Իննը ժամանոց քունը նւազեցնում է ծերունական թուլութեան առաջացման հաւանականութիւնը
Փենսիլւանիայի նահանգի համալսարանի (HDFS) գիտնականները պարզել են, որ իննը ժամ քնող տարեց մարդիկ աւելի հազւադէպ են ծերունական թուլութիւն ունենում։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են BMC Public Health ամսագրում։
Յայտնի է, որ մկանների եւ ոսկորների թուլացումը տարեց մարդկանց մօտ կարող է յանգեցնել կեանքի որակի վատացման, հիւանդութիւնների առաջացման եւ անգամ վաղաժամ մահւան։ Գործօններից մէկը, որը նպաստում է դրան, քնի խանգարումն է։ Տարեց մարդկանց մօտ յաճախ առաջանում են քնի տեւողութեան եւ որակի հետ կապւած խնդիրներ, ինչն իր հերթին կարող է վատացնել ոսկորների ամրութիւնը՝ վտանգաւոր փակ շրջան ստեղծելով. անքնութիւնը աւելացնում է թուլութեան վտանգը, իսկ մկանների թուլութիւնը խանգարում է լաւ քնին։
Այս եզրայանգումները հաստատելու համար գիտնականներն ուսումնասիրել են հնդիկ կամաւորների տւեալները, որոնք հաւաքւել են Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան «Գլոբալ ծերացումը եւ մեծահասակների առողջութիւնը» հետազօտութեան երկրորդ ալիքի շրջանակում։
Հարցումը, որն անցկացւել է 50 տարեկանից բարձր 6 512 մասնակիցների շրջանում վեց հնդկական նահանգներում, թոյլ է տւել հետազօտողներին մասնակիցներին բաժանել երեք խմբի. ամուր, չափաւոր ամուր եւ «թոյլ»։ Հաշւի են առնւել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են մատների սեղմման ուժը, քայլքի արագութիւնը, ֆիզիկական ակտիւութիւնը, հոգնածութեան աստիճանը եւ քաշը։
Քնի մասին տւեալների վերլուծութեան արդիւնքում գիտնականները պարզել են, որ երկու սեռերի մասնակիցները, որոնք գիշերը վատ են հանգստացել, երեք անգամ աւելի յաճախ են տառապել ծերունական թուլութեամբ։ Սակայն քնի տեւողութիւնը այնքան էլ միանշանակ գործօն չէ. տղամարդիկ, որոնք օրական քնել են ինը եւ աւելի ժամ. աւելի քիչ են ենթարկւել ոսկորների փխրունութեան, քան նրանք, ովքեր հետեւել են խորհուրդ տրւող եօթ-ութ ժամին։ Կանայք իրենց հերթին աւելի յաճախ են ամուր մնացել, եթէ հանգստացել են ընդհանուր խորհուրդների համապատասխան։