ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գալուզին. «Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է որպէս Ռուսաստանի դէմ հիբրիդային պատերազմի գործիք»

«ԱԼԻՔ» – Հայաստանի անցումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կը դարձնի Ռուսաստանի Դաշնութեան հետ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին ըստ [Yerevan.today](blocked)-ի՝ «Կոմսոմոլսկայա պրաւդա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անվտանգութեան ոլորտում Հայաստանի ինքնիշխանութեան հետագայ քայքայումը եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթէ հովանոցի» տակ արեւմտեան օրինաչափութիւնների անցումը պարզապէս անհնարին կը դարձնի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա։

Ինչպէս նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, արեւմտեան նարատիւների ազդեցութեան տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։

«Երեւանից գնալով աւելի յաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի եւ անվտանգութեան գործող համակարգի անհիմն քննադատութիւնները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է եւ անհեռատես»,- ասել է Գալուզինը։

Նրա կարծիքով՝ Երեւանի լիարժէք մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին եւ ծառայում է Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման գործին։

«Ինչ էլ խոստանան արեւմտեանները, որոնք դրդեցին Հայաստանի իշխանութիւններին «սառեցնել» մասնակցութիւնը Կազմակերպութեանը, ՀԱՊԿ-ին որպէս Հայաստանի անվտանգութեան ապահովման մեխանիզմ այսօր արդիւնաւէտ այլընտրանքներ չկան»,- վստահ է ռուս դիւանագէտը։

ՀԱՊԿ-ի ներուժի կառուցման ուղղութեամբ աշխատանքները համակարգւած են ընթանում՝ Երեւանը թողնելով յետեւում, ասել է ՌԴ փոխնախարարը։

«Մշակւում են ճգնաժամային արձագանգման նոր ալգորիթմներ, ամրապնդւում են կազմակերպութեան Հաւաքական ուժերի հնարաւորութիւնները՝ հաշւի առնելով ռուսական մարտական ​​փորձը, եւ ընդունւում են լուրջ ծրագրային փաստաթղթեր Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգութիւնն ապահովելու համար»,- ասել է Գալուզինը։

Ինչպէս նշել է ռուս դիւանագէտը, Մոսկւան բազմիցս եւ տարբեր մակարդակներով յստակօրէն յայտնել է Երեւանին յուզող հարցերը քննարկելու իր պատրաստակամութիւնը։

«Նրանք ընդգծեցին, որ Մոսկւան հաւատարիմ է եղել եւ մնում է համաձայնութիւնների ողջ շրջանակին թէ’ երկկողմ մակարդակով, թէ’ ընդհանուր ինտեգրացիոն կառոյցների շրջանակներում, եւ չի հրաժարւել իր դաշնակիցների հանդէպ ստանձնած պարտաւորութիւններից։ Միաժամանակ, մեր տարբեր նախաձեռնութիւններին պատասխան չենք ստացել»,- ասել է ՌԴ փոխնախարարը։

Նրա խօսքով՝ Մոսկւան ակնկալում է, որ «Հայաստանի ղեկավարութիւնը կունենայ բաւականաչափ քաղաքական իմաստութիւն՝ հասկանալու Արեւմուտքի խոստումների պատրանքային բնոյթը եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կարեւոր նշանակութիւնը՝ հանրապետութեան ինքնիշխանութեան, անվտանգութեան եւ տնտեսական զարգացման տեսանկիւնից»:

Related Articles

Back to top button