Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում եւ ուղիղ կապւածութիւն ունի ՀՀ անվտանգութեան հետ»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրել է.

«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարութիւնը հաստատեց «Եւրոպական Միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրէնքի նախագիծը եւ այն ուղարկեց ԱԺ: Պրոցեսի ողջ էութիւնը ոչ այնքան դէպի ԵՄ անդամակցութեան մեկնարկ տալն է, որովհետեւ այնտեղ մեզ առանձնապէս սպասող էլ չկայ, որքան քաղաքական քայլ է՝ մի կողմից ՌԴ-ից հեռանալու, միւս կողմից՝ Արեւմուտքին իր նւիրւածութիւնը ի ցոյց դնելու համար: Թեման ՌԴ-ի համար այնքան կարեւոր է, որ մէկ օրւայ ընթացքում 3 հիմնական դէմքեր արձագանգեցին՝ նախագահի խօսնակը, ՌԴ փոխվարչապետն ու «ծանր հրետանին»՝ նախկին նախագահ, ներկայումս ԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Մեդւեդեւը: Արձագանգներ եղաւ նաեւ ՌԴ օրէնսդիր մարմնից: Անկախ նրանից, թէ Երեւանից թեման ինչպէս ներկայացւեց, ՌԴ-ում այն արձանագրեցին, որպէս ՌԴ-ի դէմ ուղղւած քայլի, ինչպէս նաեւ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկի: Դեռ չեմ խօսում կոշտ եւ որակումներ ներառող ձեւակերպումների մասին: ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում եւ ուղիղ կապւածութիւն ունի ՀՀ անվտանգութեան հետ: Ի դէպ, ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ յարաբերութիւններում ստեղծւած ճգնաժամի պարագայում նոյնիսկ ՀՀ-ից յայտարարում էին ԵԱՏՄ կարեւորութեան եւ այնտեղից ստացւող մեծ օգտակարութիւնից, սակայն Մոսկւայից զգուշացրեցին, որ չեն պատրաստւում այլեւս «աչք փակել» եւրոպացիների հետ խորացող «խաղերի» վրայ: Կրկնում եմ՝ այս գործընթացի տնտեսական ծանր հետեւանքների մասին տնտեսագէտները դեռ կը խօսեն, սակայն սա ուղիղ խոցելիութիւն է ապահովելու քաղաքական ու անվտանգային տեսանկիւնից: Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկիւնում քշւած Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու»:

Related Articles

Back to top button