ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վելայաթի. «Իրանը թոյլ չի տայ, որ իր տարածաշրջանային կապերը խաթարւեն անպատասխանատու յայտարարութիւններով»

Իրան-Թուրքիա բանաւէճը շարունակւում է

«ԱԼԻՔ» – Իրանի գերագոյն առաջնորդ այաթ. Խամենէիի աւագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստօրէն քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի Իրանի հասցէին արած վերջին արտայայտութիւնները։ Այս մասին է տեղեկացնում ՄԵՀՐ-ը։

«Թուրքիայի որոշ պաշտօնեաներ պէտք է հասկանան, որ անհիմն եւ միջամտողական յայտարարութիւնների կրկնութիւնը չի ծառայում երկու երկրների երկկողմ յարաբերութիւններին ու շահերին։ Իրանը ոչ մի երկրի թոյլ չի տայ անպատասխանատու յայտարարութիւններով խաթարել տարածաշրջանային պատմականօրէն արմատաւորւած կապերը»,- ընդգծել է Վելայաթին։

Խամենէիի խորհրդականն ընդգծել է, որ Իրանը հնագոյն քաղաքակրթութեամբ հզօր երկիր է եւ մշտապէս աշխատել է տարածաշրջանային անվտանգութեան ու համագործակցութեան ամրապնդման ուղղութեամբ։

«Իրանի Իսլ. Հանրապետութիւնը միշտ հաւատարիմ է մնացել փոխադարձ յարգանքի եւ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականութեանը։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի պաշտօնեաները կը պահպանեն դիւանագիտական ​​էթիկան եւ զերծ կը մնան անհիմն մեղադրանքներից»,- ընդգծել է նա։

Վաստակաշատ դիւանագէտը նաեւ ընդգծել է Իրանի կարեւորութիւնը տարածաշրջանում անվտանգութիւն հաստատելու հարցում, միաժամանակ  զգուշացրել է Թուրքիային տարածաշրջանում դիրքի եւ ուժի սխալ գնահատականներից:

«Եթէ Թուրքիայում որոշ գործիչներ կարծում են, որ արտասահմանեան ուժերի ազդեցութեան տակ գտնւող սխալ դիրքորոշումները կրկնելով՝ կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, նրանք խորապէս սխալւում են»,- յաւելել է նա։ «Պատմութիւնն ապացուցել է, որ Իրանն անդրդւելի է իր սկզբունքներում եւ համարժէք պատասխան կը տայ անյարգալից վերաբերմունքի ցանկացած դրսեւորմանը»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչւել էր ԱԳ նախարարութիւն՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի յայտարարութիւնների հարցով:

Related Articles

Back to top button