Ճանապարհային աղմուկը կարող է ազդել մարմնի ճարպի բաշխման վրայ

Միւնխէնի համալսարանի գիտնականները պարզել են, որ երթեւեկութեան աղմուկի ազդեցութիւնը կապւած է մարմնի ճարպի աւելացման եւ նիւթափոխանակութեան խանգարումների ռիսկի բարձրացման հետ։ Այս մասին ասւում է Environment International (EnvInter) ամսագրում հրապարակւած յօդւածում։
Գիտնականներն այս եզրակացութեանն են հանգել Գերմանիայի կամաւորների ազգային խմբի աւելի քան 11 հազար ՄՌՏ սկանաւորման եւ մարմնի պատկերների վերլուծութեան արդիւնքում։ Պարզւել է, որ նոյնիսկ 53 դԲ սանիտարական շեմից ցածր աղմուկի մակարդակի դէպքում մարդկանց մօտ մաշկի տակ, ներքին օրգանների շուրջ եւ լեարդում ճարպի ծաւալի աճ է նկատւել։ Աղմուկի ազդեցութեան իւրաքանչիւր 10 դԲ-ով աճը ուղեկցւել է այս ցուցանիշների աճով ինչպէս տղամարդկանց, այնպէս էլ կանանց մօտ։
Նոյնիսկ հաշւի առնելով այնպիսի գործօններ, ինչպիսիք են օդի աղտոտւածութիւնը, կանաչապատումը, սոցիալական կարգավիճակը, քրոնիկ հիւանդութիւնները եւ կենսակերպը, աղմուկի եւ մարմնի ճարպի միջեւ կապը պահպանւել է։ Սա կարող է վկայել աղմուկի նիւթափոխանակութեան վրայ անմիջական ազդեցութեան մասին։
Հետազօտութեան հեղինակները բացատրում են, որ գիշերային աղմուկը խանգարում է քունը, ուժեղացնում սթրեսային ռեակցիաները եւ ազդում հորմոնալ հաւասարակշռութեան վրայ, ինչն էլ իր հերթին ազդում է ճարպի բաշխման վրայ մարմնում։ Նման փոփոխութիւնները կապւած են ճարպակալման, 2-րդ տիպի շաքարախտի, հիպերտոնիայի եւ ինսուլտի ռիսկի բարձրացման հետ։
Հաշւի առնելով ստացւած տւեալները՝ գիտնականները կոչ են անում տրանսպորտային աղմուկը դիտարկել որպէս հիւանդութիւնների կարեւոր ռիսկի գործօն եւ դրա վերահսկողութեան համար սահմանել աւելի խիստ չափանիշներ՝ նման օդի աղտոտւածութեան դէմ պայքարի միջոցառումներին։
news.am