ՄիջազգայինՔաղաքական

Ինչո՞ւ Ադրբեջանում անցկացւած կլիմայական համաժողովը չարդարացրեց սպասելիքները

ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը գրեթէ աւարտւեց լիակատար ձախողմամբ. յատկացւած երկու շաբաթը բաւարար չեղաւ համաձայնութեան հասնելու համար, եւ գրեթէ 200 երկրների պատւիրակներ եւս երկու օր եւ երկու գիշեր անցկացրին բանակցութիւնների սենեակներում, որտեղից նրանք դուրս եկան ուժասպառ եւ զայրացած: Արդիւնքում կիրակի գիշերը փոխզիջում է գտնւել, սակայն գրեթէ բոլորը դժգոհ են մնացել։

Զարգացած տէրութիւնները խոստացել են մինչեւ 2035 թւականը եռապատկել աղքատ երկրներին փոխհատուցումը մինչեւ 300 միլիարդ դոլար, սակայն քչերն են այդ գումարից խանդավառւել:

Արեւմտեան քաղաքական գործիչների համար կլիմայական ճգնաժամի դէմ պայքարի ծախսերի աճը խոստանում է ընտրական խնդիրներ տանը, քանի որ վերջին տարիներին տնային տնտեսութիւնների եկամուտներն ու գանձապետարանը խարխլւել են յետքովիդային գնաճի, ինչպէս նաեւ էներգետիկ ճգնաժամի եւ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդիւնքում: ԱՄՆ-ում կլիմայական նիհիլիստ Դոնալդ Թրամփի յաղթանակը «կանաչ» օրակարգի նկատմամբ արեւմտեան ընտրողների վերաբերմունքի վառ օրինակ է։

Զարգացող երկրները դժգոհ են նաեւ 300 միլիարդի չափից։ Նախ, նրանք տարեկան աւելի քան 1 տրիլիոն դոլար էին ակնկալում: Եւ երկրորդ՝ Արեւմուտքը գրեթէ մէկ տասնամեակ ուշացումով կատարեց տարեկան 100 միլիարդ յատկացնելու իր նախկին խոստումները, եւ այս անգամ կասկածներ կան, որ զարգացած երկրները ժամանակին եւ լիովին վճարելու փող կը ճարեն։

«Ոչ մի երկիր չստացաւ այն ամենը, ինչ ցանկանում էր, եւ մենք Բաքւից հեռանում ենք լիքը անելիքներով»,- համաժողովն ամփոփել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային կոնւենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը: «Հիմա յաղթանակի ռազմազեկոյցների ժամանակը չէ, մենք պէտք է թեւերը քշտենք եւ COP30-ի համար կրկնապատկենք մեր ջանքերը»:

2015 թւականին Փարիզում COP21-ի համանման համաժողովում ստորագրւել է կլիմայի փոփոխութեան դէմ պայքարի ուղենիշային համաձայնագիր: Այդ ժամանակ աշխարհի բոլոր երկրները համաձայնեցին նւազեցնել արտանետումները եւ որոշեցին, որ զարգացած երկրները կը վճարեն զարգացող երկրներին մաքուր ապագայի անցնելու համար, քանի որ հէնց նրանք են հարստացել արդիւնաբերական յեղափոխութեան ժամանակ, որի պատճառով գլոբալ տաքացումն արագացել է։

Իսկ թէ կոնկրետ որքան վճարել պէտք է որոշւէր մէկ տասնամեակի ընթացքում՝ մինչեւ 2025 թւականը։ Ուստի փոխհատուցման հարցը դարձաւ Ադրբեջանում անցկացւած COP29 համաժողովի գլխաւոր խնդիրը։

Առ այսօր զարգացած երկրները տարեկան 100 միլիարդ դոլարի «կլիմայական փոխհատուցում» են խոստացել: Զարգացող երկրները տարեկան մինչեւ 1,3 տրիլիոն դոլար էին պահանջում:

Ուրբաթ՝ երկշաբաթեայ համաժողովի վերջին օրը, ամփոփիչ կոմիւնիկէի նախագիծը թւի փոխարէն «X» էր նշւած։ Այնուհետեւ յայտնւեց 250 միլիարդ ԱՄՆ դոլար գումար։ Երկու օր անց յաւելեալ վիճաբանութիւններից յետոյ այդ գումարն աճեց՝ հասնելով 300 միլիարդ դոլարի:

Ոչ պակաս վիճելի էին ապագա գործարքի մանրամասները, մասնաւորապէս՝ որ միջոցներից են յատկացւելու գումարները եւ զարգացող որ երկրները կարող են յաւակնել փոխհատուցում ստանալը։

Զարգացող երկրների կատեգորիայի թւին է դասւում նաեւ Չինաստանը՝ ԱՄՆ-ից յետոյ աշխարհում երկրորդ տնտեսութիւն ունեցող պետութիւնը, եւ հարուստ նաւթային տերութիւնը՝ Սաուդեան Արաբիան: Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի աղքատ երկրները դա անարդար են համարում:

BBC

Related Articles

Back to top button