Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բայրամով. «Քանի դեռ Հայաստանի Սահմանադրութիւն չի փոփոխւել, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն անհնար է»

«ԱԼԻՔ» – Քանի դեռ Հայաստանի Սահմանադրութիւն չի փոփոխւել, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն անհնար է. այս մասին թուրքական Անադոլու գործակալութեանը տւած հարցազրոյցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովը:

«2022 թւականի առաջին ամիսներին Հայաստանին ներկայացւել է խաղաղութեան պայմանագրի հինգ հիմնական կէտ, իսկ նոյն թւականի հոկտեմբերին սկսւել են քննարկումները երկու երկրների միջեւ։ Խաղաղութեան պայմանագրի առաջին նախագիծը կազմել է ադրբեջանական կողմը եւ ներկայացրել Հայաստանին։ Բանակցութիւնները տեւել են մօտ երկուսուկէս տարի։ Մէկ ամիս առաջ քննարկումներն աւարտւել են, տեքստի շուրջ համաձայնութիւն է ձեռք բերւել։ Կան կարեւոր հարցեր, որոնց պէտք է լուծել: Դրանցից ամենակարեւորը Հայաստանի Սահմանադրութեան մէջ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» (չակերտները՝ Tert.am) առկայութիւնն է։ Քանի դեռ այսպէս շարունակւում է, խաղաղութեան պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնն անհրաժեշտ է»,- ասել է ադրբեջանցի պաշտօնեան:

Բայրամովը յաւելել է, որ Ադրբեջանի մէկ այլ պայման է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարւայ ընթացքում «ոչ մի արդիւնքի չի հասել» (չակերտները՝ Tert.am)։ Ղարաբաղի հարցն արդէն «լուծւած» (չակերտները՝ Tert.am) է, եւ այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նոյնպէս դա ճանաչել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունէութիւնը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք յամառօրէն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում»,- ասել է նա:

Լուրը հաղորդում է tert.am-ը:

Related Articles

Back to top button