ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. PANEM ET CIRCENSES

ՆԵՐՈՆԻ ՀՌՈՄԻՑ ՄԻՆՉ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հռոմի կայսր Ներոնը յայտնի էր որպէս կառավարիչ, որը հասարակութեան լայն զանգւածների ուշադրութիւնը շեղելու համար լայնամասշտաբ զանգւածային միջոցառումներ էր կազմակերպում ու անվճար սնունդ էր տրամադրում։

Այդ յայտնի քաղաքական-հոգեբանական մանիպուլեատիւ մարտավարութիւնը, որ Իւվենալիս պոէտի կողմից հռչակւեց՝ PANEM ET CIRCENSES («հաց եւ ցերեկոյթներ»), կոչւած էր ամբոխին հացով եւ զւարճանքներով բթացնելու միջոցով շեղելու իրական խնդիրներից, որոնք հէնց այդ նոյն ամբոխի համար կարող էին ունենալ կենսական եւ ճակատագրական նշանակութիւն։

Ներոնի օրօք, այս մանիպուլեատիւ մարտավարութիւնը որոշ ժամանակով թոյլ տւեց կայսրեր շահելու ամբոխի համկրանքը, սակայն երկարաժամկէտ կտրւածքով յանգեցրեց քաղաքական կոլապսի, սոցիալական ճգնաժամերի խորացման եւ կայսրութեան անկման նախանշանների։

Ճակատագրի հեգնանքով, Ներոնի մահից 1957 տարի անց, Հայաստանի ներկայ քաղաքական եւ անվտանգային ճգնաժամի ֆոնին, երբ երկրի ապագան ծայրայեղ անորոշ է, իսկ ինքնիշխանութիւնն ուղիղ սպառնալիքի տակ, երբ անդառնալի կորուստներն ու հնարաւոր բացասական փոփոխութիւնների հեռանկարները սպառնում են սասանել պետականութեան հիմքերը, ՀՀ գործող իշխանութիւններն ընտրել են Ներոնի՝ «հաց եւ ցերեկոյթներ» մարտավարութիւնը:

Այսօր, Հայաստանի վտանգւած ինքնիշխանութեան ու թուլացող անվտանգութեան պայմաններում, տեսնում ենք նոյնանման մի պատկեր, ինչ հին Հռոմում: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրւած անորոշ փաստաթղթի վտանգների, արտաքին ճնշումների աճի, կուտակւող սոցիալական եւ քաղաքական բնոյթի խնդիրների ու դժգոհութիւնների խորապատկերին, ՀՀ իշխանութիւնները զբաղւած են ՖԵՍՏԻՎԱՌՆԵՐ եւ անբովանդակ միջոցառումներ կազմակերպելու գործով, եւ յանձինս իշխանութեան թիւ 1 դէմքի գլուխ են գովում, թէ Արտաշատում կազմակերպւած վերջին CIRCENSE-ին ներկայ է եղել 20 հազար մարդ: Ակնյայտ է, որ «հաց եւ ցերեկոյթներ» բնոյթի, տեսքով «շողշողուն», իսկ բովանդակութեամբ՝ սնամէջ այս միջոցառումներն ունեն մանիպուլեացիոն յստակ նպատակ՝ բթացնել հանրային կարծիքը, շեղել ժողովրդական ուշադրութիւնն ու լռեցնել քաղաքական ընդդիմութիւնը։

Հաշւարկը յստակ է արւած, իսկ խաղադրոյքը ճիշտ է դրւած. PANEM ET CIRCENSES-ի ֆոնին հասարակութեան ստւար մի հատւածը կորցնում է իր քաղաքացիական ակտիւութիւնը, դադարում է տեսնել իրականութիւնը, տիրապետել իրավիճակին, եւ իշխանութիւնները ստանում են հնարաւորութիւն՝ խուսափելու հաշւետւութիւնից եւ պատասխանատւութիւնից։

Պատմութիւնը մեզ յուշում է, որ Ներոնի «հաց եւ ցերեկոյթներ» մարտավարութեան վրայ հիմնւած քաղաքականութիւնը յանգեցրեց Հռոմէկան կայսրութեան քաղաքական ու սոցիալական համակարգերի խարխլմանը, զանգւածային անտարբերութեանը, կայսրութեան քաղաքական, տնտեսական եւ ռազմական ապակայունացմանը, իսկ հետագայում՝ անկմանը։ Այդ նոյն քաղաքականութիւնը, որն այսօր կրկնւում է հայկական իրականութեան մէջ, չի կարող Հայաստանին եւ հայ ժողովրդին այլ բան բերել։

Հայկական հասարակութիւնն այսօր կանգնած է ճակատագրական ջրբաժանի առջեւ. կամ բթանալով եւ տրւելով «հաց եւ ցերեկոյթներ» մանիպուլեատիւ քաղաքականութեանը՝ վերջնականապէս կը կորցնի իր արժանապատւութիւնը, ինքնութիւնը, հայրենի պետականութիւնն ու ինքնիշխանութիւնը, կամ կը վերագտնի ինքն իրեն, կը վերածւի մի հասարակութեան, որն ունակ կը լինի շրջելու պետականութեան թաւալգլոր ընթացքը:

Հայկական հանրային միտքը պէտք է արթնանայ, գիտակցի իրավիճակի լրջութիւնն ու ձեռնարկի դրան համաչափ ու համարժէք քայլեր: Հակառակ դէպքում, պետականութիւնից, ինքնիշխանութիւնից եւ ազգային արժանապատւութիւնից մնալու են անհետացման դատապարտւած՝ օդում թռչող պղպճակներ:

Սա է իրականութիւնը, որն այսօր ՀՀ իշխանութիւնները փորձում են քօղարկել PANEM ET CIRCENSES տրամաբանութեամբ հրամցւող ՖԵՍՏԻՎԱՌՆԵՐՈՎ:

Related Articles

Back to top button