Այլ

Սառցէ լոգանքներն ակտիւացնում են բջիջների թարմացման մեխանիզմը

Օտտաւայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ սառը լոգանքների մէկշաբաթեայ կուրսն ակտիւացնում է աւտոֆագիայի գործընթացը՝ բջջային ինքնամաքրման բնական մեխանիզմը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Advanced Biology բժշկագիտական  հանդէսում։

Գիտափորձին մասնակցել են տասը առողջ տղամարդիկ, որոնք օրական մէկ ժամ անցկացրել են 14°C ջերմաստիճանի ջրի մէջ: Արեան հետազօտութիւնը ցոյց է տւել, որ արդէն չորրորդ օրը հետազօտւողների օրգանիզմում p62 սպիտակուցի մակարդակը նւազել է, որը կուտակւում է աուտոֆագիայի խաթրաման դէպքում: Եօթերորդ օրը այս ցուցանիշը շարունակել է նւազել՝ վկայելով բջիջների արագացւած «երիտասարդացման» մասին։

Աւտոֆագիան բջջային «թափոնների» վերամշակման եւ հեռացման իւրօրինակ գործընթաց է: Բջիջները ոչնչացնում են վնասւած սպիտակուցներն ու օրգանոիդները՝ դրանք վերածելով նոր կառոյցների շինանիւթի։ Այս մեխանիզմն օգնում է պահպանել բջջային առողջութիւնը եւ պաշտպանում է օրգանիզմը տարիքային փոփոխութիւններից, խրոնիկական հիւանդութիւններից եւ բորբոքումներից:

Գիտնականները միաժամանակ արձանագրել են կասպազ-3 ֆերմենտի ակտիւութեան աճ, որն առնչւում է ապոպտոզի՝ վերահսկւող բջիջների մահւան հետ: Դա վկայում է, որ օրգանիզմը ոչ միայն մաքրւել է վնասւած բաղադրիչներից, այլեւ ձերբազատւել է անպէտք բջիջներից։

Հետազօտողների կարծիքով՝ ցրտին պարբերաբար ենթարկւելը կարող է մեծացնել բջիջների դիմադրողականութիւնը ստրեսի նկատմամբ՝ օգնելով մասամբ յետաձգել տարիքային փոփոխութիւնները եւ թեթեւացնել մի շարք խրոնիկական հիւանդութիւնների ախտանիշները: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այս բացայայտումները հաստատելու համար անհրաժեշտ են հետագայ հետազօտութիւններ, որոնցում աւելի մեծ թւով կամաւորներ, ներառեալ՝ կանայք ներգրաււած կը լինեն:

News.am

Related Articles

Back to top button