Դոկտ. Քազեմին Հայաստանի Ամերիկեան համալսարանի (AUA) միջազգային գիտաժողովում. «Աննախադէպ հնարաւորութիւններ՝ Կովկասում Իրանի եւ Եւրոպայի միջեւ համագործակցութեան համար»

«ԱԼԻՔ» – Ապրիլ ամսւայ առաջին կէսին համալսարանի դասախօս եւ Եւրասիայի հարցերով աւագ հետազօտող դոկտ. Ահմադ Քազեմին որպէս զեկուցաբեր մասնակցել է Հայաստանի Ամերիկեան համալսարանի նախաձեռնութեամբ կայացած «Հարաւային Կովկասի բաժանիչ գծերը եւ տարածաշրջանային ու միջազգային հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:
Դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական էջով տեղեկացնելով այս մասին յաւելել է, որ միջազգային գիտաժողովին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ից, եւրոպական երկրներից, Չինաստանից, Թուրքիայից, Վրաստանից եւ Ադրբեջանի Հանրապետութիւնից փորձագէտներ։
Իր ելոյթում դոկտ. Քազեմին ներկայացրել է «Իրանի եւ Եւրոպայի համագործակցութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները Հարաւային Կովկասում՝ 2-րդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ» թեման։
Փորձագէտը նշել է, որ Իրանը այն երկիրն է, որն ունեցել է պատմական եւ քաղաքակրթական ներկայութիւն Հարաւային Կովկասում։ Այս պատճառով, Իրանի ժողովրդի Կովկասի նկատմամբ պատկերացումը կրում է նաեւ ազգային բնոյթ, անկախ քաղաքական միտումներից։ Փորձագէտը յաւելել է, որ տարածաշրջանի հնագոյն պատմութեան վկայութեամբ Իրանը հիւրընկալ դերում է եղել Հարաւային Կովկասում, եւ Կովկասը զաւթողների դէմ կայունութեան պահպանումը եւս կազմում է Իրանի պատմութեան մի մասը:
Նա յաւելել է, որ Հարաւային Կովկասում զարգացումների վերաբերեալ Թեհրանի տեսակէտը, ի տարբերութիւն որոշ դերակատարների, հիմնւած չի եղել էթնիկ նախապաշարմունքների կամ պատմական ատելութեան վրայ։ «Ի տարբերութիւն որոշ դերակատարների, Իրանի մօտ բացառւած են նկրտումներով մօտեցումը Հարաւային Կովկասի նկատմամբ»։ Դոկտ. Քազեմին յաւելել է, որ Թեհրանը հպարտութեամբ է խօսում այն մասին, որ տարածաշրջանի որոշ երկրներից շուրջ երեսուն տարի առաջ շեշտը դրել էր 3+3 համագործակցութեան մոդելի՝ Հարաւային Կովկասի երեք երկրների եւ նրա երեք հարեւան երկրների միջեւ համագործակցութեան վրայ, ինչպէս նաեւ Կովկասում տարածաշրջանից դուրս գտնւող տէրութիւնների, այդ թւում՝ Եւրոպայի հետ կառուցողական փոխգործակցութեան անհրաժեշտութեան վրայ։
«Կարելի է արձանագրել, որ այս պատճառով է, որ Իրանը Կովկասում միակ հարեւան երկիրն է, որը, ի տարբերութիւն Թուրքիայի եւ Ռուսաստանի, վերջին երկու տարիների ընթացքում բացասական դիրքորոշում չի ցուցաբերել Հայաստանում եւրոպական դիտորդական խմբի ներկայութեան նկատմամբ»,- արձանագրել է աւագ գիտաշխատողը։
Դոկտ. Ահմադ Քազեմին կարեւորել է նաեւ այն փաստը, որ Իրանի եւ Եւրոպայի միջեւ Կովկասում որոշ կարեւոր հարցերի շուրջ կայ ընդհանուր հետաքրքրութիւն ու հեռանկար, որոնք կարելի է դասակարգել հետեւեալ տասը առանցքների շուրջ.
ա. Սահմանային փոփոխութիւնների դէմ պայքարը եւ կովկասեան երկրների տարածքային ամբողջականութեանն աջակցելը
բ. Պանթուրանիզմի, նէոօսմանիզմի եւ թուրանական էթնիկ միջանցքի դէմ դիրքորոշում
գ. Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով տարանցիկ միջանցքը եւ Արաքսի երկայնքով ճանապարհը
դ. Սեփականութեան իրաւունքով հայերի վերադարձը Ղարաբաղ
(Երկրորդ Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Իրանը ամենաբարձր մակարդակով շեշտը դրեց հայ բնակչութեան անվտանգութիւնը պահպանելու վրայ, իսկ այժմ իրանական շրջանակները շեշտը դնում են ղարաբաղցի հայերի վերադարձի եւ նրանց սեփականութեան իրաւունքների յարգման, ինչպէս նաեւ նրանց պատմական ու կրօնական յուշարձանների պաշտպանութեան վրայ։
Եւրոպական խորհրդարանը 2023 թւականին ընդունած բանաձեւում, որն ընդունւել է 22 կէտով՝ 491 կողմ եւ միայն 9 դէմ ձայներով, ընդգծել է, որ Ղարաբաղի հայերի լիակատար էթնիկ զտումը մարդկութեան դէմ յանցագործութիւն է եւ Բաքւի կողմից մարդու իրաւունքների կոպիտ խախտում։
Բանաձեւում նաեւ ընդգծւում էր հայերի Ղարաբաղ վերադառնալու իրաւունքը, նրանց մշակութային եւ կրօնական իրաւունքների յարգումը, ինչպէս նաեւ տարածաշրջանում ԻՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի ներկայութիւնը։ Մինչդեռ, իրանական շրջանակները, ինչպէս Եւրոպայի շրջանակները, ողջունում են էթնիկ զտումների հարցի քննարկումը Միջազգային քրէական դատարանում)։
ե. Պատմական աղաւաղման վրայ հիմնւած ատելութեան խօսքի դէմ պայքար
զ. Տնտեսութիւն եւ էներգիա
է. Մինսկի խմբի գործունէութեան շարունակութեան կարեւորութիւնը
(Մինսկի խումբը ստեղծւել է 1992 թւականին՝ Առաջին Ղարաբաղեան պատերազմի գագաթնակէտին, Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան նախաձեռնութեամբ, որի դերը վերապահւել է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը։ 2023 թւականի սեպտեմբերից յետոյ Բաքուն շեշտում է Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտութիւնը եւ սա ներկայացնում, որպէս Հայաստանի հետ խաղաղութեան հասնելու իր հիմնական պայմաններից մէկը։ Բաքուն մտադիր է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով աւարտել Ղարաբաղի հարցը՝ լուծարելով Մինսկի խումբը։ Իրանն ու Եւրոպան կիսում են այն տեսակէտը, որ իրաւաբանօրէն Մինսկի խմբի լուծարումը պէտք է տեղի ունենայ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ)։
«Այն իրավիճակում, երբ Բաքուն տարածքային պահանջների արշաւ է սկսել՝ «Արեւմտեան Ադրբեջան» տեսքով, միայն նման իրաւական փաստաթուղթը կապահովի երկու երկրների միջեւ առկայ խնդիրների լուծումը»։
ը. Կասպից ծովի շրջակայ միջավայրի պաշտպանութիւնը նաւթային աղտոտումից
թ. Փոքրամասնութիւնների իրաւունքները (Ադրբեջանի Հանրապետութիւնում)
(Իրանը եւ Եւրոպան մօտաւորապէս նոյն տեսակէտներն ունեն Կովկասում, այդ թւում՝ Ադրբեջանի Հանրապետութիւնում, էթնիկ, լեզւական, ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները յարգելու անհրաժեշտութիւնը շեշտելու հարցում։ Իրանական շրջանակներն զգայուն են Ադրբեջչանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակի նկատմամբ տարբեր պատճառներով, այդ թւում՝ Իրանի պատմական ներկայութեան եւ իրանական ծագում ունեցող փոքրամասնութիւնների՝ թալեշների, թաթերի եւ քրդերի առկայութեան պատճառով:
ժ. Կովկասի նկատմամբ մենատիրական մօտեցման դէմ դիրքորոմումը
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ որոշ երկրների մուտքը Կովկաս հիմնւած էր 3+1 մոդելի վրայ, ինչը նշանակում էր, որ այդ երկրներն ունէին Կովկասի նկատմամբ մենաշնորհային դրսեւորումներ եւ պատրաստ չէին ընդունել այլ կողմերի դերակատարութիւնը:
Երկար տարիներ Ռուսաստանը նման մօտեցում է ցուցաբերել Կովկասում։ Երկրորդ Ղարաբաղեան պատերազմից յետոյ Թուրքիան հետեւեց այս մոդելին։
Այս մօտեցման արդիւնքը բերել է որոշ ռուսամէտ տարածաշրջանային բլոկների, ինչպիսին է Հաւաքական անվտանգութեան պայմանագիրը, կամ թուրքամէտների, ինչպիսին՝ Տրապիզոնի պայմանագիրն է։ Այս մենաշնորհային մոդելին բախւելով՝ Իրանն ու Եւրոպան ունեն ընդհանուր շահեր։ Իրանի համագործակցութիւնը Եւրասիական մաքսային միութեան հետ եւ Թեհրանի ներկայութիւնը TRACECA նախագծում, որը աջակցութիւն է ստանում Եւրոպական Միութեան կողմից, ցոյց են տալիս, որ Իրանը ողջունում է բազմակողմ համագործակցութիւնը տարածաշրջանում։