՝ տեսէք, թէ թուրքը որտեղ է եկել, կանգնել: Չնայած ինքը գիտի, ուղղակի կուզենայի տեսնել, թէ ինչ պատասխան է տալու»:
Անդրադառնալով հնարաւոր սահմանազատմանը, Մասիս Զէյնալեանն ասել է. «Ադրբեջանցիներն արդէն փշալար են քաշում: Չգիտեմ՝ ինչ սահմանազատում է լինելու, բայց որ մարդիկ արդէն փշալար են քաշել մեր հողերում, դա հաստատ է: Որտեղ իրենք կանգնած են, այդտեղ էլ փշալար են քաշել: Վերջերս են քաշել: Մերոնք էլ են քաշել»: