ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանւածների տեղափոխումը մօտենում է աւարտին. Գորիս ժամանած վերջին աւտոբուսում 15-ն են եղել
Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրութեամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանւած 100 հազար 514 անձ է ժամանել Հայաստան: Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 106 տրանսպորտային միջոց: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում յայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեանը:
Նա նշեց, որ ժամը 20։00-ին նախորդող 4 ժամւայ ընթացքում 24 անձ է տեղափոխւել։ «Րոպէներ առաջ Գորիս է ժամանել աւտոբուս՝ 15 ուղեւորով: Իւրաքանչիւր զանգի յետեւից մենք գնալու ենք, եւ եթէ մարդիկ ուզում են տեղափոխւել Հայաստան՝ տեղափոխումը կազմակերպւելու է»,- շեշտել է Բաղդասարեանը եւ յաւելել. «Մարդկանց տեղափոխման գործընթացը մօտենում է իր տրամաբանական աւարտին: 100 հազար 514՝ այսպիսին է ցուցանիշն այս պահի դրութեամբ, եւ նշեմ, որ նախորդ օրւայ համեմատութեամբ շատ չնչին տարբերութիւն ունենք: Տրանսպորտային միջոցները, որոնք հատել են Հակարիի կամուրջը, կազմում են 21 հազար 106»։
Նրա տւեալներով՝ հաշւառնւել է 85 հազար 975 քաղաքացի. 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը՝ կանայք։ Ընդհանուր առմամբ, տեղափոխւել է 222 յղի, 2105 հաշմանդամութիւն ունեցող անձ։ Վիրաւորների թիւը 283 է։
Պետութեան կողմից տրամադրւող կեցավայրերից, ժամը 20:00-ի դրութեամբ, օգտւել է 48 հազար 649 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2305, Արարատի մարզում՝ 12 հազար 445, Արմաւիրի մարզում՝ 4461, Գեղարքունիքի մարզում՝ 3996, Լոռու մարզում՝ 2686, Կոտայքի մարզում՝ 11 հազար 630, Շիրակի մարզում՝ 2275, Սիւնիքի մարզում՝ 4592, Վայոց ձորի մարզում՝ 1937, Տաւուշում՝ 2322 անձ: