«Մենք միասին կը հասնենք գործընթացի յաղթական աւարտին»
Բագրատ Սրբազանը դիմել է Սփիւռքին
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է Եւրոպայում բնակւող հայերին, եւ շնորհակալութիւն է յայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են շարժմանը:
Յիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 12-ին Եւրոպայի տարբեր երկրներում կազմակերպւելու են հաւաքներ՝ ի զօրակցութիւն «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը:
«Եւրոպայում բնակւող սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ անընդհատ աջակցութեան արձագանգներ եմ լսում ձեր կողմից, եւ դուք ձեր անհամաձայնութիւնն էք յայտնում Հայաստանի այսօրւայ կառավարութեան ձեռնարկած գործունէութեանը, որով ըստ էութեան միակողմանի զիջումներ են տեղի ունենում այս պահին Տաւուշում, հետագայում նաեւ Սիւնիքում, Վարդենիսում, Ջերմուկում եւ այլ վայրերում, որովհետեւ մենք չգիտենք, թէ որտեղ է սահմանափակւելու այս ընթացքը»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Նա կոչ է արել եւրոպաբնակ հայերին մասնակցել իրենց քաղաքներում կազմակերպւող հաւաքներին, իրենց ձայնը բարձրացնել՝ շարժումը դարձնելով համահայկական:
«Մեծ շարժում, ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ ամենուր՝ հիւսիսից հարաւ, արեւմուտքից արեւելք, որտեղ գէթ մէկ հայ է բնակւում: Դուք ձեր հաւաքներով մեծ ուժ ու եռանդ էք փոխանցելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին եւ այս շարժմանը»,- նշել է Սրբազանը՝ յաւելելով. «Սա մեզ համար ստի ու ճշմարտութեան պայքար է, ես առաւել քան համոզւած եմ, որ ճշմարտութիւնը պէտք է յաղթի, ճշմարտութեան յաղթանակով մենք բոլորս կազատագրւենք, լինի դա Սփիւռքում, թէ Հայաստանում։
Դուք էլ մոլորւած ու խոցւած վիճակում էք գտնւում, որքան ապաքինւի հայրենիքը, այնքան ու աւելի ապաքինում կը ստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, Աստւած օրհնի ձեզ, եւ սպասում ենք Հայաստանում՝ ազատագրւած ու յաղթանակած Հայաստանում»: