Ճարպակալումը մանուկ հասակում կապւած է թոքերի քրոնիկական օբստրուկտիւ հիւանդութեան բարձր հաւանականութեան հետ

Նոր հետազօտութիւնը, որը ներկայացւելու է այս տարի ճարպակալմանը նւիրւած Եւրոպական կոնգրեսում (ECO 2025, Մալագա, Իսպանիա, մայիսի 11-14), ցոյց է տալիս, որ աւելորդ քաշը կամ ճարպակալումը մանուկ հասակում կապւած է թոքերի քրոնիկական օբստրուկտիւ հիւանդութեան (ԹՔՕՀ) բարձր հաւանականութեան հետ մեծ տարիքում, գրել է European Association for the Study of Obesity (Ճարպակալման ուսումնասիրկան եւրոպական ասոցիացիա) կայքը։
Շրջակայ միջավայրի, պրոֆեսիոնալ եւ անգամ վաղ տարիք գործօնների հետազօտութիւններում աւելի յաճախ ուշադրութիւն է դարձւում ԹՔՕՀ ռիսկի՝ ծխելուց տարբերւող գործօններին։
Հետազօտութեան նպատակն այն էր, որպէսզի ուսումնասիրւի, թէ արդեօք մարմնի զանգւածի ինդեքսի (ՄԶԻ) փոփոխութիւնները մանուկ հասակում կապւած են ԹՔՕՀ-ի հետ։ Հեղինակներն ընդգրկել են Կոպենհագենի դպրոցական բժշկական քարտերի ռեեստրից 276747 դանիացի երեխաների տւեալները (137493 աղջիկ), որոնք ծնւել են 1930-1982 թթ., եւ որոնք ունեցել են քաշի եւ հասակի 2-12 չափում 6-15 տարեկանում։
Օգտագործելով վիճակագրական մոդելաւորման մեթոդը՝ որոշւել են երեխաների ՄԶԻ հինգ տարբեր հետագծերը՝ միջինից ցածր, միջին ցուցանիշ, միջինից բարձր, աւելորդ քաշ եւ ճարպակալում։
Այնուհետեւ հեղինակները հետեւել են ռեեստրում ներգրաււածներին 1977-2022 թ. ընթացքում եւ պարզել ԹՔՕՀ ախտորոշում ունեցող անձանց 40 եւ աւելի բարձր տարիքում։
Հետազօտութեան հեղինակները յայտնաբերել են, որ դիտարկումների ընթացքում ԹՔՕՀ է ախտորոշւել 18227 կանանց եւ 15789 տղամարդկանց մօտ։ Կանանց համեմատ, որոնք միջին ՄԶԻ են ունեցել մանուկ հասակում, ԹՔՕՀ ունենալու ռիսկը 10 տոկոսով աւելի բարձր է եղել միջինից բարձր ՄԶԻ ունեցող կանանց մօտ, 26 տոկոսով աւելի բարձր՝ աւելորդ քաշ եւ 65 տոկոսով աւելի բարձր՝ ճարպակալում ունեցող կանանց մօտ։ Մանուկ հասակում միջին ՄԶԻ ունեցող տղամարդկանց համեմատ ԹՔՕՀ առաջացման վտանգը 7 տոկոսով աւելի բարձր է եղել միջինից բարձր ՄԶԻ ունեցող, 16 տոկոսով աւելի բարձր՝ աւելորդ քաշ եւ 40 տոկոսով աւելի բարձր՝ ճարպակալում ունեցող տղամարդկանց մօտ։
Ընդորում՝ ԹՔՕՀ առաջացման աւելի ցածր ռիսկը ապագայում նկատւել է միայն մանուկ հասակում միջինից ցածր ՄԶԻ ունեցող կանանց մօտ՝ 9 տոկոսով աւելի ցածր մանուկ հասակում միջին ՄԶԻ ունեցողների համեմատ։
News.am