Բաքուն, 907-րդ լրացումը եւ Վաշինգտոնի նոր հաշւարկները Կովկասում

907-րդ լրացման ամբողջական չեղարկման շուրջ ԱՄՆ Կոնգրեսում աշխուժացող նախաձեռնութիւնները միայն ամերիկա-ադրբեջանական յարաբերութիւնների կամ Ադրբեջանի նկատմամբ ամերիկեան օգնութեան սահմանափակումների հարց ներկայացնելը բաւարար չէ։ Հարցը պէտք է դիտարկել Հարաւային Կովկասում Վաշինգտոնի ձեւաւորած նոր աշխարհաքաղաքական հաշւարկների համատեքստում, որտեղ Բաքուն գնալով աւելի մեծ դեր է ստանում էներգետիկայի, տարանցման եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների ծրագրերում։
907-րդ լրացումը «Ազատութեան աջակցութեան ակտի» այն դրոյթն է, որը 1992 թւականից սահմանափակում է Ադրբեջանին ամերիկեան ուղղակի օգնութիւնը։ Սակայն դրա կիրառումը տարիներ շարունակ ժամանակաւորապէս կասեցւել է ԱՄՆ նախագահների որոշումներով։ 2025 թւականի օգոստոսին Դոնալդ Թրամփը եւս երկարաձգեց այդ հրաժարումը՝ Ադրբեջանի ռազմավարական նշանակութիւնը տարածաշրջանային անվտանգութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի շրջանակում հիմնաւորելով։
Tasnim-ն այս քաղաքականութիւնը դիտարկում է Վաշինգտոնի աւելի լայն՝ «գործիքային» մօտեցման շրջանակում։ Հրապարակման համաձայն՝ Հարաւային Կովկասը վերածւել է տրանսպորտային եւ աշխարհաքաղաքական առանցքային հանգոյցի, իսկ Ադրբեջանի նշանակութիւնը ԱՄՆ-ի համար մեծացել է՝ յատկապէս «Միջին միջանցքի» զարգացման պայմաններում։
Այստեղ կարեւոր է նաեւ այն, թէ ինչպէս է նոյն նիւթում ներկայացւում հայկական գործօնը։ Tasnim-ի հրապարակման մէջ 907-րդ լրացման ամբողջական վերացմանը խոչընդոտող գործօնների շարքում անդրադարձ է կատարւում Հայ Դատի գրասենեակի ազդեցութեանը։ Հրապարակման տրամաբանութեան մէջ այդ ազդեցութիւնը ներկայացւում է որպէս այն հանգամանքը, որը բարդացնում է 907-րդի վերացումը եւ ամերիկա-ադրբեջանական յարաբերութիւնների ընդլայնումը։
Սակայն Թասնիմի ձեւակերպումների եւ նախընտրած մօտեցման մէջ կայ կարեւոր ենթատեքստ. հայկական շահերի պաշտպանութիւնը ներկայացւել է որպէս տարածաշրջանային «խաղաղութեան գործընթացին» կամ հաղորդակցային նոր ծրագրերին խոչընդոտող գործօն։ Սա այն դէպքում ,երբ 907-րդ լրացման պատմութիւնը նման պարզ հակադրութեան չի հանգում։ Լրացումը ստեղծւել է Ադրբեջանի նկատմամբ ամերիկեան քաղաքականութեան մէջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտութեան, Ադրբեջանի շրջափակման քաղաքականութեան եւ ռազմական գործողութիւնների համատեքստում, իսկ դրա ժամանակաւոր կասեցումները չեն վերացնում այն հարցը, թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ Բաքւին տրամադրւող ամերիկեան անվտանգային աջակցութեան ընդլայնումը։
Այս հանգամանքը կարեւոր է նաեւ Իրանի տեսանկիւնից։ 907-րդի սահմանափակումների վերացումը կամ դրա կիրառման հետագայ թուլացումը կարող է աւելի լայն նշանակութիւն ստանալ, եթէ այն զուգորդւի Ադրբեջանի ռազմական կարողութիւնների ընդլայնման, տարածաշրջանային տարանցիկ նախագծերի եւ Թուրքիայի հետ կապերի խորացման հետ։ Ուստի Ադրբեջանի վերազինման եւ ամերիկեան անվտանգային աջակցութեան ճանապարհին առկայ սահմանափակումների վերացումը միայն Երեւան-Բաքու յարաբերութիւնների հարց չէ. այն կարող է առնչւել նաեւ Իրանի հիւսիսային սահմանների անվտանգութեան եւ տարածաշրջանային հաղորդակցութիւնների նկատմամբ Թեհրանի ռազմավարական շահերին։
Այս համատեքստում յատկանշական է Tasnim-ի հրապարակման մէջ ներկայացւող այն տեսակէտը, թէ Վաշինգտոնի հետաքրքրութիւնը Բաքւի նկատմամբ պայմանաւորւած է ոչ այնքան Ադրբեջանի տնտեսական կարիքներով, որքան ամերիկեան սեփական ռազմավարական հաշւարկներով։ Հրապարակման մէջ Եւրասիայի հարցերով փորձագէտ եւ Ուզբեկստանի Ամերիկեան Վեբսթեր համալսարանի դասախօս Ռոշան Էբրահիմովը նշում է, որ 907-րդի տարեկան կասեցումներն սկզբնապէս կապւած էին նաեւ Ադրբեջանի՝ Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի լոգիստիկ կարիքներին ցուցաբերած աջակցութեան հետ։
Նոյն հրապարակման մէջ Էբրահիմովը նաեւ անդրադառնում է 907-րդի ամբողջական վերացմանը Կոնգրեսում առկայ դժւարութիւններին եւ հայկական լոբբիի ազդեցութեանը։ Այս գնահատականները, սակայն, ներկայացնում են հրապարակման եւ հարցազրոյցի մասնակիցների դիրքորոշումը, ինչը զարմանալիօրէն Թասնիմը դարձրել է հրապարակման տրամաբանական գիծը, եւ չի կարող ինքնին հիմք ծառայել այն եզրակացութեան համար, թէ Հայ Դատի աշխատանքները հակասում են խաղաղութեան կամ տարածաշրջանային համագործակցութեան նպատակներին։
Արձանագրենք, որ աւելի ուշադիր դիտարկելու պարագայում պատկերն այլ է. 907-րդի շուրջ ընթացող բանավէճը միաժամանակ բացում է Վաշինգտոնի, Բաքւի եւ Անկարայի՝ Կովկասի հաղորդակցային եւ աշխարհաքաղաքական վերադասաւորումների նկատմամբ ունեցած շահերը։ Իսկ դրանց մէջ Հայաստանի եւ Իրանի շահերի տեղը անորոշութեան մէջ է։
Հետեւաբար, 907-րդ լրացման վերացման նախաձեռնութիւնները Հայ Դատի տեսանկիւնից միայն մէկ յօդւածի հիման վրայ գնահատելը վաղաժամ է։ Սակայն այս հրապարակումները կարեւոր են մէկ այլ պատճառով. դրանք ցոյց են տալիս, թէ Բաքւի նկատմամբ ամերիկեան մօտեցման փոփոխութիւնը ինչպիսի քաղաքական շրջանակի մէջ է ներկայացւում՝ «Միջին միջանցք», էներգետիկ անվտանգութիւն, տարածաշրջանային տարանցում եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերակատարութեան ընդլայնում։ Այդ օրակարգը հայկական շահերի համար առանձին ուսումնասիրութեան, իսկ Իրանի համար՝ առանձին ռազմավարական գնահատականի կարիք ունի։



