Բայրամովը պնդում է՝ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պէտք է կատարւի

«ԱԼԻՔ»-«ՀՀ Սահմանադրութեան մէջ ոչինչ չկայ այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,- Անթալիայում Բաքւի եւ Թբիլիսիի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը։
«Ընդհակառակը՝ մենք մեր մտահոգութիւններն ունենք Ադրբեջանի Սահմանադրութեան հետ կապւած, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետեւ համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրոյթ, որում ասւում է, որ կողմերից ոչ մէկը չի կարող վկայակոչել իր ներքին օրէնսդրութիւնը՝ սոյն համաձայնագիրը չկատարելն արդարացնելու համար»։
ՀՀ արտգործնախարարը յաւելել է, որ բոլոր հարցերին պատասխանելու, բոլոր հնարաւոր խոչընդոտներն ու մտահոգութիւնները յաղթահարելու ամենակարճ ճանապարհը խաղաղութեան համաձայնագրի ստորագրումն ու վաւերացումն է:
Բայրամովը կրկնել է Բաքւի դիրքորոշումը՝ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պէտք է կատարւի՝ լուծարւի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխւի ՀՀ Սահմանադրութիւնը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Լուրը հաղորդում է yerevan.today-ը: