Հայը մնում է հա՞յ
Մեզ թւում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլօք էլ մեր մասին նոյնը չեն մտածում։
Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր պատմական պրիմիտիւիզմը, պետական մտածողութեան եւ պետականութեան ընկալման պատմական դեֆիցիտը, մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանութիւնը եւ պետական ռեսուրսները որպէս անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողութեան դեֆեկտը եւ այլ նման յատկանիշեր։
Մինչեւ մեր հաւաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգութիւնների եւ սխալների հիմքում մենք ենք, եւ որ հայը պէտք է սկսի փոխւել, ու չծնւեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են եւ տարածողները, մեզ մշտապէս ուղեկցելու են պարտութիւնները։
Միայն Նոր տարւայ առաջին օրերին Հայաստանում եւ Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցոյց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջութեան տարբերութիւնը։ Մեր հանրային օրակարգը պոկւած ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ յունւարի 1-ից BRICS-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշւի առնելով, որ այս տարւանից կազմակերպութեան նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի BRICS-ում նախագահում է Ռուսաստանը։
BRICS-ը համաշխարհային տնտեսութեան հեռանկարն է, ու հետեւաբար նաեւ՝ կարեւորագոյն քաղաքական-ուժային կենտրոն։
Հայաստանում ո՛չ իշխանութիւնը, ո՛չ ընդդիմութիւնը չեն խօսում այն մասին, որ BRICS-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատեգիական դաշնակիցներ, հասել է հէնց մեր սահմանին, աւելի պարզ՝ հասել է Սիւնիք։ Սիւնիքի թեման փակելու, Հայաստանի՝ գետնին ընկած կշիռը բարձրացնելու ամենագրագէտ հեռանկարը BRICS-ի հետ խոշոր տնտեսական եւ ենթակառուցւածքային ծրագրեր իրականացնելն է, BRICS-ի փողերով, հէնց հիմա, հէնց Սիւնիքում եւ Հայաստանով մէկ։ Ընդորում, ԵԱՏՄ-ում էլ այս տարի նախագահում է Հայաստանը։
Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողութեան էլիտաների առաջնորդութեամբ մսխում պետականութիւնը։
Մենք սարքել ենք ՄԷԿ հոգու սպասարկող պետութիւն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք, թէ ինչու է փլւում պետութիւնը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշւով տւել է պետական եւ հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողութեամբ։ Բաքւում ընթացող՝ Վագիֆ Խաչատրեանի դատը ոչնչով չի տարբերւում Երեւանում ընթացող՝ Արմէն Աշոտեանի դատավարութիւնից. արդարադատութեան, իրաւաբանութեան, ցինիզմի զրօ տարբերութիւն։
Մենք հայերս ենք ձեւաւորել ստի, ստորաքարշութեան, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետութեան մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թէ հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն։
Մինչեւ չփոխենք հարցադրումները, մինչեւ չփոխենք մեր եւ աշխարհի հարցերին նայելու տեսանկիւնը, մինչեւ չփոխւենք մենք, կորուստները լինելու են շարունակական։ Ոչ մի Նոր տարի ոչ մի բան չի փոխելու. այսպէս յանձնւած նստած՝ տարէցտարի քարշ ենք տալու մեր ծանր, չլուծւած հարցերն ու մեր իներցիոն, միայն դէպի փակուղի տանող պատկերացումները։ Հայը պիտի փոխւի, ուրիշ ճանապարհ չկայ։ Սկզբում պէտք է փոխւեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձեւաւորողները, հանրային օրակարգը, բարքերը, յետոյ՝ լայն հասարակութիւնը։
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍՅԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր