Անորակ քունը մեծացնում է վեց հիւանդութիւնների առաջացման վտանգը
ԱՄՆ-ի Եէյլի համալսարանի գիտնականները վատ որակի քնի եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի, դեպրեսիայի, ճարպակալման, ջղային խանգարման, հիպերլիպիդեմիայի եւ հիպերտոնիայի զարգացման ռիսկի միջեւ փոխկապակցւածութիւն են յայտնաբերել: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature Medicine հանդէսում:
Հետազօտութեանը մասնակցել է 6785 չափահաս կամաւոր, որոնց միջին տարիքը կազմում էր 50,2 տարեկան: Առաջին փուլում գիտնականները տեղեկութիւններ են հաւաքել մասնակիցների մասին, գրանցել նրանց հասակն ու քաշը, ինչպէս նաեւ վերլուծել իւրաքանչիւր կամաւորի հիւանդութեան պատմութիւնը։ Դրանից յետոյ սկսւել է մասնակիցների դիտարկման շրջանը։
Աւելի քան չորս փորձարկւողներ դաստակներին կրել են Fitbit սարքը, որը հնարաւորութիւն է տալիս որոշել քնի ժամանակ մարդու սրտի կծկումների յաճախութիւնը եւ շարժման օրինաչափութիւնները: Գիտնականները գաջեթներն օգտագործել են նաեւ քնի փուլերը փոխելու գործընթացին հետեւելու նպատակով:
Դիտարկման համար յատկացւած ժամանակից յետոյ գիտնականները գիշերային հանգստի որակի վերաբերեալ տւեալները համեմատել են հետազօտւողների առողջական վիճակի ցուցանիշների հետ։
Արդիւնքները ցոյց են տւել, որ խոր եւ մակերեսային քնի փուլերը փոխկապակցւած են նախասրտերի ֆիբրիլեացիայի՝ սրտի ռիթմի խանգարման զարգացման ռիսկի հետ: Կային նաեւ կապեր անկանոն քնի ռեժիմի եւ դեպրեսիայի, ճարպակալման, ջղային խանգարումների, ինչպէս նաեւ հիպերլիպիդեմիայի (արեան մէջ ճարպի նմանւող մոլեկուլների չափազանց մեծ կուտակման) եւ հիպերտոնիայի միջեւ: