Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հնարաւորինս մեծացնել ջանքերը Բաքւում պահւող հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ՝ ընդգծելով նաեւ Հայաստանի կառավարութեան մտահոգիչ անգործութիւնը

«ԱԼԻՔ» – «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը հաւաքւել էր շաբաթ (մարտի 8-ին, ԽՄԲ.) Երեւանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում յանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները եւ պլանաւորել ծրագրային հետագայ քայլերը։ Բացի այդ, յանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցի եւ ԱԺ պատգամաւորների հետ։

Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանւած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի ապահովումը, Բաքւի բանտերում ապօրինաբար պահւող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան եւ ունեցւածքի պաշտպանութիւնը։

Ստեղծման օրւանից յանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանւած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի ապահովմանը։ Այն աշխատել է Բաքւի բանտերում ապօրինաբար պահւող հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ, ինչպէս նաեւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան եւ ունեցւածքի պաշտպանութեան ապահովման նպատակով։

Վերջին տարւայ ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցութեան արդիւնքում աճել է աջակցութիւնը վերադարձի իրաւունքին։ Տեղահանւած ժողովուրդների վերադարձի իրաւունքը ամրագրող միջազգային իրաւական եւ դիւանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը լրացուցիչ ամրապնդւել է ՄԱԿ-ի Արդարատադութեան միջազգային դատարանի 2023 թւականի նոյեմբերի 17-ի որոշմամբ եւ Եւրոպական խորհրդարանի 2024 թւականի մարտի 12-ի եւ հոկտեմբերի 25-ի բանաձեւերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրաւունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ։

Աւելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հրապարակայնօրէն աջակցել են վերադարձի իրաւունքին։ Վերջերս Շւէյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրաււել երկխօսութեան մէջ։ Նմանատիպ մի քանի բանաձեւեր քննարկւում են եւրոպական մայրաքաղաքներում եւ ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնութեան մասին եւ հիմքեր ստեղծում հետագայ շարունակական աշխատանքների համար։

Հիմնւելով առկայ ձեռքբերումների վրայ՝ յանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկայ ամիսներին այն մասնակցութիւն կունենայ Վաշինգտոնում, Բրիւսէլում, Ժնեւում եւ այլ քաղաքներում կազմակերպւելիք միջոցառումներին, ինչպէս նաեւ կունենայ բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտւած են ձեւաւորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիւանագիտական մթնոլորտ։

Յանձնախումբը նաեւ որոշեց հնարաւորինս մեծացնել ջանքերը Բաքւում պահւող հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ՝ ընդգծելով նաեւ Հայաստանի կառավարութեան մտահոգիչ անգործութիւնը։ Յանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ յատկապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխաւոր դերակատարութիւն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Յանձնախումբը մնում է անսասան իր առաքելութեան մէջ՝ ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների ճանաչումը եւ պաշտպանութիւնը։ Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառեալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող կազմակերպութիւնները, որպէսզի հասնի արդարութեան եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած կոնկրետ քայլերի։

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբ

Related Articles

Back to top button