Տաւուշում պայքարը շարունակւում է
«ԱԼԻՔ» – Տաւուշում պայքարը շարունակւում է:
Երէկ, ողջ օրւայ ընթացքում քաղաքացիները շարունակել են փակ պահել Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, յստակ հասկացնելով, որ մարտական են տրամադրւած եւ շարունակելու են պայքարը մինչեւ վերջ:
Մի շարք քաղաքներից ու գիւղերից մեկնել են Տաւուշ
Մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը թելեգրամեան իր ալիքում տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք այլ քաղաքներից ու գիւղերից մարդիկ մեկնում են Տաւուշ. «Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիւանում են, ինչը ակնյայտօրէն առաջացրել է Նիկոլի աւազակախմբի խուճապը… Մի շարք քաղաքներից ու գիւղերից արդէն մեկնել են Տաւուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիւ վայրերում մարդիկ պատրաստ են հէնց իրենց տեղերում սկսել բողոքի գործողութիւններ՝ շարժումը տարածելով երկրով մէկ։ Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր յանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լաւ են հասկանում նաեւ ոստիկաններից շատերը եւ իրենց որոշ քայլերով ցոյց են տալիս, որ մեզ հետ են… »,- գրել է նա:
Ականազերծման աշխատանքներ են կատարւում. իշխանութիւնը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել
Երէկ, ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատւածում, Ոսկեպար եւ Բաղանիս գիւղի մօտակայ տարածքներում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
Աւելի վաղ, տեսանիւթ էր տարածւել համացանցում, որտեղ երեւում էր, թէ ոստիկաններն ինչպէս են պատ կազմել Ոսկեպարի Ս. Աստւածածին եկեղեցու շուրջ եւ արգելում են քաղաքացիներին մօտենալ Ոսկերպարի եկեղեցու թիկունքում գտնւող ճանապարհի ականազերծման ենթակայ հատւածին:
Այս կապակցութեամբ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արման Ղազարեանը, 1or.am-ի հետ զրոյցում ասել է. «Բնակիչներին ասում են, որ տարածքն ականապատ է, որ վտանգաւոր է, վախի մթնոլորտ են ստեղծում, որ նրանց չյաջողւի ականազերծւող վայրերին մօտենալ: Սադրելով եւ ճնշելով են փորձում իրենց անօրինական, հակասահմանադրական ծրագրերն իրականացնել»:
Բաւրայում փակւել է նաեւ ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը
Երէկ, Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բաւրա գիւղի միջպետական անցակէտում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշէնի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մէկը:
Այդկերպ, Շիրակի բնակիչներն իրենց աջակցութիւնն են յայտնել Տաւուշում պայքարող իրենց հայրենակիցներին:
Ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշաւ են ձեռնարկել Եկեղեցու դէմ
Տաւուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանութիւնների առանձին ներկայացուցիչներ եւ նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշաւ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնաւորի Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի նկատմամբ, ով հանդէս է գալիս հայրենիքի անվտանգութեան եւ իր թեմի հաւատաւոր զաւակների իրաւունքների պաշտպանութեան մտահոգութեամբ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգը:
«Յորդորում ենք դադարեցնել անվայել եւ պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխութիւն եւ ատելութիւն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրաւող մեր հասարակութեան մէջ»,- ասւած է յայտարարութիւնում: