Թադէոս Աւետիսեան. «ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարաւոր հետեւանքները»
«ԱԼԻՔ» – «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը գրել է.
«Դէպի ԵԱՏՄ շուկայ արտահանումը եւ այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական եւ սպառողական պահանջարկի բաւարարման առանցքային գործօն՝ աւելացնելով իր իրական ներուժը»։
Ընդորում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրւած բարձր տնտեսական ակտիւութիւնը հիմնականում պայամանաւորւած է աշխարհաքաղաքական գործօններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցութիւնը գրանցեց աննախադէպ թռիչքաձեւ աճեր։ Միեւնոյն ժամանակ, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական յարաբերութիւնները իրականում դրսեւորում են բացասական խորացող միտումներ»։
2024 թւականի յունւար-նոյեմբերին․
ՀՀ արտահանումը դէպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3,12 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտահանման 25.4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը կազմել է շուրջ 9 միլիարդ դոլար՝ ընդհանուր ներմուծման 56.6 տոկոսը։
Այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդիւնքի շուրջ 14 տոկոսը գոյացել է դէպի ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ արտահանումից։
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան մէջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճելով շուրջ 4 տոկոսային կետով կազմել է աննախադէպ բարձր՝ 42.2 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրներինը՝ նւազելով շուրջ 2 անգամ կազմել է աննախադէպ ցածր՝ 7.5 տոկոս։
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առեւտրի բերւած ցուցանիշներին ԵՄ անդամ երկրների ցուցանիշները զիջում են շուրջ 6 անգամ։
2024 թւականի առաջին ինը ամիսներին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ օտարերկրեայ ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի եւ Հայաստանից դուրս եկածի տարբերութիւնը) նւազել է շուրջ 476 միլիոն դոլարով։ Ի հակառակ ընդհանուր բացասական այս միտումի՝ 52 միլիոն դոլարի չափով աճել է Ռուսաստանից օտարերկրեայ ներդրումների զուտ ներհոսքը։
ՀՀ-ից արտագնայ միգրանտների աւելի, քան 70 տոկոսն աշխատում են ՌԴ-ում։ Ի դէպ, միայն 2024 թւականի յունւար-նոյեմբերին ՀՀ փաստաթղթերով շուրջ 5000-ով աւել շատ քաղաքացիներ են մեկնել Հայաստանից, քան եկել են Հայաստան։
Ռուսական բնական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, որը շուրջ 6 տարի մնացել է կայուն եւ շուրջ 5-6 անգամ ցածր ներկայիս շուկայական գներից։
Ի դէպ, այս ժամանակահատւածում բնական գազի գինը միջազգային շուկայում գրանցել է թռիչքաձեւ աճեր՝ դառնալով մինչեւ 3000 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայումս նորից ձեւաւորւում են իրական նախադրեալներ բնական գազի գնի ապագայ թռիչքաձեւ աճերի համար։
Էներգետիկ անվտանգութեան եւ էլէկտրաէներգիայի սակագնի կայունութեան տեսանկիւնից առանցքային դերակատարում ունի նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հումքային ապահովումն արտօնեալ պայմաններով իրականացւում է ՌԴ-ից ուրանի ներմուծման հաշւին։ Ի դէպ, 2024 թւականին ՀԱԷԿ-ի շահագործման արդիւնքում արտադրւել է պլանաւորւածից շուրջ 6 տոկոսով աւել էլեկտրաէներգիա՝ 2830 միլիոն կՎտ․ժ ընդհանուր չափով, որը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրութեան միջինը 1/5-րդ մասը։
ՀՀ պարենային անվտանգութեան տեսանկիւնից առանցքային նշանակութիւն ունի Ռուսաստանից ցորենի ներմուծումը՝ յատկապէս 44-օրեայ պատերազմից եւ Արցախի յանձնումից յետոյ։ Արցախի Հանրապետութիւնից ներմուծւած ցորենն ապահովում էր ՀՀ ներքին պահանջարկի շուրջ 5 տոկոսը։
Հիմա արդէն ՌԴ-ից ներմուծւած ցորենն ապահովում է ՀՀ ցորենի ներքին սպառման շուրջ 90 տոկոսը, որը գործնականում չունի փոխարինման որեւէ իրական այլընտրանք։ Սա էլ այն դէպքում, երբ վերջին շրջանում մեր երկրում նւազում են ցորենի ցանքատարածութիւնները, իսկ միւս կողմից՝ սրւում են ցորենի միջազգային նւազագոյն պահանջարկի բաւարարման խնդիրները՝ յայտնի աշխարհաքաղաքական իրողութիւններով պայմանաւորւած։
Այսպիսով․ ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ի.նտեգրումը բոլոր ուղղութիւններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ եւ կենսական նշանակութիւն։ Դրա փոխարինումը աշխարհագրական այլ ուղղութիւններով ոչ միայն իրատեսական չէ, այլ նաեւ կարող է կործանարար, անդառնալի հետեւանքներ թողնել մեր երկրի առանց այն էլ թոյլ տնտեսական եւ խոցելի սոցիալական համակարգերի վրայ»։ Այս մասին յայտնել է Yerevan.today-ը: