Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տարանցման, էներգետիկայի եւ Արհեստական ​բանականութեան ոլորտներում կնքւած փոխըմբռնման յուշագրերի իրաւական գնահատումը

Դոկտ. Ահմադ Քազեմի. ««Թրամփի ճանապարհը» Բաքւին ու  Անկարային սանձելու պատրանք է ստեղծում միայն»

«ԱԼԻՔ» – Միջազգային իրաւունքի պրոֆեսոր, Եւրասիայի հարցերով աւագ գիտաշխատող դոկտ. Ահմադ Քազեմին իր ուսումնասիրութիւնների եւ հրապարակումների պաշտօնական կայքում «ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տարանցման, էներգետիկայի եւ Արհեստական բանականութեան ոլորտներում կնքւած համագործակցութիւնների  յուշագրերի իրաւական գնահատումը» խորագրով յօդւածում վերլուծելով խնդրի իրաւական կողմերը, քննարկել է տարբեր անւանումների ներքոյ իրականացւող ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի իրականացման համար իրաւական հիմքեր ստեղծող ներդրումային հեռանկարներով յուշագրերի էութիւնը: Յօդւածի թարգմանութիւնը  ներկայացնում ենք թերթիս այսօրւայ համարով:

 

Դոկտ. Ահմադ Քազեմի –

2025 թւականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ 17 կէտանոց համաձայնագրի ստորագրումից եւ Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի 7 կէտանոց յայտարարութեան հրապարակումից մի քանի օր անց, Հայաստանի վարչապետի կայքում հրապարակւել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխըմբռնման երեք յուշագրերի տեքստը: Այս յուշագրերը վերաբերում են Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցութեանը երեք ոլորտներում՝ խաղաղութեան խաչմերուկում կարողութիւնների զարգացում, էներգետիկ անվտանգութեան ոլորտում գործընկերութիւն եւ արհեստական ​​բանականութեան ու Semiconductor-ների (կիսահաղորդիչ) ոլորտում զարգացման ուղիների: Այս յուշագրերի գործողութեան ժամկէտը մէկ տարի է եւ կարող է երկարաձգւել երեք ժամկէտով: Այս փաստաթղթերին իրաւական գնահատական տալու համար հարկաւոր է ուշադրութիւն դարձնել հետեւեալ հինգ կէտերին.

Առաջին. ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ «Խաղաղութեան խաչմերուկի» կարողութիւնների զարգացման գործում համագործակցութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագրում շեշտւած է Հայաստանի ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անձեռնմխելիութեան անվերապահ աջակցութիւնը: Համաձայնագիրը՝ Երեւանը համարում է «Խաղաղութեան խաչմերուկ» տարանցիկ նախագիծ, որն ԱՄՆ-ի ներկայութեան բերումով  հնարաւոր աշխարհաքաղաքական փոփոխութիւնները կանխելու երաշխիք է ստանում: Փոխըմբռնման յուշագրի համաձայն՝ երկու երկրները կը համագործակցեն Հայաստանի ենթակառուցւածքների եւ սահմանային անվտանգութեան բարելաւման ուղղութեամբ՝ ԱՄՆ-ի ներդրումների, ռեսուրսների եւ վերապատրաստմանն ուղղւած աշխատանքների  միջոցով: Սա ներառում է մասնաւոր հատւածի ներդրումների խրախուսումը, սահմանային անվտանգութեան ոլորտում համագործակցութիւնը եւ մաքսային վերահսկողութեան արդիւնաւէտութեան բարձրացումը՝ մաքսանենգութեան դէմ պայքարի համար, ինչպէս նաեւ պաշտպանութեան եւ կիբերանվտանգութեան ոլորտում համագործակցութիւն, եւ, վերջապէս, ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարարութեան (DHS) եւ Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան ու պետական ​​եկամուտների կոմիտէի հետ կապւած սահմանապահ ուժերի միջեւ համագործակցութիւնը:

Այս փոխըմբռնման յուշագիրը իրականում իրաւական հիմք է հանդիսանում Միացեալ Նահանգների համապարփակ առեւտրային, տարանցիկ եւ անվտանգային միաւորների ներկայութեան համար ամբողջ Հայաստանում, մասնաւորապէս՝ երկրի հարաւում, քանի որ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը չի սահմանափակւում միայն Հայաստանի հարաւով, այլ ներառում է երկրի մեծ մասը: Իրաւական տեսանկիւնից, Միացեալ Նահանգներն իրաւունք չունի որեւէ գործողութիւն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ՝ հիմնւելով այս փոխըմբռնման յուշագրի վրայ, սակայն պարզ է, որ եթէ ԱՄՆ-ը խախտի իր խոստումը, ապա Հայաստանը՝ որպէս շուրջ երեք միլիոն բնակչութիւն ունեցող երկիր, չի կարողանայ դիմակայել (350 միլիոն բնակչութեամբ) ԱՄՆ-ին։ Բացի այդ, այս փոխըմբռնման յուշագրի համաձայն, մասնաւոր հատւածի մասնակցութիւնն աւելի մեծ կը լինի, քան պետական ​​հատւածինը, եւ այս հարցը Միացեալ Նահանգներին հնարաւորութիւն է տալիս խուսափել իրաւական պատասխանատւութիւնից՝ մասնաւոր ընկերութիւնների գործունէութեան եւ նրանց գործողութիւնները Վաշինգտոնի կառավարութեանը չվերագրելու պատրւակով։

Երկրորդ. Այս փոխըմբռնման յուշագրում չի նշւում կեղծ «Զանգեզուրի միջանցք» անւանումը, ինչպէս եւ նշւած չէ «միջազգային խաղաղութեան ու բարգաւաճման համար նախատեսւած Թրամփի ուղի» անւանումը։ Սա այն իրավիճակում, երբ այս ամռանը Ստամբուլում եւ Աբու Դաբիում Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումներից յետոյ հաւաստի ենթադրութիւններ կան Հայաստանի հարաւից անցնող միջանցքի մանրամասների վերաբերեալ, որոնցից ամենակարեւորներն են միջանցքի 5 կիլոմետր լայնութեան, ԱՄՆ-ի 99-ամեայ ներկայութեան, Ալիեւի եւ Փաշինեանի՝ որպէս տարածաշրջանում անգլոսաքսոնական քաղաքականութեան երկու խաղացողների՝ առաջիկայ երկու տասնամեակների համար իշխանութիւնը երաշխաւորելու, եւ Հայաստանում դիմադրութեան ու ազգային մօտեցումներով խմբաւորումների, մասնաւորապէս՝ Ղարաբաղեան շարժումի վերացումը։

Բնական է, որ ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման յուշագրի դրոյթները «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծին մասնակցութեան վերաբերեալ յստակ տեսլական չեն ստեղծում հաղորդակցութեան գծերի կամ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ճակատագրի վերաբերեալ, որի  իրականացման գործընթացը կը պահանջի նոր տեխնիկական փաստաթղթեր ու համաձայնագրեր։ Հետեւաբար, թւում է, թէ այս փոխըմբռնման յուշագրի հրապարակման նպատակը Հայաստանում հասարակական կարծիքի զարկերակի չափումն էր 2026 թւականի յունիսի խորհրդարանական ընտրութիւններից առաջ, նաեւ Հայաստանի հարեւան երկրների արձագանքը գնահատելու, ինչպէս նաեւ Ռուսաստանին Երեւան-Բաքու բանակցութիւններից հեռացնելու գործընթացի ամրապնդումը։ Միեւնոյն ժամանակ, Երեւանը փորձում է առաւելագոյնս օգտագործել ստեղծւած մթնոլորտը Ալիեւի եւ Էրդողանի դէմ, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում անդադար սպառնում են Երեւանին՝ զիջել «միջանցքը»։ Այս պատճառով Չինաստանի Տիանցզին քաղաքում կայացած Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովում Փաշինեանը բացայայտ արձագանքեց Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» ենթադրեալ տերմինի օգտագործմանը՝ յիշեցնելով Վաշինգտոնի համաձայնագրերը, քանի որ Սպիտակ տան եռակողմ յայտարարութիւնից յետոյ, որը ստորագրել է նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահը, «Զանգեզուրի միջանցք» անւանումը, որը Իլհամ Ալիեւի յօրինածն էր, իրաւաբանօրէն ուղարկւեց յօրինւած բառերի գերեզմանոց։

Երրորդ. ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ անվտանգութեան գործընկերութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագիրը լրացուցիչ կէտեր է բացայայտում  ԱՄՆ-ի նախագծի՝ «Թրամփի խաղաղութեան ճանապարհի» մասին: Փոխըմբռնման յուշագիրը շեշտը դնում է Հայաստանի էներգետիկ ոլորտի անվտանգութեան, դիմադրողականութեան եւ արդիականացման հարցում ներդրումների վրայ, ինչպէս նաեւ խաղաղ միջուկային միկրօնախագծերի համագործակցութեան վրայ, ներառեալ փոքր մոդուլային ռէակտորների տեխնոլոգիաները, ամրապնդելու համատեղ ցանկութեան վրայ, Հայաստանի էներգետիկ եւ կարեւորագոյն ենթակառուցւածքների հարցում հասարակական ինքնիշխան ու անկախ միաւորների մասնակցութեան ամրապնդման, տարածաշրջանային էներգետիկ համագործակցութեան եւ միջսահմանային էներգետիկ առեւտրի հնարաւորութիւնների ամրապնդման, ինչպէս նաեւ Հայաստանի էլեկտրաէներգիայի փոխանցման ու բաշխման ցանցերի արդիականացման մէջ ներդրումների խթանման վրայ: Փոխըմբռնման յուշագրի ուղերձներն ու հետեւանքները կարելի է վերլուծել հետեւեալ երեք տեսանկիւններից.

1- Գազի եւ միջուկային էներգիայի ոլորտում Ռուսաստանից Հայաստանի կախւածութեան նւազեցում։ Ռոբերտ Քոչարեանը ռուսական «Գազպրոմին» Երեւանի աւելի քան 100 միլիոն դոլար պարտքի դիմաց  Ռուսաստանին փոխանցեց մի շարք հայկական ենթակառուցւածքներ  ու էներգետիկ խողովակաշարեր, որից յետոյ, զգալիօրէն մեծացաւ Մոսկւայի դերն ու ազդեցութիւնն այդ ենթակառուցւածքների վրայ։ Վերջին տարիներին Փաշինեանը փորձել է նւազեցնել այս ազդեցութիւնը՝ ճնշելով ու փակի տակ պահելով Ռուսաստանին մօտ կանգնած անձանց, ինչպիսին է հայ միլիարդատէր Սամուէլ Կարապետեանը, կամ պետական ու ազգային կոչելով որոշ արդիւնաբերութիւններ։ Այժմ սլաքն ուղղւել է միջուկային խաղաղ ծրագրերի զարգացման եւ Հայաստանի կենսական էներգետիկ ենթակառուցւածքների անկախացման վրայ, ինչը նշանակում է, որ Երեւանը փորձում է կտրել Ռուսաստանի ձեռքը Մեծամորի ատոմակայանից, ինչպէս նաեւ Հայաստանի գազատարներից ու երկաթուղային գծերից, որոնց հարցում Միացեալ Նահանգները փոխարինելու է ռուսներին։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Էնթոնի Բլինկենը եւ Արարատ Միրզոյեանը 2022 թւականի մայիսին Վաշինգտոնում ստորագրել են խաղաղ ծրագրով միջուկային համագործակցութեան վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր, ինչն այս հարցում վկայում է Սպիտակ տան մշակած երկարաժամկէտ ծրագրի մասին։

2- Այս փոխըմբռնման յուշագրում էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցութեան եւ միջսահմանային էներգետիկ առեւտրի հնարաւորութիւնների ամրապնդման վրայ շեշտադրումը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ուղու հիմնական նպատակներից մէկը Ադրբեջանի Հանրապետութիւնից եւ Կասպից ծովի տարածաշրջանից՝ համաշխարհային շուկայ  էներգիայի փոխանցմանը վերահսկելն է՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի նոյն էներգետիկ միջանցքի օրինակով: Ուստի Թրամփի ուղին չի լինելու միայն ապրանքների եւ ուղեւորների տեղափոխման տարանցիկ ճանապարհ։

3- Հայաստանից էլեկտրաէներգիայի փոխանցման գործող երկու գծերով եւ երրորդ գծի կառուցման աւարտով Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման ոլորտում ամենամեծ ներդրողն ու գործընկերն է։ ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման յուշագրում Հայաստանի էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման ցանցերի արդիականացման մէջ ներդրումների խթանման վրայ շեշտադրումը, հաշւի առնելով Սպիտակ տան ցուցանիշներն ու, յատկապէս, Իրաքի փորձը, կարող է բացասաբար անդրադառնալ Իրանի եւ Հայաստանի միջեւ այս հարցում համագործակցութեան վրայ: Հարց, որի վերաբերեալ Փաշինեանի կառավարութիւնը պէտք է պարզաբանութիւն տայ  իր դիրքորոշման վերաբերեալ։

Չորրորդ. ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերութեան պրիզմակի համաձայն, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրւել է նաեւ փոխըմբռնման յուշագիր՝ արհեստական ​​բանականութեան եւ կիսահաղորդիչների (Semiconductor) ոլորտում գործընկերութեան եւ զարգացման վերաբերեալ՝ կիսահաղորդիչների եւ բարձր ճշգրտութեամբ հաւաքոյթների (IC) էլեկտրական արդիւնաբերութեան անվտանգ մատակարարման ընթացակարգը զարգացնելու, համապատասխան արդիւնաբերութիւնների միջեւ կապերի եւ արհեստական ​​բանականութեան կիրառութիւնների շուկայականացման ոլորտում ներդրումներ կատարելու եւ համագործակցութիւնը խորացնելու հեռանկարով:

Այս յուշագիրը կարող է ԱՄՆ-ին տալ հազւագիւտ մետաղահանքերին հասանելիութեան դիւրին առիթներ, մասնաւորապէս՝ Հայաստանի հարաւում գտնւող հանքերում, այդ թւում՝ մոլիբդենի, որն օգտագործւում է աւիատիեզերական եւ արհեստական ​​բանականութեան չիպերում: Ըստ էութեան, «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ճանապարհ»-ի նպատակներից մէկը Կենտրոնական Ասիայից, Կասպեան տարածաշրջանից եւ Հայաստանից հազւագիւտ մետաղների տեղափոխումն է Եւրոպա եւ ԱՄՆ, քանի որ այս աշխարհագրական տարածքը միանգամից է պարունակում պարբերական աղիւսակի 118 տարրերը, եւ ԱՄՆ-ի հասանելիութիւնը դրանց ամրապնդելու է  Վաշինգտոնի դիրքերը Չինաստանի նկատմամբ՝ «չիպերի պատերազմում», մինչդեռ Հայաստանը, որպէս բրածօ վառելիք չունեցող երկիր, փորձում է դառնալ արհեստական ​​բանականութեան հաբ Կովկասում:

Հինգ.

Իրանի հաստատակամ դիրքորոշումներն աշխարհաքաղաքական փոփոխութիւններին դէմ լինելու հարցում, բերել են նրան, որ չնայած Իրանում Բաքւի ու Անկարայի լոբբիների դաւաճանական գործողութիւններին, Թեհրանի առանցքային մօտեցումները, մասնաւորապէս՝ միջազգային սահմանների անձեռնմխելիութիւնը, երկրների տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան նկատմամբ յարգանքը, ինչպէս նաեւ հաղորդակցութեան գծերի փոխադարձ բացումը, ընդգծւում են ինչպէս այժմ, այնպէս էլ Հայաստանի կողմից ստորագրւած փաստաթղթերում, որով սանձւում են անկառավարելի Բաքուն ու  Անկարան նաեւ, սակայն դա չի նշանակում անգլոսաքսոնական ճակատի նահանջ՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի գաղափարը հետապնդելու հարցում։

Անգլոսաքսոնական ճակատի կողմից նախագծերի ներկայ գործընթացի աստիճանական կառավարման ժամանակաւորապէս դանդաղեցումը , տակտիկական նահանջ է ցանկալի արդիւնքների հասնելու ճանապարհն:

Վերոնշեալ երեք փաստաթղթերը, որոնք փոխըմբռնման յուշագրեր են եւ իրաւաբանօրէն պարտադրողական չեն, ցոյց են տալիս, որ «Թրամփի ուղու» ներդրմամբ որեւէ փոփոխութիւն չի տրւում կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի կամ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի դաւադրութեան բնոյթում, որն Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին դուրս մղելու նպատակ է հետապնդում տարածաշրջանի էներգետիկ եւ տարանցիկ հաւասարումներից, որով ՆԱՏՕ-ի ու բրիտանական պանթուրանիզմի ընդլայնումն ու խնդրի արտաքին տեսքն ու դրան հասնելու մարտավարութիւնն է, որ փոփոխութիւն է կրել: Այդ փոփոխութիւնները  մասամբ կապւած են նաեւ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Եւրոպայի տեսակէտների տարբերութիւնների հետ, մասամբ էլ ազդւած են Հայաստանում կայանալիք ընտրութիւններից։

Related Articles

Back to top button