Իրան

Նախագահ Ռէյիսի. «Իրանը պատերազմ չի սկսելու, սակայն խիստ պատասխան է տալու նրանց, ովքեր մտադիր լինեն բռնութիւն իրականացնել Իրանի դէմ»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ուրբաթ օրը Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի ժողովրդի հաւաքում ունեցած ելոյթում ասել է. «Անգամներ ասել ենք, որ Իրանը որեւէ պատերազմ չի սկսելու, սակայն, եթէ մի երկիր կամ որեւէ բռնի ուժ, մտադիր լինի բռնութիւն իրականացնել, Իրանի Իսլ. Հանրապետութիւնը հզօր եւ խիստ պատասխան է տալու»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Հանրապետութեան նախագահը իր ելոյթի այլ բաժնում նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմական հզօրութիւնը տարածաշրջանում ոչ մի երկրի համար սպառնալիք չէ, այլ՝ մեր ուժը անվտանգութիւն ստեղծող է եւ տարածաշրջանի երկրները կարող են ապաւինել այս ուժին, զինամթերքը մեր ռազմական հզօրութեան մասնիկն է եւ այս համակարգի հզօրութեան հիմքը հաւատքի գերագոյն ուժն է»:

Այաթ. Ռէյիսին ընդգծել է. «Նախկինում, երբ գերտէրութիւնները ցանկանում էին խօսել Իրանի հետ սպառնալիքների լեզւով՝ ինչպէս դա անում էին այլ երկրների պարագայում եւ ասում ռազմական տարբերակը սեղանի վրայ է: Այսօր այլեւս նման խօսքեր չեն հնչում, նոյնիսկ ասում են, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ որեւէ հակամարտութեան մտադրութիւն չունեն»:

Related Articles

Back to top button