ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՓՈՐՁԵ՞Լ ՓՈՐՁՒԱԾԸ, ԹԷ՞ ԼԻՆԵԼ ԻՐԱՏԵՍ
Բանակցային գործընթացի հետ կապւած ո՞րն է լինելու ամերիկեան կողմի ընտրութիւնը

Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցութիւնները շարունակում են մնալ միջազգային քաղաքական իրադարձութիւնների կիզակէտում:
Օմանի միջնորդութեամբ կողմերի միջեւ հերթական՝ չորրորդ հանդիպումը նախատեսւած էր անց կացնել մայիսի 3-ին՝ Հռոմում: Սակայն հանդիպման նախօրէին Օմանի ԱԳ նախարարը յայտարարեց, որ այն հետաձգւում է «լոգիստիկ մի շարք խնդիրների» պատճառով, ինչն էլ աւելի թէժացրեց բանակցութիւնների ընթացքի եւ դրանց յաջող ելքի հնարաւորութեան հետ կապւած ենթադրութիւններն ու կանխատեսումները:
Անշուշտ, բոլորն էլ հասկանում են, որ բանակցութիւնների չորրորդ փուլի հետաձգումն իրականում պայմանաւորւած չէ «լոգիստիկ մի շարք խնդիրներով», այլեւ ակնյայտ է, որ բանկցային օրակարգի հետ կապւած կողմերի միջեւ կան մի շարք լուրջ տարաձայնութիւններ, որոնք այս պահի դրութեամբ արգելակել են բանակցային գործընթացը:
Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի կարեւոր խնդիրների.
Ա. Նախեւառաջ պէտք է նկատի ունենալ այն իրողութիւնը, որ նախագահ Թրամփն անկանխատեսելի անձնաւորութիւն է: Իր պաշտօնավարման առաջին շրջանի պէս, այժմ եւս նրա այդ ընդգծւած յատկանշի անմիջական ազդեցութիւնը նկատելի է կարդինալ նշանակութեան քաղաքական եւ տնտեսական խնդիրների հետ կապւած նրա դիրքորոշումների եւ որոշումների վրայ: Բացառութիւն չէ նաեւ Իրանի հետ բանակցութիւնների թեման, որի վրայ եւս որոշակիօրէն տարածական է Թրամփի այս վարքագծի ազդեցութիւնը:
Բ. Ի սկզբանէ ակնյայտ էր, որ Իրանի հետ բանակցութիւնների եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարաւոր համաձայնութեան վերաբերեալ, Թրամփի քաղաքական թիմի առանցքային դերակատարների միջեւ կայ լուրջ տարաձայնութիւններ, որի խորապատկերում պէտք է դիտարկել նաեւ նրա պաշտօնավարումից ընդամէնը 100 օր անց, Սպիտակ տան քաղաքական եւ անվտանգային թիմում նկատւող լուրջ փոփոխութիւններն ու տեղաշարժերը:
Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտօնից Մայք Ուոլցի հեռացումը պայմանաւորւած էր ոչ միայն նրա անւան շուրջ ստեղծւած սկանդալային միջադէպերով, այլեւ այն հանգամանքով, որ Իրանի խնդրի հետ կապւած նա կոշտ գծի ներկայացուցիչ էր եւ «Իրանի դէմ կոշտ գործողութիւնների» կողմնակիցը:
Գ. Երկու երկրների միջեւ բանակցութիւնների արգելակման գործում չպէտք է աչքաթող անել ԱՄՆ եւրոպական դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի տարբերւող դիրքորոշումը:
Բանն այն է, որ Իրանի խնդրի հետ կապւած, եւրոպական տրոյկան տրամագծօրէն այլ ընթացքի կողմնակից է, եւ ներկայ դրութեամբ, հիմնականում կենտրոնացած է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հակաիրանական բանաձեւրի յետկանչման մեխանիզմի ակտիւացման վրայ, որը նախատեսւած է 2015 թւականին Իրանի հետ ստորագրւած Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագրի փաստաթղթում:
Դ. Ոչ պակաս կարեւոր գործօն է նաեւ Իրանի հետ բանակցութիւնների հարցում Իսրայէլի կարծր դիրքորոշումը: Խնդիրը կայանում է նրանում, որ Իսրայէլը շարունակում է պնդել Իրանի միջուկային ծրագրի ամբողջական կազմաքանդման իր պահանջի վրայ, եւ ձգտում է Վաշինգտոնին ներքաշել Թեհրանի հետ ռազմական առճակատման աւանտիւրայի մէջ, այն դէպքում, երբ բանակցային գործընթացի անցեալ փուլերը վկայում են այն մասին, որ ամերիկացիների գլխաւոր բանագնացը եւ նրան ուղղեկցող խորհրդականների թիմը հիմնականում ձգտում են 2015 թւականի համաձայնագրի թարմացւած տարբերկի, ինչը գոնէ ժամանակաւորապէս կը կարգաւորի Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած խնդիրը:
Հաշւի առնելով վերը նշւած հանգամանքներն ակնյայտ է, որ բանակցային գործընթացի ապագայի հետ կապւած իրավիճակը չափազանց բարդ ու հակասական է: Խնդրի հանգուցալուծումը մեծապէս պայմանաւորւած է այն հանգամանքով, թէ ինչպէս կը վարւի ամերիկեան կողմը:
Կունենա՞ն արդեօք Թրամփը եւ նրա քաղաքական թիմն անհրաժեշտ իմաստութիւն անցեալի ձախողած եւ խիստ ծախսատար փորձերից դասեր քաղելու, եւ արդար, հաւասարակշռւած ու կայուն համաձայնութեան հասնելու համար, թէ՞ ոչ:
Պատասխանը երկար սպասեցնել չի տայ: Առաջիկայ օրերի զարգացումները ցոյց կը տան, թէ որն է լինելու Սպիտակ տան ընտրութիւնը: